Կվերականգնվեն բնակիչների սեփականության իրավունքները

13/02/2008 Լուսինե ՍԱՐԳՍՅԱՆ

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ եւ կառավարության որոշմամբ՝ ՀՀ բոլոր այն քաղաքացիները, ովքեր տասնամյակներ շարունակ իրենց կողմից օգտագործվող գույքի նկատմամբ սեփականության իրավունք չունեին, այժմ ստանում են դրա հնարավորությունը:

Երեկ քաղաքապետարանում կայացած ճեպազրույցի ժամանակ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանն ամփոփել է 2007թ. կատարված աշխատանքները. «Երեւանի քաղաքապետարանի 2007թ. կատարած աշխատանքներում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի մասնակցությունն ակնհայտ է հատկապես վերջին շրջանի աշխատանքներում` ինչպես ծավալային, այնպես էլ՝ ժամկետային առումով, որովհետեւ առկա է վարչապետի մշտական վերահսկողությունն ու պահանջները: Դրանով էր պայմանավորված նաեւ այն հանգամանքը, որ ժամանակին կարողացանք ավարտել բոլոր աշխատանքները: Այն աշխատանքները, որոնք կկատարվեն համապատասխան ժամանակացույցում` շենքերի վերելակների վերանորոգում, կաթսայատների վերականգնման աշխատանքներ, ինչպես նաեւ՝ սեփականության իրավունքների վերականգնման կարեւորագույն ծրագրերը` դրանք ՀՀ վարչապետի անմիջական նախաձեռնությունը, աջակցությունը եւ հանձնարարությունն են»: Դեռեւս 2003թ. հաստատված Երեւանի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը կատարվել են 100%-ով: Երեկ քաղաքապետը տեղեկացրեց նաեւ, որ ՀՀ վարչապետ Ս. Սարգսյանի հանձնարարությամբ՝ մայրաքաղաքում իրականացվում են բնակչության համար առաջնային նշանակություն ունեցող սոցիալական երեք կարեւոր ծրագրեր: Դրանցից երկուսն առնչվում են քաղաքացիների` անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքների ճանաչմանը, իսկ մյուսը` բարոյապես եւ ֆիզիկապես մաշված վերելակային տնտեսության վերականգնմանը: Այդպիսով, ՀՀ այն բոլոր քաղաքացիները, ովքեր տարբեր պատճառներով իրենց կողմից տասնամյակներ շարունակ օգտագործվող գույքի նկատմամբ սեփականության իրավունք չունեին, այժմ, կառավարության որոշմամբ, ստանում են դրա հնարավորությունը: Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ` Երեւանի քաղաքապետարանում ժամանակացույց է կազմվել` մայրաքաղաքի առանձին թաղամասերում բնակիչների սեփականության իրավունքների վերականգնման համար: Համաձայն Երեւանի վարչական տարածքում քաղաքացիների կողմից մշտապես փաստացի զբաղեցրած շենք-շինությունների (եւ հողամասերի) իրավական հիմքերի ուսումնասիրության, դրանց հաշվառման, չափագրման եւ սեփականության իրավունքի վերականգնման աշխատանքների ժամանակացույցի` 2008թ. 1-ին եռամսյակում սեփականության իրավունք կստանան Ավան եւ Նորք-Մարաշ համայնքների բնակիչները, 2-րդ եռամսյակում` Կենտրոն, 3-րդ եռամսյակում` Շենգավիթ, 4-րդ եռամսյակում` Մալաթիա-Սեբաստիա համայնքների բնակիչները: Իսկ 2009թ. 1-ին եւ 2-րդ եռամսյակներում սեփականության իրավունք կստանան Էրեբունի, 3-րդ եռամսյակում` Աջափնյակ, Դավիթաշեն, Արաբկիր, իսկ 4-րդ եռամսյակում` Քանաքեռ-Զեյթուն, Նուբարաշեն համայնքների բնակիչները: Ե. Զախարյանը երեկ նաեւ ընդգծեց, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ` Երեւանի քաղաքապետարանում 2009թ. ճանաչվելու են նաեւ իրացման գոտի համարվող մի շարք տարածքներում ապրող քաղաքացիների սեփականության իրավունքները: Հետեւաբար, ՀՀ կառավարության որոշմամբ` հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման ենթակա տարածքներում քաղաքացիների կողմից տիրապետվող հողը եւ ինքնակամ կառույցներն օտարվելու են այդ քաղաքացիներին: Ըստ Ե. Զախարյանի` «2007թ. ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի անմիջական նախաձեռնությամբ ՀՀ կառավարությունը 3 մլրդ դրամ հատկացրեց մայրաքաղաքի վերելակային տնտեսության հիմնանորոգման նպատակով»: Այդ միջոցներով նախատեսվում է մայրաքաղաքում վերանորոգել 2464 վերելակ, որից 400-ն արդեն անցյալ տարի հիմնովին վերանորոգվել են: Վերելակային տնտեսության վերականգնման ծրագիրն ավարտին կհասցվի այս տարի:

Անդրադառնալով մայրաքաղաքի 3-րդ եւ 4-րդ աստիճանի վթարայնության շենքերի աշխատանքներին, Ե. Զախարյանը նշեց, որ այս տարի նախատեսվում է 3-րդ աստիճանի վթարայնության 10 շենք ամրացնել, իսկ 4-րդ աստիճանի վթարայնության շենքերի բնակիչներին բնակարաններ տրամադրելու նպատակով նախատեսվում է կառուցել երկու շենք: «Ի ուրախություն բոլորիս, պետք է ասեմ, որ 4-րդ աստիճանի վթարայնության շենքերի բնակիչների խնդիրն այս տարի ամբողջովին լուծում ենք եւ 2009 թվականին չենք ունենալու բնակելի այնպիսի շենք, որը կունենա 4-րդ աստիճանի վթարայնություն»,- վստահեցրեց Ե. Զախարյանը: Քաղաքապետարանը ծրագրել է 2008 թվին եւս 100 հա-ով ավելացնել Երեւանի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքները, որից 60 հա-ն կլինի Շենգավիթ համայնքում, իսկ մնացած 30 հա-ն` այլ համայնքներում: Այս տարի նախատեսվում է Կորյուն-Հերացի-Նալբանդյան-Չարենց փողոցների հատման տրանսպորտային հանգույցի վերակառուցման աշխատանքներն ավարտին հասցնել, ինչը Գետառի վերակառուցման աշխատանքների շարունակությունն է: Այս տարի կավարտվի «Այրարատ» կինոթատրոնի հարեւանությամբ գտնվող Տիգրան Մեծ եւ Խանջյան փողոցների շինարարությունը: Նաեւ նախատեսվում է ավարտել Գետառի կառուցապատման աշխատանքները, Ալեք Մանուկյան փողոցի եւ Գետառի հատման մասում` կամրջի վերակառուցման աշխատանքները եւ համապատասխան ստորգետնյա հետիոտն անցումները, ինչպես նաեւ՝ Հերացի, Ավետիսյան փողոցների վերակառուցման աշխատանքները: Ըստ Ե. Զախարյանի` Արշակունյաց պողոտայում վերգետնյա անցում է կառուցվելու: Այս տարի կավարտվեն նաեւ մայրաքաղաքի ոռոգման ցանցի եւ արտաքին լուսավորության աշխատանքները: