ՀՅԴ երեկվա բազմահազարանոց հանրահավաքում նախկին իշխանությունների հասցեին հնչեցված բազմաթիվ անանուն մեղադրանքներից ակնհայտ դարձավ, որ ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ ձեռք բերված նրանց պայմանավորվածությունն այլեւս ուժը կորցրել է:
ՀՅԴ երեկվա հանրահավաքին մասնակցելու համար Ազատության հրապարակ մարդկանց տեղափոխող ավտոբուսների քանակը (որոնք Մաշտոցի պողոտայում կանգնած էին երկու շարքով` ստեղծելով լուրջ խցանումներ) հուշում էր, որ կիսաիշխանություն ՀՅԴ-ի հանրահավաքին մասնակցող բազմությունն էլ այնտեղ էր՝ անկախ իր կամքից: Չնայած սրան` հանրահավաքը վարող ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը շարունակ հայտարարում էր, որ հրապարակում հավաքված մարդիկ եկել են իրենց թեկնածուին լսելու ոչ թե ատելությունից դրդված, ինչպես «մի քանի այլ հավաքներում, նրանց ոչ թե բերել են ստիպելով, այլ` եկել են, որովհետեւ նրանք սիրում են իրենց երկիրն ու հայրենիքը, որովհետեւ նրանք ո՛չ են ասում անցյալին, ո՛չ են ասում նախկինին, ո՛չ են ասում ներկային»: Ճիշտ է՝ անանուն, բայց ակնարկելով ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի կազմակերպած հանրահավաքները, Գ. Մանուկյանն ասաց. «Թող տեսնեն, որ ՀՅԴ-ն կարող է միշտ այս հրապարակում այսպիսի հանրահավաքներ անցկացնել, որը վերջին մի քանի տարիներին ամենամեծաթիվն է, հանրահավաք, որը նմանվում է այն հանրահավաքներին, երբ 91, 92, 93, 94 թվականներին այս հրապարակում անցկացնում էր ընդդիմադիր ՀՅԴ-ն: Հանրահավաք, որ 1998թ. ՀՅԴ-ն անցկացնում էր նույն այս հրապարակում, երբ արդեն իշխանության մեջ էր եւ պահանջում էր պատժել բոլոր այն մեղավորներին, որոնք մեր երկիրը 1998թ. հասցրեցին այդ վիճակին: ՀՅԴ-ն միշտ կարող է կազմակերպել այսպիսի մեծաթիվ հանրահավաք… Դո՛ւ, դո՛ւ, դո՛ւ` միասին ստեղծելու ենք միասին հայրենիք: Այստեղ է նաեւ իմ 5 տարեկան տղան, նա եկել է այստեղ, որովհետեւ նա չի ուզում, որ իր պապիկը պատմի այն ծանր տարիների մասին, որ ինչպես էին ՀՅԴ-ականներին բանտարկում: Նա չի ուզում, որ այլեւս լինի այսօրվա կյանքը, որ մի քանի զոռբաներ, մի քանի փողատերեր մեր երկրի կյանքը որոշեն, անարդարությունը տիրի մեր երկրին»: Ըստ Գ. Մանուկյանի` իրենց նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանը միայնակ չի բարձրանում, միայնակ չի շրջում, «նա չի ամաչում իր զինակիցներից»: «Նա նման չէ մի շարք թեկնածուների, որ անգամ ամաչում են իրենց կուսակցության անունը տալ, ամաչում են նույնիսկ իրենց զինակիցներին թույլատրել բեմ բարձրանալ: Վ. Հովհաննիսյանը նման չէ այն մարդկանց, որոնք միայնակ են, որոնք քաշվում են ասել` իմ կողքին այսպիսի մարդիկ են կանգնած»,- հայտարարեց Գ. Մանուկյանը:
Նման ակնարկներ երեկ Ազատության հրապարակի հարթակից շատ հնչեցին: Օրինակ, թեկնածու Վ. Հովհաննիսյանի շտաբի պետ Արմեն Ռուստամյանն իր ելույթում ասաց, թե ղարաբաղյան շարժման հոբելյանը պարտավորեցնում է, եւ նախագահի հավակնորդը պարտավոր է հաշվետու լինել եւ քննություն հանձնել ոչ միայն իր ընտրողների, այլեւ մեր 20-ամյա նորագույն պատմության առջեւ: «Թեկնածուների մի մասն ուղղակի կապ չունենալով 20-ամյա մեր պատմության հետ, պարզապես դուրս է մնում այս քննարկումից, եւ նման մրցակցության մեջ նա ստիպված պետք է ստանա միայն հանդիսատեսի կարգավիճակ: Իսկ ում էլ ժողովուրդը լիարժեք հնարավորություն եւ լիազորություններ էր տվել այդ տարիների ընթացքում, պետք է ոչ թե փորձի շարունակ պարծենալ ողջ ժողովրդի ջանքերի գնով ձեռք բերված նվաճումներով, այլ` նախեւառաջ պատասխան տա սեփական ձախողումների եւ չարածների պատճառով ժողովրդին պատճառած հիասթափության եւ հուսախաբության համար,- ասաց Ա. Ռուստամյանը` հավելելով,- Թե՛ նախկինները, թե՛ ներկաները լիարժեք հնարավորություն են ունեցել, որ մենք այս հուսալքության ծավալը չունենանք մեր մեջ, բայց նրանք չեն հաջողել: Մենք ո՛չ ենք ասում նախկիններին, որ կոտրեցին համազգային զարթոնքի ոգին, որ թեւածում էր հենց այս հրապարակում: Նրանք այս առումով` ներում չունեն: Ո՛չ ենք ասում նախկիններին, որ ժողովուրդը նրանց տվեց լիարժեք իշխանություն եւ հնարավորություն իր իղձերն իրականացնելու, բայց նրանք ձախողեցին: Ո՛չ, որ հիմա էլ ընդդիմություն են միմիայն այն պատճառով, որ փորձում են ամեն գնով եւ անհապաղ իշխանության գալ»: Իշխանությունների վերաբերյալ ՀՅԴ-ի ասած «ոչ»-ը, սակայն, չափազանց մեղմ է եւ իրականում քննադատության իմիտացիայի է նմանվում: Ինչպես նկատեց ՀՅԴ թեկնածուի շտաբի պետը, նրանք իշխանություններին ո՛չ են ասում այն բանի համար, որ «այս ներկան իրեն չի էլ պատկերացնում, որ կարող է քաղաքական ուժին վայել երբեւէ հայտնվել նաեւ ընդդիմության դաշտում: Լիարժեք իշխանության լինելով` չափազանց արագաշարժ են, երբ սեփական իշխանության դիրքերն է պետք ամրացնել, երբ իրենց վերարտադրությունն է պետք ապահովել: Մենք ոչ ենք ասում այդ պահվածքին, այդ ներկային: Եվ ընդհակառակը` նրանք խիստ դանդաղաշարժ եւ ալարկոտ են դառնում, երբ ժողովուրդն իրենց օգնության կարիքն ունի: Այդպիսի ներկային հավասարապես ասում ենք` ոչ»:
Իսկ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին էլ ներկայացնելիս, Գ. Մանուկյանն ասաց, թե` «երբ ԼՂՀ պատերազմի ժամանակ թույլ չէին տալիս «ազատամարտիկ» բառն օգտագործել, նա իր ընկերների հետ ազատամարտիկների շարժումն էր ամրապնդում»: «17 տարի հետո նրանք եղան այն զինակիցները, որոնք, ի տարբերություն մյուսների, երբեք իրար հետ չեն բաժանում, բզիկ-բզիկ չեն անում հաղթանակի փառապսակը»,- ասաց Գ. Մանուկյանը: «Ազատամարտիկ» Հ. Մարգարյանն իր ելույթում` անդրադառնալով նախկին եւ ներկա իշխանություններին, ասաց, թե` մեկը փորձում է ատելության ու ընդդեմի ֆոնի վրա հասնել իշխանափոխության, իսկ մյուսը` սեփական լծակների ու ճնշումների միջոցով պահել առկա վիճակը: «Մեր իրականությունը վիրավոր է, որովհետեւ կա անարդարություն, կա խեղճություն, աղքատություն… Բոլորն էլ ուզում են, որ աղքատություն չլինի, ոչ ոք ոչ մեկի իրավունքին չբռնանա. ասելն՝ ասում են, բայց մեր երկրում այլմոլորակայիններն այդքան անարդարությունների պատճառ չեն եղել: Դո՛ւք եք եղել, նախկին ու ներկա իշխանավորներ, դուք եք այս իրականության պատճառը եւ դուք մի խոսեք այդ մասին, որպեսզի մենք չամաչենք ձեզ նմանվելու համար»,- ասաց Հ. Մարգարյանը: Նրա ասելով` նախկին ու ներկա իշխանությունները տնտեսական, սոցիալական հարցերի լուծման իրենց պատկերացումներում միմյանցից չեն տարբերվում, այնպես որ` «թող ոչ ոք աչքակապությամբ ու փարիսեցիությամբ չզբաղվի»: «Այսօր էլ, երբ կա գիտակցական ընտրություն կատարելու բոլոր հնարավորությունները, ապականել եք ամբողջ մթնոլորտը: Մեկդ մյուսով ահաբեկում եք այս ժողովրդին, մեկդ մյուսի վտանգի ֆոնի վրա փորձում եք հզորանալ: Մի կողմ թողած ամոթն ու պատասխանատվության նշույլն իսկ՝ անխնա անպատկառ հայհոյախառն թատրոնի բեմադրությամբ եք զբաղվում: Ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացել. բռնագրավված հայկական Շահումյանն ու Գետաշենը մոռացած, նախկին ու ներկա իշխանությունները հաղթանակի դափնիները սեփականացնելու ու հողեր զիջելու վեճի են բռնված: Ոչ ոք չի հիշում բռնագրավված Շահումյանը, Գետաշենը, մեկը մյուսին մեղադրում են` դու քիչ ես զիջում, դրա համար հարցը չի լուծվում, ես շատ եմ զիջելու ու հարցը լուծելու եմ: Ի՞նչն եք լուծելու, ձեզ ո՞վ է հայրենիք զիջելու իրավունք տվել… Նախկին ու ներկա իշխանությունները ԼՂՀ հարցի լուծման համար մեկը մյուսին հայկական կողմին մեղադրող գզվռտոցի մեջ են: Մենք հեռու ենք արկածախնդրությունից, բայց խոսքը պետք է գնա փոխզիջման մասին, ոչ թե միակողմանի զիջումների մասին»,- հայտարարեց Հ. Մարգարյանը: Վերջինիս ասելով` իշխանությունը հենվում է պետական ապարատի եւ «ազդեցիկ» անձանց վրա, որոնք կարող են ապահովել իր իշխանության շարունակականությունը. «Երբ այսպես է` օլիգարխը դառնում է ընտրակաշառք բաժանող սպասարկման մեքենա, չինովնիկը` ընտրազանգված ապահովող միջոց, հանցագործը` փողոցում մթնոլորտ ստեղծող պատժական միջոց… Ճիշտ այդ պատճառով իշխանության են փորձում գալ նախկինն ու ներկան` իրենցից առաջ վազեցնելով նախկին ու ներկա օլիգարխներին, հանցագործներին, կաշառակեր չինովնիկներին: Մենք վերջ ենք դնելու մենաշնորհներին, օրինականության դաշտ ենք բերելու վառելիքի, շաքարավազի, հացահատիկի, դեղորայքի շուկան»: Իսկ դա, ըստ նրա՝ կարող է անել իրենց թեկնածուն, որն, ըստ Հ. Մարգարյանի` «կախված չէ չինովնիկից, օլիգարխից, ներքին ու արտաքին գաղտնի ուժերի անվտանգության գրասենյակներից»:
Վերջում ելույթ ունեցավ նաեւ թեկնածու Վահան Հովհաննիսյանը: Նա էլ ասաց, որ այսպես համախմբված նույն հրապարակում հավաքված են եղել 20 տարի առաջ. «Ունենք երկու տարբեր, զուգահեռ, բայց իրար չխաչվող աշխարհներ: Ունենք մի դղյակ, բոլորովին ուրիշ աշխարհ, որտեղ ամեն ինչ լավ է, որտեղ կարծես թե զարգացում կա, որտեղ խոսում են մակրոտնտեսական տերմիններով, մարդկային լեզվից հեռու հասկացություններով, եւ այս երկու աշխարհները գնալով իրարից հեռանում են… Մենք չհասկացանք, որ անկախության վերադարձը, որին հարյուրամյակներով սպասել են եւ որի համար մեռել, կռվել են մեր նախնիները, մեխանիկորեն իր հետ արդարություն չի բերում»,- ասաց Վ. Հովհաննիսյանը` ավելացնելով, թե պատճառը, որ այսօր ազգը երկատված է ու տարբեր աշխարհներում է ապրում` նախկին սովետական «պալիտէկոնոմիայի» մասնագետների պատճառով է, որոնք իրենց «լիբերալ տնտեսության մասնագետ հռչակելով մեր երկրի համար այսպիսի զարգացման սխեմաներ գծեցին»: «Նրանք մոռացան, որ գիտելիքը, ամենալավ ծրագիրը ոչ մի արժեք չունի, եթե չի հիմնվում մարդու վրա: Ժողովուրդը մնաց անտեր,- ասաց Վ. Հովհաննիսյանը` դարձյալ ակնարկելով նախկին իշխանություններին,- Կիսագրագետները գծեցին մեր երկրի այս ուղին, խաբեցին բոլորին, որ շուկայական հարաբերություններն ամեն ինչ կկարգավորեն, որ պետությունը պետք է դրանից հետ քաշվի: Պետությունը հետ քաշվեց, բայց նրա տեղը եկան զբաղեցնելու բյուրոկրատական ապարատի ներկայացուցիչները, որոնք հովանավորեցին եւ ստեղծեցին մենաշնորհները… Այսպես եղավ տնտեսության մեջ, երբ կիսագրագետները մշակեցին սեփականաշնորհման սխեմաները, որոնց արդյունքում մեր գործարանները կանգնեցին… Առեւտրականությունը մտցրեցին մշակույթի ու գիտության մեջ, արդյունքում` սովյալ, ոգեղեն սնունդի կարիք ունեցող մարդուն այսօր մեր արվեստը կոնֆետ է տալիս, հաց չի տալիս»: Վ. Հովհաննիսյանը խոստացավ նախագահ դառնալու դեպքում այս ամենը վերադարձնել ժողովրդին ու ոչ թե կոնֆետ տալ, այլ` հաց, իսկ սպորտն էլ, որն, ըստ նրա` զարգանում է միայն էլիտար ուղղություններով` դահուկների տեսքով, կդարձնի ֆիզկուլտուրա: