«Նպատակն ընտրությունները հարամելն է»

11/02/2008

ՀՀ նախագահի պաշտոնի համար պետք է պայքարել պատշաճ մակարդակով եւ զերծ մնալ փոխադարձ վիրավորանքներից: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Անդրադառնալով Արտաշատում Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպին` Ռ. Քոչարյանը նշել է, որ հանրահավաքների համար պատասխանատվությունն առաջին հերթին պետք է կրեն դրանց կազմակերպիչները: «Անկարելի է հանրահավաքի ժամանակ սադրել, հրահրել մարդկանց անկարգությունների: Ճիշտ չէ, թե իրավապահ մարմինները չեն միջամտել. Ոստիկանությունը միջամտել է հանրահավաքի մասնակիցների ներկայությամբ: Շատ բան կախված է հենց թեկնածուներից եւ նախընտրական շտաբներից. չի կարելի գնալ մի պաշտոնյայի ծննդավայր եւ այնտեղ փորձել նրան վարկաբեկել, վիրավորել,- ասել է Ռ. Քոչարյանը` ավելացնելով,- պետք է մտածել, որ հավաքվածների մեջ միշտ չէ, որ կարող են քո կողմնակիցները լինել: Ամեն մեկն ունի կողմնակիցները, բարեկամները, շրջապատը: Եթե դու պատրաստ ես մարդկանց անձնական վիրավորանք հասցնել, ապա պետք է նաեւ պատրաստ լինես, որ կարող է որեւէ մեկը նաեւ քեզ հակաճառել, եւ դա չի նշանակում, որ նրան պետք է ծեծել: …Շատ վատ է, որ այդ մշակույթի ձեւավորման ընթացքում հայտնվում են թեկնածուներ, որոնց նպատակն, իրենց բառերով ասած, ընտրությունները «հարամելն է»: Անդրադառնալով ՀՀ նախագահի ՕԵԿ թեկնածու Արթուր Բաղդասարյանի հայտարարությանը, թե իրեն ցանկանում են սպանել, Ռ. Քոչարյանը նշել է, որ առաջին հերթին Ոստիկանությունն է փորձել հանդիպել Ա. Բաղդասարյանին, եւ վերջինիս զբաղվածության պատճառով հանդիպումը ավելի ուշ է կայացել. «Անվտանգության ծառայությունից նրան առաջարկել են ապահովություն մինչեւ ընտրությունները»,- ասել է Ռ. Քոչարյանը` ավելացնելով, որ ամերիկահայ մի քաղաքացու կողմից նամակ է ստացվել, որում գրված է եղել, թե Ա. Բաղդասարյանը պետք է զգույշ լինի: Իսկ Մհեր Շահգելդյանի բջջային հեռախոսի վրա զանգահարել է անծանոթ մի մարդ եւ ասել, որ Ա. Բաղդասարյանը պետք է զգուշանա: «Տպավորությունս հետեւյալն է` պարզապես հանրահավաքի ժամանակ այդ բազմությունը տեսել է` հուզվել եւ որոշել է ինչ-որ յուրահատուկ բան ասել: Եվ հիմա այդ «օրիգինալ» հայտարարության տակից դժվար է դուրս գալ: Հասկանում եմ` լարված պայքար է գնում երկրորդ տեղի համար: Նման դեպքերում ոչ միայն Արթուր Բաղդասարյանին, այլեւ մյուս թեկնածուներին առաջարկում եմ մեկ-երկու օր հանգստանալ, հետո շարունակել պայքարը»,- ասել է Ռ. Քոչարյանը: Նա թեեւ ասել է, որ շատ դրական է վերաբերվում ՀՀ նախագահի թեկնածուներ Ա. Բաղդասարյանի եւ Լ. Տեր-Պետրոսյանի միավորմանը, բայցեւ համոզված է, որ Ա. Բաղդասարյանը միավորման դեպքում կկորցնի իր ընտրազանգվածի կեսը, որովհետեւ ՕԵԿ-ի զանգվածը կայունության ձգտող է: «Եվ չեմ կարծում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի չարացած ակտիվի հետ համադրելի է Արթուր Բաղդասարյանը, որը հանդես է գալիս «Նոր Հայաստան» կարգախոսով: Իսկ քանի՞ մարդ կգտնեք Հայաստանում, որ նոր Հայաստանը կպատկերացնի Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Շատ դժվար է լինելու ընտրազանգվածին բացատրել այդ քայլը»,- ավելացրել է Ռ. Քոչարյանը: Եվ, քանի որ հաճախ է խոսվում թեկնածուի կողմից վարչապետի պաշտոնի հնարավոր զբաղեցման մասին, Ռ. Քոչարյանը նկատել է, որ Սահմանադրությանը քիչ թե շատ ծանոթները գիտեն, որ վարչապետի պաշտոնը մոտակա 5 տարիների ընթացքում զբաղեցնելու են հանրապետականները: «Եթե այդ միավորումից վարչապետի պաշտոնի ակնկալիքներ ունեն, ապա դա հնարավոր չէ»,- ավելացրել է Ռ. Քոչարյանը: Ինչ վերաբերում է հոկտեմբերի 27-ի դեպքին, Ռ. Քոչարյանն ասել է, որ բոլոր մասնակիցները դատապարտված են եւ հիմնական կազմակերպիչը բանտում է` ողջ-առողջ: Նա անբարոյական է համարում նախընտրական քարոզարշավի ժամանակ հերոսների, ընկերների, բարեկամների հիշատակը շահարկելը: «Հատկապես Վազգեն Սարգսյանի անունը պետք է չտալ, որովհետեւ նա այն մարդն է, ով մեծ դերակատարություն ունեցավ 1998-ի իշխանափոխության ժամանակ եւ բավական լավ էր ճանաչում եւ իրեն, եւ ՀՀՇ-ի հնարքներին ու հմտություններին»,- ասել է Ռ. Քոչարյանը: