Պատահական չէ, որ Էնրիկե Վիլա Մատասը` արդի ամենաուշագրավ գրողներից մեկը, պաշտամունքային հեղինակ է դարձել ոչ միայն Իսպանիայում, այլեւ նրա սահմաններից դուրս, եւ արժանացել է մի շարք ազգային ու միջազգային հեղինակավոր մրցանակների, այդ թվում` Մեդիչիի մրցանակի, որը Եվրոպայում ամենահեղինակավորներից մեկն է: Վիլա Մատասի «տարօրինակ» պատմությունների տարօրինակ հերոսներն ապրում են մեզանում իրենց յուրահատուկ կյանքով, ապշեցնելով իրենց համարձակ եւ ինքնատիպ աշխարհայացքով:
«Ահա այսպիսի տարօրինակ կյանք» վեպը, որը հրատարակվել է «Ինոստրաննայա լիտերատուրա» ամսագրի «Իլյումինատոր» մատենաշարում 2005 թվականին` պատմություն է մի մարդու մասին, ով ընդվզում է ընտել ու հարմարավետ պայմանականությունների դեմ, մի մարդու մասին, ով ուզում է ինքնուրույն մնալ, գրել, ինչ որ գրվում է, եւ անմնացորդ սիրել իր երազանքի խենթուխելառ գեղեցկուհի կնոջը: Իսկ հերոսին օգնում են իրեն գտնել իրական «խռովարարները»`Սալվադոր Դալին եւ Գրեմ Գրինը, որ օրգանապես ներմուծված են պատումի հյուսվածքի մեջ: Սակայն, չնայած այդ ամենին, այստեղ նրա անունը քչերին է հայտնի: Վիլա Մատասի նոր հրատարակված գիրքը, որը լույս է ընծայվել նույն մատենաշարով` «Բարթլբին եւ շրջապատը», պատմություն է մի գրողի մասին, ով դադարել է ստեղծագործել եւ գրագիր է ծառայում: Նա ծեր է, կուզ, ողջ օրն անցկացնում է աշխատավայրում եւ պատրանքներ չի փայփայում: Ժամանակին նա սիրո անհնարինության մասին մի վեպ է հրատարակել, եւ դա իր միակ գրական երկն է: Նա օրագիր է գրում, որտեղ փորձում է պարզել, թե ինչու են գրողները դադարում ստեղծագործել: Իսկ գրելը թողել են` Հյոլդերլինը, Ռեմբոն, Ռոբերտ Վալզերը, Սելինջերը, Քիթսը, Խուան Ռուլֆոն, Բորխեսը, եւ շատ ուրիշներ:
Վիլա Մատասի հիասքանչ խաղացկուն ոճը վեպին առանձնահատուկ հմայք է հաղորդում եւ այն դարձնում թեթեւ ու հաճելի ընթերցման համար: Ընդհանուր առմամբ, մեր առջեւ ոչ թե վեպ է ավանդական առումով, այլ, ավելի շուտ, վեպի, գրականագիտական մենագրության եւ էսսեի արտասովոր համակցում: Քննելով գրողի հրաժարումը ստեղծագործելուց, հերոսը փորձում է հասկանալ ինքն իրեն, պարզել, թե ինչու է ինքը դադարել գրել: Հետզհետե նա հասնում է այն եզրահանգման, որ լռությունը նույնպես ստեղծագործելու կերպ է: Ինչպես գրել է իսպանացի գրականագետ Ռուբեն Դավիդ Գոնսալես Գալիեգոն, Վիլա Մատասը` Իսպանիայի ամենայուրօրինակ ու նշանակալից գրողներից մեկը, մի անգամ ասել է. «Չընթերցող մարդու գլուխը նման է դատարկ ձեղնահարկի»: Եթե հետեւենք հեղինակի տրամաբանությանը, ընթերցող մարդու գլուխն էլ լեցուն ձեղնահարկ է թվում: Աշխարհի բոլոր հարստությունները, մարդկության բոլոր գիտելիքները, իրականության եւ հնարանքի տեսանելի ու անտեսանելի գանձերն ինձ են պատկանում: Բավական է միայն աչքերդ գոցես եւ հիշես կարդացածդ:
Գրքի առանձին թեման է` լրտեսության գրավչությունը: Ընդունված է լրտեսներին քամահրել: Սակայն, ինչ արած, եթե մենք բոլորս ժամանակ առ ժամանակ լրտես ենք: Մենք հետեւում ենք գրքերի եւ կինոնկարների հերոսներին: Բայց մեզ, թերեւս, կարելի է ներել: Երբեմնակի ուրիշի կյանք հեռանալն այնքան էլ հանցագործություն չէ, եթե կանխապես որպես ճշմարտություն ընդունես այն փաստը, որ անհնար է մի քանի կյանք ապրել: Այդպես էլ ստիպված ենք լինում անընդհատ կարդալ՝ սեփական ձեղնահարկը լցնելով օտար կյանքերի հատվածներով: Վիլա Մատասը նրանց Բարթլբի է կոչում, ըստ Հերման Մելվիլի «Գրագիր Բարթլբին» պատմվածքի հերոսի, ում Բորխեսը համարում էր Կաֆկայի հերոսների նախորդներից մեկը, եւ, ով հայտնի էր այն բանով, որ ցանկացած խնդրանքի կամ առաջարկի պատասխանում էր. «Ես կգերադասեի հրաժարվել …»: Ահա մեջբերենք Վիլա Մատասի «Բարթլբին եւ շրջապատը» վեպից մի փոքրիկ հատված. «Մեզ բոլորիս ծանոթ են այդ Բարթլբիները` մարդկային էակներ, որոնց բնորոշ է աշխարհի լիովին ժխտումը: Իրենց մականունը նրանք ստացել են Հերման Մելվիլի համանուն պատմվածքից: Ոչ ոք երբեք չի տեսել, որ այդ գրագիրը որեւէ բան կարդա, թեկուզ թերթ: Նա, սովորաբար, կենում էր իր պղտոր ապակու մոտ` վարագույրների ետեւում, հայացքը հառած Ուոլլ սթրիթի խուլ աղյուսե պատին, նա երբեք ոչ գարեջուր էր խմում եւ ոչ էլ սուրճ, ինչպես մնացյալ մահկանացուները, երբեք որեւէ տեղ չէր գնում, քանի որ ապրում էր հենց այնտեղ, գրասենյակում, այնտեղ անցկացնելով նույնիսկ կիրակիները, երբեք ոչ մեկին չէր ասում, թե ով է ինքը, ծնունդով որտեղից է եւ ունի՞ արդյոք բարեկամներ այս երկրի երեսին, եւ երբ նրան հարցնում էի, թե որտեղ է նա ծնվել, կամ ինչ-որ գործ էին հանձնարարում, կամ խնդրում էին թեկուզ ինչ-որ բան պատմել իր մասին, նա մշտապես պատասխանում էր.
– Ես կգերադասեի հրաժարվել:
Ինձ վաղուց հետաքրքրում է այդ երեւույթն իր ողջ ընդգրկունությամբ, այսինքն՝ Բարթլբիի սինդրոմը գրականության մեջ, ես վաղուց հետազոտում եմ այդ հիվանդությունը, արդի բանագրության բնածին արատը` ինչ-որ բան անելու չկամությունը կամ ձգտումն առ ոչինչը: Արդյունքում որոշ ստեղծագործական անհատականություններ, թող որ եւ գեղագիտական պատասխանատվության մեծ զգացողությամբ օժտված (բայց հնարավոր է՝ հատկապես այդ պատճառով), այդպես էլ չեն սկսում գրել, ճիշտ է, պատահում է, որ նրանք մի երկու գիրք ստեղծում են, իսկ այնուհետեւ կտրականապես հրաժարվում են շարունակել, լինում է նաեւ, որ նրանք սկսում են բավական կայտառ գրել, եւ հանկարծ մի հրաշալի օր նրանց, համարյա թե տառացիորեն, խփում է կաթվածը` եւ արդեն ընդմիշտ»: