ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը երեկ լրագրողներին ներկայացրեց իր կողմից վաղուց խոստացված փաստաթուղթը, որը ստորագրելով` նախագահի բոլոր թեկնածուները ԼՂՀ հարցի շուրջ իրենց միասնական վերաբերմունքը ցույց կտան:
Փաստաթուղթը ստորագրելով` թեկնածուները պարտավորվում են.
ա) նպաստել բանակցային գործընթացների արդյունավետության բարձրացմանը` ապահովելով դրանցում արցախյան կողմի վճռորոշ մասնակցությունը, բ) հասնել ղարաբաղյան հակամարտության հիմնական զոհի` ադրբեջանահայության քաղաքական իրավունքների վերականգնմանը եւ կրած տնտեսական կորուստների փոխհատուցմանը:
Ըստ փաստաթղթի` թեկնածուները պետք է ընդունելի համարեն արցախյան հիմնախնդրի կարգավորման հետեւյալ տարբերակները` անկախ, ինքնիշխան պետություն կամ վերամիավորում Հայաստանի հետ:
Ա. Հարությունյանը փաստաթղթի պատճեններն ուղարկել է բոլոր թեկնածուներին, իսկ բնօրինակը, անձամբ ստորագրելուց հետո, նա թողեց «Փաստարկ» ակումբում, որպեսզի ցանկության եւ տեքստի հետ համաձայնության դեպքում, մյուս 8 թեկնածուները մինչ փետրվարի 13-ն իրենց ստորագրությամբ միանան: Ա. Հարությունյանը թեեւ կցանկանար, որ թեկնածուները միասին ստորագրեին այն, բայց, որպեսզի որեւէ մեկի ամբիցիան չվիրավորվի, կարող են առանձին-առանձին ստորագրել: Նա համոզված է, որ քարոզարշավի վերջին մի քանի օրը շատ անակնկալներ են սպասվում, որովհետեւ, ըստ նրա` շատ թեկնածուներ իրենց գզրոցներում ունեն գաղտնի քայլեր. «Գործընթացներն ավելի սրվելու են, եւ անակնկալներ են սպասվում նաեւ արդյունքների պահով: Համոզված եմ, որ քարոզարշավը կգնա ավելի սրացման` կոմպրոմատային տարբերակով, եւ այդ ժամանակ մեր հնարավորություններն ավելի կբարձրանան, քանի որ մենք, անկախ ամեն ինչից, պետականամետ ենք»:
Ա. Հարությունյանը երեկ հայտարարեց, որ 2 օր առաջ ինքը փակ համարով հեռախոսազանգ է ստացել: Զանգահարողը ներկայացել է՝ որպես ԱՍԱԼԱ-ի Վազգեն, ու ասել, որ թեկնածուի համար վատ է լինելու. «Ասում եմ՝ եթե դու ԱՍԱԼԱ-ից ես, ինչի՞ ես վախենում ու առանց համարի ես զանգում: Համարդ թող` հետ զանգեմ: Նա, բնականաբար, անջատեց հեռախոսը: Այսինքն, եթե մեր նկատմամբ կոմպրոմատ ունենար, ավելի շուտ դուրս կգար, որովհետեւ մենք ոչ միայն մեծ շանսեր ունենք, այլ շատ բաներով շատերին խանգարում ենք: Այո, իմ նկատմամբ սպառնալիք է հնչել, եւ ես պարզելու եմ, թե ով է եղել զանգողը: Հենց այնպես չեն տալիս ԱՍԱԼԱ-ի անունը, մենք բոլորս գիտենք, թե ինչ է նշանակում՝ ԱՍԱԼԱ: Բայց ես այն մարդկանցից եմ, որ չեմ վախեցել, երբ ներքին գործերի նախարարն էր Վանո Սիրադեղյանը, չեմ վախեցել բանտում նստած ժամանակ»: Բայցեւայնպես, թեկնածուն համոզված է, որ զանգողն ԱՍԱԼԱ-ից չի եղել. «ԱՍԱԼԱ-ի տղան երբեք առանց համարի հեռախոսով չէր զանգի: Բայց ակնարկը հասկանալի է: Ես ոչ ոքի չեմ ուզում մեղադրել, ուղղակի հետաքրքիր է, թե ով է եղել զանգողը: Ես չեմ ուզում այսօր որեւէ մեկին մեղադրել, կպարզվի` այդ համարն ո՞ւմն է, եւ, ես խոստանում եմ, որ կհայտարարեմ, թե ով էր զանգահարել»: Ա. Հարությունյանը չի բացառում, որ զանգը կարող է նախընտրական իր տեսահոլովակի (որում Ադրբեջանի դրոշի ցուցադրումը շատերի դժգոհության պատճառ է դարձել) եւ իր ելույթների հետ կապված լինել: Ա. Հարությունյանը նշեց, որ մի կին է զանգահարել իրեն ու դժգոհել դրանից: Թեկնածուն, սակայն, առաջարկում է այդ տեսահոլովակը ավելի ուշադիր նայել` առանց էմոցիաների. «Մեր տեսաերիզը, եթե ազդում է, ուրեմն նպատակին հասել է: Ես այդ կնոջը բացատրեցի, որ տեսաերիզով ուզում ենք ասել, որ տեսնում ենք վտանգը: Այսինքն, եթե Ղարաբաղի հարցում մենք միասնական չլինենք, ապա շատ լուրջ է լինելու Հայաստանի վիճակը: Այդ տեսաերիզով ուզում ենք ասել, որ կորցնելով Ղարաբաղը, մենք կորցնելու ենք նաեւ Հայաստանը: Մենք դա ենք ուզում ասել: Դա չի նշանակում, որ ես ֆինանսավորում եմ ստացել Ադրբեջանից կամ Թուրքիայից»: Ա. Հարությունյանն անդրադարձավ Լ.Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, որ ընտրելով իրեն` մարդիկ ընտրում են Վազգեն Սարգսյանին. «Վ.Սարգսյանի անունն է տալիս, թե նա իր կողքին է: Ոչ, Վ.Սարգսյանն իր կողքին չի: Այսօր կապ չունի, որ Արամ Սարգսյանը Լ.Տեր-Պետրոսյանի կողքին է, միեւնույն է, Վ. Սարգսյանը Լ.Տեր-Պետրոսյանի կողքին չի: 1998-ի իշխանափոխությունը կատարվել է հենց ԼՑՀ հարցի հետ կապված: Առաջին նախագահը երբ հրաժարական տվեց ու ասաց` հայտնի ուժերի ճնշման տակ է անում, մեկը չեղավ, որ ասի` Լեւոն, մի հեռացիր: Դա նշանակում էր, որ ժողովուրդը ԼՂՀ հարցում իր հետ չէր: Այսօր են «Լեւոն-Լեւոն» վանկարկում: Ի՞նչ է փոխվել, Վազգեն Սարգսյանը կենդանի չի՝ ոգեւորվե՞լ են: Արամ Սարգսյա՞նն է արտահայտում Վազգենի տեսակետը, կամ Ստեփան Դեմիրճյանը` Կարեն Դեմիրճյանի՞նը: Ոչ: Կապ չունի, որ նրանք նրանց ժառանգորդներն են: Քաղաքականությունը, քաղաքական իմիջը չի ժառանգվում: Լեւոնին ձայն տվողը Վազգեն Սարգսյանի՞ն է տալիս. ո՛չ»: