Կապերը զարգացել են

13/02/2008

Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 29-րդ տարեդարձի առթիվ Հայաստանում ԻԻՀ դեսպանությունը երեկ ընդունելություն էր կազմակերպել, որին ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, ԱԳՆ նախարար Վարդան Օսկանյանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանը, ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը, ՀՀ-ում միջազգային կազմակերպությունների եւ օտարերկրյա դեսպանությունների ներկայացուցիչներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: ԻԻՀ դեսպանն իր ելույթում ասել է. «Իրանն այժմ կայուն պետություն է, նաեւ ամբողջ Մերձավոր Արեւելքի կայունության գրավականը: Իրանը ոչ միայն տարածաշրջանում, այլեւ ամբողջ աշխարհում խաղաղության, կայունության եւ միասնության մունետիկն է, եւ Իրանի ժողովուրդը բազմահազարանոց, մեծ հանրահավաքով իր աջակցությունը հայտնեց ԻԻՀ ղեկավարությանը»: Ս. Սաղայիանը նշել է, որ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարության սկզբից մինչեւ այժմ երկկողմ հարաբերություններն էլ ավելի են զարգացել: «Կայուն եւ զարգացող Հայաստանը կարող է Իրանի համար լինել շատ լավ, զարգացող հարեւան եւ բարեկամ պետություն: Հուսով եմ, որ Հայաստանի ժողովուրդը այս դժվար ժամանակաշրջանում` նախագահական ընտրությունների շեմին կկատարի իր լավ ընտրությունը, եւ Հայաստանի ժողովրդին ցանկանում եմ խաղաղություն, կայունություն եւ բարգավաճում»,- եզրափակել է Իրանի դեսպանը: «Այսօր տարածաշրջանում մենք նաեւ խորհրդանշում ենք երկու տարբեր ժողովուրդների եւ կրոնների համագոյակցությունը: Մենք ոչ միայն խորացնում ենք մեր երկկողմ հարաբերությունները, այլեւ միասին իրականացնում ենք ստրատեգիական նշանակություն ունեցող ծրագրեր, որոնք ոչ միայն օգտակար են Իրանի եւ Հայաստանի, այլեւ ողջ տարածաշրջանի համար: Այսօր Մեղրին դարձել է մեր երկու երկրների ծրագրերի հանդիպման կետը, կառուցվել է գազամուղ, ճանապարհ, եւ ես վստահ եմ, որ շուտով կլինի նաեւ նավթազտարանը, երկաթգիծը: Այնպես որ, մենք դեռ նոր ենք սկսում, եւ համոզված եմ, որ ապագա տասնամյակներում մեր երկու երկրները ծրագրերի շնորհիվ ավելի կինտեգրվեն»,- ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարը: