Ապրիլի 5-ին Գլենդելում տեղի ունեցան Քաղաքային խորհրդի եւ մյուս
քաղաքային իշխանությունների ընտրություններ, որոնք քիչ էր մնում սենսացիոն
դառնային:
Նախ ասեմ, որ Գլենդելի Քաղխորհուրդը բաղկացած է 5 անդամից, որոնցից 2-ը
մինչ այս ընտրությունները հայ էին՝ Բոբ Յուսեֆյան եւ Րաֆֆի Մանուկյան: Իսկ
սենսացիոնն այն էր, որ Քաղաքային խորհուրդը կարող էր դառնալ բացարձակապես
«հայկական», քանի որ նախընտրական արշավի ժամանակ հայերն առաջին տեղում
էին: Սակայն վերջին պահին առաջ անցան երկու այլազգի ներկայացուցիչներ,
քանի որ, ինչպես դա հաճախ է լինում մեզանում, հայ թեկնածուներից երկուսը,
որոնք քիչ ձայներ ունեին, չդադարեցրին ընտրապայքարն ու ձայներ խլեցին
մյուս թեկնածուներից: Այնուամենայնիվ, ընտրության արդյունքներում Խորհրդի
5 անդամներից 3-ը հայ են: Արա Նաջարյանն ու Բոբ Յուսեֆյանը զբաղեցնում են
City Council-ի պաշտոններ, իսկ City Clerk-ի(սա նույնպես կարեւոր պաշտոն
է) պաշտոն է զբաղեցնում Արտաշես Քասագյանը: Մի քանի թվեր ներկայացնենք:
Խորհրդի 3 թափուր տեղի համար պայքարում էր 19 թեկնածու, որոնցից 7-ը հայեր
էին: City Clerk-ի պաշտոնին հավակնող 9 հոգուց հայ էին 3-ը, իսկ School
District-ի պաշտոնին հավակնող 8-ից՝ 4-ը: Նշենք, որ վերջին պաշտոնին
նույնպես հայ ընտրվեց՝ Գրեգ Գրիգորյանը: Ընտրություններին մասնակցած
101.200 ընտրողներից 40.000-ը հայ էին. կարծում եմ՝ փաստը խոսուն է:
Ընտրություններին հետեւում ու դրանց ընթացքը լայնորեն լուսաբանում էին
տեղի ԶԼՄ-ները, մանավանդ հայկական: Ընտրության արդյունքներին հատկապես
սուր արձագանքեց հայկական հեռուստաալիքներից մեկի հաղորդավարը: Նա
քննադատեց մեր ընտրազանգվածի, նաեւ թեկնածուներից մի քանիսի
գործողությունները:
Գաղտնիք չէ, որ արդեն այսօր շատ այլազգիներ «ծուռ» են նայում բավականին
ունեւոր ու բարեկեցիկ հայերին, կարելի է ասել՝ անգամ նախանձով: Իսկ հիմա
էլ, պատկերացրեք, հայերը «գրավել են» քաղաքային իշխանությունները. կասեն
լատինոսները, աֆրոամերիկացիներն ու կորեացիները: Հիշենք, թե ինչ եղավ
Գերմանիայի հրեաների հետ, որոնց բարեկեցիկ լինելը շարժում էր
գերմանացիների նախանձը: Իհարկե, այսօրվա Ամերիկան Նացիստական Գերմանիան
չէ, բայց տհաճություններ կարող են լինել: Գուցե ես խտացնում եմ գույները,
բայց չեմ կարող կիսել այն հայերի վտանգավոր լավատեսությունը, որոնք
կեսկատակ-կեսլուրջ ասում էին, որ եթե Խորհրդի բոլոր անդամները հայեր
լինեին, կարելի էր հայոց Եռագույնը կախել Գլենդելի Քաղաքային խորհրդի
շենքի ճակատին:
Այսպիսով, նույնիսկ Գլենդելի նման բարեկեցիկ քաղաքում մեր հայրենակիցները
չկարողացան «աթոռները բաժանել», ինչից էլ օգտվեցին մյուս ազգությունների
ներկայացուցիչները: Ինչ վերաբերում է School District-ի ընտրություններին,
ապա գլենդելցիներն այստեղ էլ բաց թողեցին երկրորդ հայ պաշտոնյա ունենալու
հնարավորությունը, ինչը թույլ կտար անցկացնել օրինագիծ, որով Գլենդելի
ամերիկյան ֆեդերալ դպրոցներում կմտցվեր «հայոց լեզու» առարկան: Եվ այդ
օրինագիծը միանգամայն կարող էր օրենքի ուժ ստանալ, քանի որ այդ
դպրոցներում սովորողների գրեթե 30%-ը հայ երեխաներ են: