Թեկնածուներն անկեղծ չեն

13/02/2008 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Մի քանի օր անց պիտի ընտրություն անենք` նախագահի թեկնածուներից ընտրենք մեկին: Թեկնածուների քանակը տպավորիչ է` ինը, սակայն անգամ այս դեպքում կա ընտրողների մի մեծ խումբ, որը մինչ օրս չի կողմնորոշվել` ում օգտին է քվեարկելու: Ընդ որում, մարդիկ չեն կողմնորոշվել ոչ թե այն պատճառով, որ նրանց քաղաքացիական գիտակցությունը ցածր է, կամ բնույթով հեղհեղուկ են, այլ, որ ներկայացված եւ ոչ մի թեկնածու բավականաչափ համակրելի կամ նախապատվելի չէ: Դեռեւս չկողմնորոշվածներից մեկն էլ ԵՊՀ պրոֆեսոր, դատական փորձագետ, գրող, հոգեբան Էլդա Գրինն է:

– Տիկին Էլդա, քիչ ժամանակ է մնացել մինչ ընտրությունները, բայց Դուք դեռեւս չեք կողմնորոշվել` ում ընտրել: Սա՝ այն դեպքում, երբ թեկնածուներից յուրաքանչյուրի ով լինելը հայտնի է այնքանով, որ թույլ է տալիս որոշել` ում տալ նախապատվությունը, կամ նախապատվությունը որեւէ մեկի օգտին չտալ:

– Այո, դեռեւս չեմ կողմնորոշվել: Այսօր ստույգ չեմ կարող ասել` ում կընտրեմ: Դեռեւս կա ժամանակ, եւ ես անպայման ձայնս ինչ-որ մեկին կտամ: Գիտե՞ք, պետք է հասկանալ նրանց, ովքեր չեն կողմնորոշվել: Վերջին 20 տարիներին մեր ժողովուրդն այնքան տառապանքներ է տեսել, որ մեր ժողովրդի համբերության լիմիտը սպառվել է: Շատ կցանկանամ, որ մեր ապագա նախագահը լինի գիտուն, գրագետ: Ուզում եմ, որ մեր նախագահը լինի բարձր ինտելեկտով եւ անկեղծորեն սիրի ժողովրդին: Ի դեպ, մեր հասարակության մեջ կան նման արժանիքներով մարդիկ, որոնք, ցավոք, հարուստ չեն եւ չեն կարող իրենց թեկնածությունն առաջադրել: Իսկ մեզ մոտ ամենահարուստ մարդիկ, այդ օլիգարխները, հիմնականում կիսագրագետ են:

– Նախագահական ընտրություններին իրենց անձը` որպես երկրի նախագահ առաջարկելը մարդկանց ո՞ր խմբին է առավել բնորոշ:

– Մեր երկրի դեպքում` հատկապե՛ս, իրենց անձը նշված պատասխանատու պաշտոնին առաջարկած մարդիկ ինքնավստահ են եւ հստակ գիտակցում են, որ աթոռը մարդուն տալիս է հնարավորություն` օգտվել շատ ու շատ առավելություններից: Եթե կա աթոռ, աթոռի համար արդեն նախատեսված են որոշ առավելություններ` անկախ նրանից` ով է նստում այդ աթոռին: Վերցնենք ցանկացած հիմնարկի ղեկավարի աթոռը. դեռ հայտնի չէ` ով է նստելու այդ աթոռին, բայց գիտենք, որ նա կունենա քարտուղարուհի, կունենա մի քանի հեռախոսներ, կշփվի մարդկանց «էլիտար» շրջանակի հետ, այդ հիմնարկի համար նախատեսված բոլոր բարիքներից առաջինը կօգտվի ինքը, եւ այլն: Կա կարեւոր մի պահ. այդ մարդիկ չունեն սխալվելու վախ: Այն մարդիկ, որոնք սխալվելուց չեն վախենում, ունեն միտում իրենց սխալները չգիտակցել, սակայն փոխարենը՝ նկատել դիմացինի սխալները:

– Իսկ այն թեկնածունե՞րը, որոնք վստահ են, որ, ինչպես միշտ, այս անգամ էլ չեն հաղթելու:

– Ի դեպ, այն թեկնածուները, որոնք վստահ են, որ չեն անցնելու, բայց առաջադրել են իրենց թեկնածությունը, այդպիսով միայն մեծացնում են իրենց ինքնագնահատականը: Եթե անգամ 1 տոկոս ձայն հավաքեն, միեւնույն է, շատ չեն տխրի եւ հինգ տարի անց դարձյալ կառաջադրվեն: Այսօր մարդիկ ընդհանրապես քիչ են մտածում, կարծես իրենց թողել են բախտի քմահաճույքին` ինչ կլինի` կլինի:

– Այն, որ հայ ժողովուրդն ունի նախագահի ինը (ընդ որում, թեկնածուներից մի քանիսին չգրանցելու պայմաններում) թեկնածու, խոսում է այն մասին, որ մենք անհատականություններով հարո՞ւստ ազգ ենք, թե՞ առանց լուրջ հիմնավորման իրենց անձը գերագնահատող մարդկանց համախումբ:

– Մեր ազգը հարուստ է մարդկանցով, որոնք անպատճառ ցանկանում են պաշտոն ունենալ: Ուզում են ղեկավարել եւ սրտի խորքում չեն վախենում արած կամ արվելիք սխալներից, քանի որ գիտեն` բավական է նստել այդ աթոռին, եւ շատ բան իրենց կներվի: Սա է պատճառը, որ յուրաքանչյուր թեկնածու փորձում է ընդգծել մյուսների սխալները` թյուրիմացաբար կարծելով, թե այդպես ընդգծում է իր առավելությունները: Մենք ունեցել ենք երկու նախագահ. սկզբից` Տեր-Պետրոսյանը, հետո՝ Քոչարյանը: Եթե ուշադիր լինենք, նախորդները սրանց են անվանում ավազակներ, ներկաները` նախորդներին: Այս խեղճ ժողովուրդը գալիս է մի եզրակացության, որ անկախության բոլոր տարիներին մեր երկիրը ղեկավարել են ավազակները: Եվ նախկիններն ու ներկաները չեն խնայում ո՛չ միմյանց հեղինակությունը, ո՛չ պաշտոնը, ո՛չ անձնային գծերը. մեկը մյուսի վրա ցեխ է շպրտում, եւ իրենց թվում է` իրենք ավելի լավ են հասկացվում, ավելի շահեկան լույսի ներքո են երեւում: Երբ մեկ ուրիշին նեղացնում ես, բումերանգի օրենքով այդ ամենը վերադառնում է եւ ստիպում մարդկանց մտածել` մի՞թե ամեն ինչ անցյալում այդքան վատ էր, կամ մի՞թե ներկայում ամեն ինչ այդքան լավ է, եւ հակառակը: Կարծում եմ, այդ ինը թեկնածուներից բոլորը չէ, որ իրենց առաջադրմանը լուրջ են վերաբերվում: Ցանկանում են եւս մի անգամ երեւալ, եւ, ի՞նչ իմանաս` ի՞նչ կլինի:

– Գուցե այս անգամ բախտը ժպտա՞: Կարծում եք` այդքան նաի՞վ են:

– Գուցե նաիվ չեն: Նրանք հասարակությանն են ներկայացնում իրենց ծրագրերը, որոնք, հնարավոր է, եւ լուրջ են, եւ շատ լավ բաներ են խոստանում, բայց մարդիկ արդեն չեն հավատում: Օրինակ` օրերս մի աղջիկ զանգահարեց ինձ եւ ասաց, որ 100 մտավորականների շրջանում սոցհարցում են անցկացնում, եւ հետաքրքրվեց` հավատո՞ւմ եմ ես, որ Սերժ Սարգսյանը պատշաճ ուշադրություն կդարձնի մշակույթին: Ասացի` մինչեւ իմ աչքով չտեսնեմ, ոչ մի խոստման այլեւս չեմ հավատա: Բոլորն էլ լավ խոստումներ են տալիս, բայց կգերադասեի, որ թեկնածուների ծրագրերը լինեին ոչ այնքան ընդարձակ, որքան կոնկրետ եւ իրագործելի:

– Հոգեբանի, փորձագետի Ձեր աչքն ավելի մասնագիտորեն է տեսնում թեկնածուների թե՛ ժեստիկուլյացիայի, թե՛ արտահայտած մտքերի իսկական ուղերձը:

– Թեկնածուների միմիկան եւ շարժումները վկայում են, որ նրանք այնքան էլ անկեղծ չեն: Օրինակ, կան մարդիկ, որոնց հայացքը օրեցօր բթանում է: Գուցե իրենք էլ հոգնել են այս արշավից: Տեսնելով այդ հայացքը՝ կարո՞ղ ես մարդուն վստահել: Ո՛չ: Կա թեկնածու, որը քարոզարշավի ընթացքում ագրեսիվանում է: Կան թեկնածուներ, որոնք մի կարճ ժամանակ առաջ դեռեւս այնքան էլ ինքնավստահ չէին, բայց այսօր իրենց արդեն նախագահ են պատկերացնում: Դա միայն վանում է: Գիտե՞ք, երբ ինֆորմացիան ծով է եւ, դրան զուգահեռ, նաեւ իրարամերժ, մարդիկ սթրեսի մեջ են ընկնում, ինչը կարող է շատ վատ անդրադառնալ նրանց գործողությունների, քայլերի ազնվության, անգամ տրամաբանության վրա: Նրանք չգիտեն` ո՞ւմ հավատալ, ի՞նչ ընտրություն անել եւ, իրո՞ք, այն, ինչ ասվում է, այդքան սարսափելի է, քանի որ մեկը մյուսին չի խնայում: Օրերս մի ֆիզիոլոգի հանդիպեցի, ասում է` ես Պավլովի շների վիճակում եմ: Պավլովը երբ շների վրա փորձեր էր կատարում, տալիս էր այնքան բարդ խնդիրներ, որ շունը չէր կարողանում լուծել եւ խելագարվում էր` դառնալով անպիտան` անգամ փորձի համար: Այս օրերին ինձ անգամ հեռավոր մարզերից են զանգահարում եւ ասում, որ այս շրջանում մարդիկ վատ են քնում, հատկապես՝ հենց միացնում ենք հեռուստացույցը:

– Դուք խոսեցիք ժողովրդի սթրեսային վիճակից: Ինչ եք կարծում, այդ սթրեսից դուրս գալու որքանո՞վ արդյունավետ միջոց է սեփական անձը կամ ճակատագիրը բախտի քմահաճույքին հանձնելը, անլրջությունը, ընտրությունների ժամանակ խարդախություններին մասնակցելը, ընտրակաշառք վերցնելը եւ այլն: Սա պատասխան ռեակցիա՞ է, թե՞ ցածր գիտակցության ու թուլության նշան:

– Գիտեք, եթե մարդիկ իրենց հոգով ու սրտով համակրեին ինչ-որ մեկին, չեմ կարծում, թե ընտրակաշառք կվերցնեին: Չեմ կարծում, թե մեր ժողովուրդն այդ աստիճանի ծախու է: Երբ նա առանձնապես համակրանք չունի ոչ մեկի հանդեպ, մտածում է` որտեղ հաց՝ այնտեղ կաց: Այս դեպքում տեղին է հիշել «Շնից մազ պոկելու» մասին խոսքը: Հայտարարվում է, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ: Ովքե՞ր են պայքարողները: Ամենակոռումպացված չինովնիկները: Ծիծաղելի է: Եվ հետո, մեր հասարակությունը հեռանկար չի տեսնում: Չգիտենք` այս փողոցով, որ անցնում ենք, ո՞ւմ տարածքն է: Չգիտենք, վաղն ո՞վ կգնի այն շենքը կամ հողակտորը, որի վրա դու բնակվում ես, եւ քեզ դուրս կշպրտի քո տանից: Եվ ժողովուրդը չգիտի` ինչպե՞ս է ապրելու, քանի որ այն, ինչ տալիս է պետությունը, բավական չէ անգամ գոյությունը պահպանելու համար: Եվ, խնդրեմ, ունենք այն՝ ինչ ունենք: