Նախընտրական քարոզարշավը սովորաբար զուգորդվում է հավանական ու ամենաանհավանական խոստումներով: Ոմանք խոստանում են վերադարձնել ավանդները, մյուսները ներկայանում են որպես փրկիչներ կամ արարիչներ, իսկ թեկնածուների մի խումբ էլ երդվում է, որ 5-10 անգամ կբարձրացնի աշխատավարձերն ու կենսաթոշակները: Իսկ, օրինակ, ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանն օրերս Գեղարքունիքի մարզում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե ընտրվելու դեպքում դատապարտվածների համընդհանուր համաներում է իրականացնելու: Լ. Տեր-Պետրոսյանը խոստանում է համաներում կիրառել մինչեւ հինգ տարի պատժաչափով բոլոր դատապարտվածների նկատմամբ: Հիշեցնենք, որ մինչ այդ նա եւս մի խոստում էր տվել, որով նախատեսում է համաներում կիրառել նաեւ մինչեւ 2005թ. ժամկետային զինծառայությունից խուսափած եւ արտասահմանում ապաստանած երիտասարդների նկատմամբ: Ինչպե՞ս են մեր համաքաղաքացիները վերաբերվում այս ծրագրին: Երեւանի փողոցներից մեկում մեր կատարած հարցման միջոցով փորձեցինք պարզել քաղաքացիների տրամադրությունները:
Կարեն, 20տ., ուսանող. «Նման բանը հասարակության վրա շատ վատ կանդրադառնա: Ի՞նչ է նշանակում՝ ազատել մարդկանց, ովքեր հանցագործություն են կատարել, անկախ նրանից` հանցագործությունը ծա՞նր է, թե՞ ոչ: Ոչ ծանր հանցագործություն կատարած մարդիկ էլ իրենց չափով պետք է պատժվեն` դատական օրենսգրքի սահմանված կարգով: Նման բան թույլ տալու դեպքում ստացվում է, որ միանգամից կարելի է պարզապես չձերբակալել ոչ ծանր հանցագործություն կատարած մարդկանց, ինչ ուզում են` թող անեն»:
Արամ, 27տ. «Իհարկե, լսել եմ այդ հայտարարությունը եւ այդտեղից համաձայն եմ միայն դասալիքների հետ կապված համաներման հետ: Նրանց արդարացնելը ճիշտ է, քանի որ նրանք հանցագործներ չեն: Ու հատկապես, եթե տարիքն արդեն լրացել է, նրանց արդարացնելը ճիշտ է»:
Գուրգեն, 38տ., ինժեներ. «Լեւոն Տեր-Պետրոսյանն ու իր համախոհներն ամեն օր խոսում են ավազակապետությունից ու հանցագործություններից, կրիմինալից, բայց իրենք խոստանում են ընտրվելու դեպքում բանտերից հանցագործներին ազատ արձակել: Պարզ է, նման բաները արվում են ձայներ հավաքելու համար` հիմա ամեն ինչի կդիմեն, որպեսզի ընտրվեն: Ի՞նչ ա պատահել` կրիմինալին էլ բաց կթողնեն բանտերից, ծառայությունից խուսափած դասալիքներին էլ համաներում կխոստանան»:
Աննա, 45տ., տնային տնտեսուհի. «Ես կոնկրետ Լեւոն Տեր-Պետրոսյանի ասած ոչ մի բառին չեմ հավատում ու ճիշտ չեմ ընդունում: Եթե մի ուրիշը էդ հայտարարությունն աներ, գոնե կմտածեի` լա՞վ է, թե՞ չէ: Բայց որ Լեւոնն է ասել, ուրեմն հաստատ սխալ է: Իսկ եթե բուն երեւույթի մասին խոսենք, կասեմ, որ ընդհանրապես պետք է նայել, թե ինչ չափի հանցանք է մարդը գործել: Օրինակ, եթե պատահաբար մեկին վթարի է ենթարկել, պետք է ազատվի, նրան կարելի է ներում շնորհել»:
Մխիթար, 43 տարեկան, անհատ ձեռներեց. «Ընդհանրապես, աշխարհում ընդունված կարգ է, որ ցանկացած նախագահ, երբ ընտրվում է, թեթեւ հանցանք կատարածներին` վթարների համար մեղավոր եւ այլն, համաներում է շնորհում: Իհարկե, խոսքը մարդու կյանք խլած հանցագործներին չի վերաբերում: Իսկ հասարակության վրա դա հաստատ վատ կերպով չի անդրադառնա, քանի որ հիմա դրսում ավելի վտանգավոր մարդիկ կան, քան բանտերում: Բանտում գոնե մարդիկ կարողանում են հաց ուտել, քնելու տեղ ունեն, իսկ դրսում մարդիկ կան` դա էլ չունեն, ու դրա հետեւանքով ավելի լարված վիճակ է ստեղծվում: Ազատության մեջ գտնվող մարդիկ այսօր ավելի շատ հանցագործություններ կարող են անել, քան նրանք, ովքեր դուրս գան բանտերից»:
Աշոտ, 40տ. «Լեւոն Տեր-Պետրոսյանն ինչի՞ համար է ուզում ներել մարդկանց, եթե պատրաստ է նոր հանցագործների ուղարկել բանտեր: Ինքը ժողովրդի մեջ նոր հանցագործներ է փնտրում: Հայտարարում է, չէ՞, որ հիմիկվա պաշտոնյաներից շատերին բանտ է ուղարկելու»:
Վիկա, ապագա տնտեսագետ. «Շատ սխալ որոշում է, որովհետեւ եթե պատժվել են մարդիկ, պետք է իրենց համար նախատեսված պատիժը կրեն: Ընդհանրապես, կարծում եմ՝ դա էլ քարոզարշավի ձեւ է, որը բանտարկյալներին ու նրանց հարազատներին կշահագրգռի»:
Մելսիդա, 50տ., ուսուցչուհի. «Ոչ շատ լուրջ հանցանքի դեպքում` կարելի է: Բայց դա պետք է ընտրությունների հետ կապ չունենա, անկախ դրանից է պետք վերանայել այդ հարցը: Իսկ կոնկրետ այս դեպքում սա պարզապես քարոզչական հնարք է Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից»:
Մարիաննա, ասպիրանտ. «Դա ընտրակաշառքի մի տեսակ է, եթե հանցագործություն են կատարել ու դատապարտվել են որոշակի տարիների ազատազրկման, պետք է պատիժը կրեն: Ոչ թե ընտրությունների հետ կապված` ով` ում եւ երբ ուզենա, ազատի բանտերից: Փաստորեն, ստացվում է, որ բանտարկյալների հարազատները, բարեկամները պետք է ընտրեն իրեն միայն այն պատճառով, որ իրենց հարազատը շուտ ազատ արձակվի բանտից: Բացի այդ, հասարակության համար էլ վտանգավոր կլինի հանցագործների` այդպես խմբակային ազատ արձակումը»:
Մարտին Գեւորգյան, 47տ., ապրանքագետ. «Քարոզարշավին, հատկապես՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի, հետեւում եմ, որ տեսնեմ` էս 10 տարիների ընթացքում փոխվե՞լ ա, թե՞ չէ: Նույնն ա մնացել, նենց ա խոսում, ոնց որ` նախագահի թեկնածու առաջադրվելով` մեծ պատիվ ու նվեր ա էս ժողովրդին արել, ու ինքն էլ ազգի փրկիչն ա: Ժողովուրդը լեւոնականներին անուն ա դրել` «Լեւոնի վկաներ», ու շատ դիպուկ ա` ոնց որ աղանդավորներ լինեն: Իրենց էդ հայտարարությունը, թե ամնիստիա են հայտարարելու հանցագործություն կատարած մարդկանց, քարոզչական տրյուկ ա, ու շատ վտանգավոր ա հասարակության համար: Հազիվ կարողանում ենք քաղաքում քայլել, գիշերը փողոց դուրս գալ, պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կկատարվի հանրապետությունով մեկ: Լեւոնենք ասում են` ներում են շնորհելու ոչ ծանր հանցանք կատարածներին. ի՞նչ կապ ունի հանցանքի մեծ կամ փոքր լինելը, հանցագործը` գող թե մարդասպան` նույնն է, եւ օրենքը բոլորի համար ունի պատժի իր չափաբաժինները»: