Արարատի մարզկենտրոն Արտաշատում փետրվարի 6-ին Հայաստանի նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարելու համար Արարատի մարզային քննչական բաժնում ստեղծվել է քննչական խումբ: Հայաստանի Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումները դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար. «Պահանջվել եւ զննվել են հանրահավաքի տեսագրությունները, հանձնարարություն է տրվել օպերատիվ-հետախուզական մարմիններին՝ ձեռնարկել որոնողական աշխատանքներ խուլիգանական արարքներ կատարած անձանց ինքնությունը բացահայտելու, վկաներին հայտնաբերելու ուղղությամբ»: Համաձայն հաղորդագրության, Լեւոն Տեր-Պետրոսյանի թիկնազորի անդամ Սարգիս Հովհաննիսյանը «դժվարացել է նկարագրել իր նկատմամբ բռնություն գործադրած անձանց՝ ասելով, որ նրանցից երկուսը եղել են միջին կազմվածքի, միջին հասակի, սեւ մազերով, եւ, որ տեսնելու դեպքում կարող է ճանաչել միայն նրանցից երկուսին»: Հովհաննիսյանի, ինչպես նաեւ՝ Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչ Ռայա Ասատրյանի եւ Արտաշատի բնակիչ Օֆելյա Հովսեփյանի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ «նրանք ստացել են առողջությունը չքայքայող թեթեւ մարմնական վնասվածքներ»: Ըստ Դատախազության հաղորդագրության, իրականությանը չի համապատասխանում Լ. Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի տարածած այն հայտարարությունը, թե Սարգիս Հովհաննիսյանը տեղափոխվել է հիվանդանոց եւ գտնվում է հիվանդանոցում: «Տեսաերիզների զննությամբ եւ նախաքննությամբ չեն հիմնավորվել նաեւ փետրվարի 6-ին Արտաշատ քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հարթակի վրա, հռետորների ուղղությամբ սառցե բեկորներ կամ այլ իրեր նետելու մասին հրապարակումները: Դրանք հերյուրանքներ են»,- պնդում է Դատախազությունը: Ի դեպ, նախօրեին Հ1-ի եթերում Լ. Տեր-Պետրոսյանին հատկացված մի քանի րոպե եթերաժամի ընթացքում ցուցադրվեց այդ միջադեպից մի հատված, որտեղ երեւում էր, որ քարեր եւ այլ իրեր են նետվում հարթակի ուղղությամբ, երեւում էին նաեւ նետողները: Այս ամենը ֆիքսել է նաեւ «Ա1+»-ի տեսախցիկը, սակայն իրավապահները տեսաերիզն ունենալու խնդրանքով «Ա1+»-ին չեն դիմել: