ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը` հակադարձելով ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումներից մեկում արտահայտած այն միտքը, թե` ընտրելով Սերժ Սարգսյանին, ժողովուրդն ընտրելու է Նաիրի Հունանյանին, երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է. «Հիշեցնեմ նրան, որ Հունանյան ոճրագործն իր իշխանության միջավայրի ու մթնոլորտի ծնունդն է: Ես նմանություն եմ տեսնում հոկտեմբերի 27-ի ԱԺ նիստերի դահլիճում խոսակցության այն բովանդակության հետ, որն այսօր արտահայտվում է առաջին նախագահի միջոցով: Չեմ կարծում` Լեւոնը, բայց ատելությունը կույր է»:
Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանի ասելով` ընդդիմությունն անցել է հայհոյանքներին, քանի որ գործադրում է իր «վերջին ակորդների վերջին ճիգերը»:
– Պարոն Սահակյան, եթե բոլոր` ամերիկյան, բրիտանական, տեղական ընկերությունների մակարդակով անցկացված սոցհարցումներով առաջատարը նախագահի ձեր թեկնածուն է, ինչո՞ւ են իշխանություններն ընդդիմության մարզային հանդիպումների ժամանակ մարդկանց պրովոկացիաների դրդում:
– Առաջին նախագահն ինքն է զազրախոսությամբ ու հայհոյանքներով մարդկանց դրդում նման քայլերի: Նա գրգռում է ժողովրդին` ցանկանալով հասնել ծեծուջարդի, սակայն դա նրան չի հաջողվելու: Դա նրա ու նրա թիմակիցների կողմից հրահրվում է մեկ նպատակով, որպեսզի լարվածություն մտցնի ու խաթարի ընտրությունների նորմալ ընթացքը: Նրանք հասկանում են, որ իրենց գործողությունները որեւէ արդյունքի չեն հասնելու, որ ժողովուրդը չի մոռացել այն ամենը, ինչ իրենց իշխանության տարիներին է եղել, դրա համար այդ ճանապարհն են որդեգրել: Նրանց նպատակն այն է, որպեսզի մեկը մի քերծվածք ստանա, մյուսը` վնասվի, որպեսզի հայտարարեն, թե` տեսեք, իշխանությունները չեն ապահովում նախընտրական նորմալ մթնոլորտ: Բայց մենք այդ ամեն ինչը հասկանում ենք, եւ թող հույս չունենան, թե մենք նրանց պրովոկացիաներին երբեւէ կենթարկվենք: Նա չի կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ ժողովուրդը չի մոռացել այն վատ օրերն ու տարիները, որ ապրել է իր պաշտոնավարման ժամանակահատվածում, Ղարաբաղը հանձնելու նրա մտադրության հետ եւ այլն: Կարծում եմ, նախկին նախագահը պետք է փոխի իր քարոզչական ռազմավարությունը: Անցել են այն ժամանակները, երբ անազնիվ ձեւով կարելի էր ջարդել Գերագույն խորհրդի նախագահ երջանկահիշատակ Ոսկանյանի գլուխը եւ դրանով «ոգեկոչում» ապրել: Ամիսներ շարունակ հնչեցրել եմ, որ վտանգ կա: Վերջին ակորդով պայքարողների վերջին ճիգի գործելակերպի հետեւանքներն են Արտաշատի դեպքերը, երբ նախկին նախագահը փորձում էր անվանարկել մեր գործընկերներին հենց իր իսկ տան դիմաց: Խոսքը վերաբերում է մասնավորապես Հովիկ Աբրահամյանին: Կարծում եմ` հափշտակությունը մեծ է եղել, եւ ձախողումն աներկբա է: Երբ հույսը կորչում է, երբ միտքը դադարում է, խոսքը դառնում է հայհոյանք: Իհարկե, կարելի է «բազմագեղ» էպիտետներ շպրտել արդեն իսկ հակառակորդ դարձած այդ թիմին եւ նրանց էլ ներկայացնել տարբեր կենդանակերպի նշաններով: Կարող եմ բոլորին իրենց դիմագծերով ասել, թե ով` ինչ կենդանակերպի է նման: Ասենք` կոկորդիլոս, որն իրականում էլ հենց այդպես է. նա էլ կոկորդիլոսի է նման, երբ պետք է` արտասվում է, երբ պետք է` ժանիք է ցույց տալիս եւ երբ պետք է` պոչն է խաղացնում: Խոսքը վերաբերում է նաեւ ճվճվան պատանու փաշայամոլությամբ արտահայտած մտքերին: Բայց մենք դրա խնդիրը չունենք: Մանավանդ, որ մեր նախագահը լինելու է բոլորի` նաեւ իր նախագահը: Կարծում եմ` շատ դատապարտելի է նախ իրողությունը, եւ մենք պետք է փորձենք չկանգնել նման իրողությունների առջեւ, եւ մենք միշտ էլ նման դրսեւորումներին դիմակայելու ենք, ինչպես արեց Արարատի մարզպետ, ՀՀԿ խորհրդի անդամ Ալիկ Սարգսյանը: Պարզապես կոչ անելով` փորձելու ենք ամեն ինչ անել, որպեսզի նախկին նախագահի թիմակիցները նման երեւույթներ չսադրեն:
– Բայց իրենք ձեզ են մեղադրում պրովոկացիաներ անելու մեջ: Եթե չեմ սխալվում, հենց Արտաշատում այդ միջադեպի ժամանակ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցներին կոչ արեց չենթարկվել այդ պրովոկացիաներին:
– Փաշաների ժամանակն անցել է: Մենք չենք գնացել իրենց տան մեջ հայհոյել իրենց հարազատներին: Իրենք են մոտեցել այդ տանը եւ հայհոյել մարդկանց հարազատներին: Ինչ-որ կին կամ կանայք էին, որոնց հետ ոչ ոք ոչ մի առնչություն չունի: Մարդիկ նրան հարցրել են` երկու անգամ եկել ես, ինչո՞ւ ես նորից եկել, եւ դրա համար նման միջադեպ չեն սարքում: Միտինգը, եթե կարելի է դրան միտինգ ասել, նրա համար է, որ բոլոր հարցերին պատասխանեն եւ ոչ թե կանանց գցեն գետնին եւ այլաբարո բառեր ասեն մարդկանց հարազատների հասցեին: Բնականաբար, սադրանքներ կատարողն առաջինն է նախահարձակ լինում: Դրա համար էլ երեւույթը համեմատեցի կոկորդիլոսի հետ, որը կարող է եւ՛ արտասվել, եւ՛ պոչ խաղացնել: Ես միշտ ասել եմ, որ շատ լավ կլիներ, եթե նախկին նախագահն առասպելի ճանապարհ գնար` դրական իմաստով:
– Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանը ձեզ մեղադրել էր պետական մակարդակով ընտրակաշառք բաժանելու մեջ` ասելով, թե կառավարության որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբը, որը պետք է զբաղվի քաղաքացիների բարձրացրած հարցերն ուսումնասիրելու ու այդ ոլորտում աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու խնդիրներով, լուրջ ընտրախախտում է: Այս մեղադրանքին հակադարձելու փաստեր ունե՞ք:
– Ես չեմ ուզում նախկին հիշողությունների մեջ ընկնել, բայց հայտնի է, որ դրա պրոֆեսորները հենց 1990-ական թվականներից ՀՀՇ ներկայացուցիչներն էին: Կառավարությունը պետք է աշխատի, պետք է ապահովի տնտեսության զարգացումը, եւ բոլորովին էլ կարեւոր չեմ համարում այն, թե կառավարության գործունեությունն այս կամ այն թեկնածուին ինչքանով տհաճություն կպատճառի: Կարեւորն արդյունքներն են, դրա համար էլ ոտքի ենք կանգնել, որպեսզի հնարավորինս աջակցենք ժողովրդին լավ ապրելու համար:
– ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը հայտարարել էր, որ փետրվարի կեսերին պետական ապարատից բազմաքանակ հոսք է լինելու իրենց մոտ: Դուք նման մտավախություն չունե՞ք:
– Ոչ միայն չունեմ, այլեւ այն ճանապարհը, որն անցել եւ անցնելու ենք` շատ վճռական ենք լինելու: