Բերեզովսկին փող չի տալիս

11/02/2008

«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ (ԱՄԿ), ՀՀ նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանը երեկ այցելել է Մարտունի: Հանդիպման համար պարոն Գեղամյանին տրամադրել էին քաղաքապետարանի փոքր դահլիճը, որտեղ էլ նախագահի թեկնածուն մեկուկես ժամ շփվել է շուրջ 100 ընտրողների հետ: Ա. Գեղամյանը իրեն համեմատել է մարգարեի հետ եւ ավելացրել, որ մարգարեները հարգված են ոչ թե իրենց երկրի ներսում, այլ՝ դրսում: Թերեւս նկատի է ունեցել ժողովրդական հայտնի խոսքը` «Գյուղի մարգարեն իրենց գյուղում հարգանք չունի»: Մարտունիում Ա. Գեղամյանը մեղադրել է Հ1-ին, որ իր ասածները մոնտաժում եւ ցույց է տալիս միայն այն հատվածները, որտեղ ինքը քննադատում է Լեւոն Տեր-Պետրոսյանին: «Դուրս է գալիս, որ Գեղամյանը բանուգործը թողել, կպել է Լեւոնի յախեն»,- ասում է նախագահի թեկնածուն: Ա. Գեղամյանը Մարտունիում անդրադարձել է նաեւ Արտաշատում կատարված դեպքերին, երբ Լ. Տեր-Պետրոսյանի հանրահավաքի ժամանակ մի խումբ մարդիկ ծեծկռտուք են հրահրել: Ա. Գեղամյանի կարծիքով՝ դա կանխամտածված է եղել: «Երկու իշխանությունները՝ թե՛ նախկին, թե՛ ներկայիս, փորձում են վիժեցնել փետրվարի 19-ի ընտրությունները, բայց դա նրանց չի հաջողվի»,- ասել է թեկնածուն: ԱՄԿ նախագահը մարտունեցիներին նաեւ ասել է, որ ինքը ո՛չ Ամերիկայից, ո՛չ Ռուսաստանից եւ ո՛չ էլ Բերեզովսկուց փող չի ստանում: Հիշեցնենք, որ օրերս ԶԼՄ-ներում հրապարակումներ եղան, թե Լ. Տեր-Պետրոսյանին ֆինանսավորում է Լոնդոնում բնակվող Բ. Բերեզովսկին, ով ՌԴ իշխանությունների կողմից հետապնդվում է: