ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են Ազգային անվտանգության, Ոստիկանության ծառայության պետերը, ՀՀ գլխավոր դատախազը, ազգային անվտանգության ու Ոստիկանության Երեւան քաղաքի եւ մարզային վարչությունների պետերը, մարզային դատախազները: ՀՀ նախագահի մամլո գրասենյակից երեկ տեղեկացրին, որ Ռ. Քոչարյանն ասել է. «Նախընտրական գործընթացը մտնում է չափազանց պատասխանատու փուլ: Մեր նպատակն օրինական ընտրություններ կազմակերպելն է, եւ այդ գործում մեծ է ձեր եւ ձեր ղեկավարած ծառայությունների դերակատարությունը»: Անդրադառնալով հասարակական կարգի պահպանությանը, Ռ. Քոչարյանը հանձնարարել է լինել շատ ավելի ուշադիր: «Շատ կարեւոր է, որ այս ընթացքում երկրում քրեածին իրավիճակը չվատթարանա, որ ոչ ոք չկարծի, թե ընտրությունները կարող են օգտագործել այլ նպատակների համար: Չափազանց կարեւոր է նաեւ, որ որեւէ թեկնածու կամ քաղաքական ուժ չմտածի, որ կարող է տարբեր սադրանքներով ընտրությունները վերածել անվերահսկելի գործընթացի: Կայունությունը վերջին տարիների մեր ամենալուրջ ձեռքբերումներից մեկն է, որի վրա են կառուցված մեր հաջողությունները եւ, իհարկե, այստեղ որեւէ տատանում չի կարող լինել: Տարբեր թեկածուներ, քաղաքական ուժեր փորձում են ձեզ ներքաշել քաղաքական այս գործընթացների մեջ, հնչում են հրապարակային մեղադրանքներ, սադրանքներ: …Այս ժամանակահատվածում բոլորս, այդ թվում` նաեւ քարոզարշավի մասնակից թեկնածուներն ու քաղաքական ուժերը, պետք է շատ ավելի համբերատար լինենք: Երբ վիճակը շիկացած է, հնչեցվում են փոխադարձ մեղադրանքներ, երբ կա թեկնածու, որի քարոզարշավը սադրանքների մի ամբողջ շղթա է, պատասխանելու, ներքաշվելու գայթակղությունը շատ մեծ է: Այդ պատճառով պետք է շատ ավելի համբերատար, զուսպ ու սառնասիրտ լինենք, եւ բոլոր նման փորձերին հակազդենք օրենքի շրջանակում եւ օրենքի ուժով: Դուք գործում եք պետության անունից, կրում եք համազգեստ, ունեք կոչումներ, հետեւաբար՝ շատ ավելի զգոն, զուսպ, բայց նաեւ` շատ ավելի վճռական պետք է լինեք այս գործընթացներում»: