«Ով էլ ընտրվի ՀՀ նախագահ, ես նրա հետ չեմ համաձայնի աշխատել»,- երեկ Տնտեսական լրագրողների ակումբում հայտարարեց ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը: Նա նաեւ ասաց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք տարբեր պաշտոններ է զբաղեցրել, քանի որ աշխատել է իր թիմի հետ: Իսկ ներկայումս թեկնածուների մոտ ինքը ձեւավորված թիմ չի տեսնում, դրա համար էլ նրանց հետ աշխատել չի ցանկանում: ՀՀ նախագահի բոլոր թեկնածուների պես, Վ. Մանուկյանն էլ խորապես համոզված է, որ անցնելու է 2-րդ փուլ: ԱԺՄ նախագահը երեկ չքննադատեց նախորդ եւ ներկա իշխանություններին, բայց ասաց, որ «մենք ունեցել ենք 2 սարսափելի վատ իշխանություն»: Եվ, որ պետք չէ ընտրություն կատարել 2 վատերի մեջ: Պետք է միանգամայն նոր նախագահ ընտրել: Իսկ ընդհանուր առմամբ երեկ նա խոսեց հիմնականում տնտեսական թեմաներից: Մանրամասն ներկայացրեց իր նախընտրական ծրագրի դրույթները եւ այն կարեւոր պայմանները, որոնք դուրս էին մնացել ծրագրից: Վ. Մանուկյանն անդրադարձավ տնտեսության տարբեր ոլորտներին, ՀՀ-ում գոյություն ունեցող արատավոր երեւույթներին, սակայն իր ասելիքը կենտրոնացրեց փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման վրա: Նրա դիտարկմամբ, պետք է զարգացնել փոքր արտադրությունները, անուհետեւ շուկայի ընդլայնմանը զուգահեռ՝ ստեղծել խոշոր ձեռնարկություններ: Ըստ նրա՝ անցած տարի փոքր եւ միջին բիզնեսի ոլորտը մեծ հարված ստացավ «Պարզեցված հարկի մասին» օրենքում կատարված փոփոխության պատճառով: «Փոքր եւ միջին բիզնեսն ամբողջ աշխարհում տալիս է 40-70 տոկոս աշխատատեղեր: Եվ եթե մեկն իր ծրագրում գրել է, որ բացելու է աշխատատեղեր, պիտի ասի, որ զարգացնելու է փոքր եւ միջին բիզնեսը: Ես կարող եմ ասել, որ «Պարզեցված հարկի մասին» օրենքը վերջին տարիներին նպաստեց փոքր բիզնեսի բուռն զարգացմանը: Այն մի քանի առավելություն էր տալիս. նախ՝ փոքր էին հարկային մուծումները, ինչը հնարավորություն էր տալիս տնտեսած գումարն օգտագործել բիզնեսի զարգացման համար: Այս օրենքի դեպքում կաշառակերության հնարավորությունը շատ փոքր էր: Այս հարկատեսակով աշխատող ընկերությունները նույնիսկ հաշվապահ չէին պահում: Բայց ՀՀ-ում փոքր եւ միջին բիզնեսը 2007թ. հուլիսի 3-ին ստացավ մեծ հարված: Օրենքի փոփոխությունից հետո պարզեցված հարկով կարող են աշխատել միայն կոշիկ վերանորոգող կրպակներն ու նման տիպի մի քանի այլ ոլորտներ»,- ասում է Վ. Մանուկյանը:
Նա իր ծրագրում առաջարկում է ոչ միայն վերականգնել պարզեցված հարկը, այլեւ ավելացնել հարկման շեմը: Եթե առաջ պարզեցված հարկատեսակով էին աշխատում տարեկան մինչեւ 50 մլն դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտները, ապա նախագահի այս թեկնածուն առաջարկում է այդ շեմը հասցնել մինչեւ 100 մլն դրամի: Վ. Մանուկյանը ՀՀ տնտեսությունը բաժանում է 2 մասի՝ փոքր ու միջին բիզնեսը եւ խոշոր օլիգարխիկ տնտեսությունը, որը սերտաճել է իշխանություններին, չի ենթարկվում պետությանն ու տնտեսական օրենքներին: Նրա կարծիքով, ՀՀ օլիգարխները թեպետ հարստանում եւ փող են կուտակում, սակայն չեն կարողանում միջազգային շուկաներում տեղ զբաղեցնել, քանի որ չեն հասկացել այդ շուկայի «խաղի կանոնները»: Համեմատության համար նա բերում է ռուս մեծահարուստներ Միխայիլ Խոդորկովսկու, Բորիս Բերեզովսկու եւ Ռոման Աբրամովիչի օրինակները, ովքեր շատ արագ սերտաճել են համաշխարհային տնտեսությանը: «ՀՀ-ում այդպես չէ, այդ կարողություններն ու փորձը, ոչ էլ ձգտումն ունեն: Մյուս կողմից էլ՝ դրամի արժեւորումը բերում է նրան, որ դրսի հետ աշխատելը դառնում է ոչ շահավետ: Եվ ի՞նչ է ստացվում, գումարները կուտակվում են, դեպի դուրս ճանապարհ չունեն, որ զարգացնեն իրենց բիզնեսը, եւ այստեղ սկսում են հոշոտել փոքր եւ միջին բիզնեսը»,- ասում է Վ.Մանուկյանը:
Ըստ թեկնածուի՝ սխալ է ավելացված արժեքի 20 տոկոս հարկը գանձել սահմանի վրա, քանի որ գործարարները հարկ են վճարում դեռ ապրանքը Հայաստան չհասցրած ու չիրացրած: Ճիշտ է, այդպես հարկահավաքների համար հեշտ է, սակայն տուժում են գործարարները: Թեկնածուն իր ծրագրում կարեւորում է նաեւ մենաշնորհները մրցակցային բիզնեսով փոխարինելու հարցը: Նրա ասելով՝ դա միանգամայն իրագործելի կլինի, եթե գործեն տնտեսական օրենքները: Նա անդրադարձավ նաեւ կաշառակերությանն ու կոռուպցիային: Ճիշտ է, ինչպես ասում է Վ. Մանուկյանը, եվրոպական զարգացած երկրներում էլ այդ արատավոր երեւույթները գոյություն ունեն, սակայն ոչ այն չափերով, ինչպես մեր երկրում: Եվրոպայում տնտեսության ստվերային հատվածն էլ անհամեմատ ավելի քիչ է:
Իսկ ընդհանուր առմամբ Վ. Մանուկյանը կարծում է, որ Հայաստանի տնտեսության շարունակական զարգացման համար պետք է կատարվեն որոշակի քաղաքական փոփոխություններ՝ ուղղված ժողովրդավարության հաստատմանը: Նախագահի 9 թեկնածուների ծրագրերից ո՞րն է ավելի լավը ու ավելի իրական. այդ հարցին պարոն Մանուկյանն այսպես պատասխանեց. «Անկեղծ ասեմ` մերը: Ոչ թե՝ որ մերն է, այլ՝ մենք փորձել ենք գտնել տնտեսության հիվանդությունը, բուժման մեխանիզմները: Եթե մեզ հետ հսկայական ինստիտուտ աշխատեր, կարելի էր շատ ավելի գրագետ ծրագիր կազմել ու երեւույթներին ավելի մանրամասն անդրադառնալ»: