ՀՅԴ-ն հերքել է

13/02/2008

ՀՅԴ ԳՄ լրատվական ծառայությունը երեկ հերքել է նույն օրը տարածված հայտարարությունը, թե ՀՅԴ թվով հինգ անդամներ որոշել են սատարել ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը: «Որոշ լրատվական գործակալություններ տեղեկատվություն էին ստացել որ, իբրեւ թե, Արագածոտնի մարզի Աշտարակի շրջանի ՀՅԴ-ական ազատամարտիկներ Գարուշ Արասխանյանը, Մանվել Ավետիսյանը եւ Կորյուն Մալխասյանը հայտարարություն են արել նախագահական ընտրություններում Լ.Տեր-Պետրոսյանին աջակցելու մասին: ՀՅԴ Արագածոտնի մարզի մարզային կոմիտեից Համբարձում Կարապետյանը մեզ հայտնել է, որ տեղի ՀՅԴ «Սասունիկ» խմբի խմբապետ Գագիկ Խաչատրյանի հետ իրենք պարզել են, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: ՀՅԴ մարզային կոմիտեից վստահեցրին, որ նշված անձինք նման հայտարարությամբ հանդես չեն եկել: Գ. Արասխանյանը, Մ. Ավետիսյանը եւ Կ. Մալխասյանը հերքում են տարածված լուրը եւ հայտարարում, որ իրենք չէին կարող նման հայտարարությամբ հանդես գալ, քանի որ ՀՅԴ-ականներ են եւ սատարում են Վահան Հովհաննիսյանին»: ՀՅԴ մեր աղբյուրների փոխանցմամբ` «որոշ ուժեր» այս կեղծ հայտարարությունը տարածել են ՀՅԴ-ական Կ. Մալխասյանի անունից, ով նախկին ՀՅԴ-ական Վարդան Մալխասյանի ազգականն է: