ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը նախօրեին դիմել է Սահմանադրական դատարան: Դիմումում նշվում է, որ «2008թ. ՀՀ նախագահի ընտրություններում ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանից անկախ պատճառներով, արդեն իսկ, առաջացած խոչընդոտներն անհնարին են դարձնում նրա հետագա մասնակցությունը ՀՀ Ընտրական օրենսդրությամբ սահմանված ընտրական գործընթացներին»:
Որպես պատճառ, մասնավորապես, ներկայացվում է, որ «Հանրային հեռուստառադիոընկերությունը, «Հ1» հեռուստաընկերության «Հայլուր» ծրագրի միջոցով, ՀՀ օրենսդրության (Ընտրական օրենսգրքի 18-րդ, 20-րդ եւ 22-րդ, ինչպես նաեւ, «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 11-րդ եւ 28-րդ հոդվածներ), պահանջների կոպիտ խախտումներով, երեք ամիս շարունակ առ այսօր, հակաքարոզչական զանգվածային հաղորդումներ է հեռարձակել ՀՀ առաջին նախագահ, ՀՀ նախագահի առաջադրված եւ գրանցված թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ»: Դիմումում միաժամանակ նշվում է, որ «Հանրային հեռուստատեսությամբ նախընտրական քարոզչության համար թեկնածուներին տրամադրված եւ հեռուստալսարանի համար շատ անհարմար ժամանակը, որեւէ հնարավորություն չի տալիս անգամ մեղմացնել «Հայլուր»-ի հակաքարոզչությունը»: Շեշտվում է նաեւ, որ «ՀՀ Նախագահի թեկնածու Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը ձեռնարկել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր հնարավոր միջոցները՝ կանխելու նախագահի թեկնածուի նկատմամբ իրականացվող օրինախախտումները կամ վերացնելու դրանց հետեւանքները, սակայն այդ նախաձեռնությունները որեւէ դրական արդյունքի չեն բերել»: Դիմողը որպես խոչընդոտ է դիտարկում այն, որ «մեր երկրի ընտրություններում առաջին անգամ թեկնածուներից մեկը հայտնվել է այնպիսի իրավիճակում, որ իրենից անկախ պատճառներով չի կարողանում մյուս թեկնածուների հետ հավասար պայմաններով նախընտրական քարոզչություն իրականացնել, այն է՝ հաղթահարել իր նկատմամբ կիրառված նախադեպը չունեցող պետական հակաքարոզչության հետեւանքները եւ մասնակցել ՀՀ Ընտրական օրենսդրությամբ սահմանված ընտրական գործընթացներին»:
Դիմողը խնդրում է Սահմանադրական դատարանին՝ «2008թ. ՀՀ նախագահի ընտրություններում ՀՀ Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի համար առաջացած խոչընդոտները ճանաչել անհաղթահարելի»: Երեկ ՍԴ-ն դիմումն ընդունել է քննության, եւ այդ կապակցությամբ ՍԴ առաջին նիստը տեղի կունենա փետրվարի 11-ին, ժամը 11-ին: Համաձայն ՀՀ Ընտրական օրենսգրքի հոդված 90-ի՝ «Հանրապետության նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում հանրապետության նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով: Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ 40-րդ օրը»:
Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավար Ալեքսանդր Արզումանյանը «Ազատություն» ռ/կ-ին փոխանցել է, որ նախընտրական շտաբը դիմել է նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պահանջելով ապահովել քարոզարշավի հավասար պայմաններ բոլոր թեկնածուների համար: «Մենք հաղթելու ենք, միեւնույն է, այս հակաքարոզչության պայմաններում, խոչընդոտ ճանաչելու կամ չճանաչելու պայմաններում: Մենք մեր պարտքն ենք կատարում. օրենք է խախտվել՝ մենք մատնանշում ենք, ապացույցներ ենք ներկայացնում եւ պահանջում ենք Սահմանադրական դատարանից, որպեսզի կատարի իր գործառույթները, այն է՝ ճանաչի խախտումները»,- հայտարարել է Արզումանյանը:
Ի դեպ, Հ1-ի «Հայլուր» լրատվական ծրագիրը երեկ իր ժամը 13:00-ի թողարկման ընթացքում Լ. Տեր-Պետրոսյանի՝ ՍԴ դիմելու քայլը ներկայացրել է որպես նախընտրական պայքարից դուրս գալու որոշում: Այս կապակցությամբ Լ. Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը երեկ հայտարարել է. «Պաշտոնապես հայտարարում ենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ոչ միայն մտադիր չէ դադարեցնել սկսված պայքարն ավազակապետական ռեժիմի դեմ, այլ ավելի մեծ եռանդով է հասցնելու այս առաքելությունն իր հաղթական ավարտին: Բոլոր նմանատիպ հայտարարությունները միտված են հասարակությանը մոլորեցնելու, եւ դրանց հեղինակները պատասխան են տալու օրենքի առջեւ»:
Ի դեպ, ՍԴ-ում Լ. Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչները, վստահված անձինք են Ռուբեն Թորոսյանը, Արտակ Զեյնալյանն ու Ռոբերտ Սանոյանը: Դիմումին կից ներկայացվել են նաեւ բազմաթիվ փաստեր, այդ թվում՝ 2 տեսաժապավեն, 12 DVD սկավառակ եւ բազմաթիվ փաստաթղթեր: Նշենք նաեւ, որ Հանրային հեռուստաընկերության կողմից քարոզարշավի լուսաբանումից երեկ դժգոհել է նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: