«Միասին ենք երկիրն առաջ տանելու»

11/02/2008

ՀՀ նախագահի թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ նախընտրական հանդիպումներ է ունեցել Լոռու եւ Տավուշի մարզերում: Ալավերդիում Ս. Սարգսյանի հանդիպումները սկսվել են Սբ Գր.Նարեկացի եկեղեցի այցելությամբ:

Ալավերդու կենտրոնական հրապարակում հավաքված ալավերդցիներին դիմելով՝ Ս. Սարգսյանն ասել է, որ բնությունը շռայլ է երկրի այդ հատվածի նկատմամբ` պարգեւելով եւ հարուստ բնական աշխարհ, եւ ընդերք, եւ խելացի մարդիկ: Ըստ նրա՝ այսօր արդեն հնարավորություններ են ստեղծված` առանց ամպագոռգոռ հայտարարությունների լուծելու երկրի սոցիալական խնդիրները: Նա նաեւ նշել է, որ պետությունն աջակցելու է գործարարներին, միեւնույն ժամանակ՝ պահանջելու է, որ այդ ձեռնարկատերերը մասնակցեն երկրի ընդհանուր խնդիրների լուծմանը: «Այսպես կարող է վարվել միայն ուժեղ պետությունը, ուժեղ ոչ միայն բանակով, այլ իր արդարությամբ, իր գործարարների մեջքին կանգնած լինելով: Ահա այսպիսի տրամաբանությամբ է, որ հավանություն ենք տվել Թեղուտի հանքավայրի շահագործմանը: Սա մեզ համար շատ կարեւոր սկզբունքային ծրագիր է, եւ դա բնավ չի նշանակում, որ պետք է անխնա օգտագործենք մեր բնությունը, ոչնչացնենք բնական հարստությունը: Ես կարծում եմ, որ այստեղ երեք բաղկացուցիչ կա. պարտականությունների կատարման առավելագույն արդյունքի հասնելու եւ բնությանը վնաս չհասցնելու համար անհրաժեշտ է պահպանել շահագործման ընդհանուր կանոնները: Այս գործում պետք է մասնակցություն ունենան նաեւ հասարակական կազմակերպությունները: Մենք մշտապես կողմնակից ենք եղել այն մոտեցմանը, որ պետք է ի շահ ժողովրդի օգտագործել ընդերքի հարստությունը, սակայն այն պետք է օգտագործել այնպես, ինչպես քաղաքակիրթ երկրներում, որպեսզի արդյունքից գոհ լինեն բոլորը: Տարիներ անց ոչ միայն Ալավերդին, այլեւ շրջակա տարածքների բնակիչները գոհ կլինեն, քանի որ ստեղծվելու են նոր աշխատատեղեր, գործը եկամուտ է բերելու ընտանիքներին, նկատելի է լինելու առաջընթաց»,- ասել է Սերժ Սարգսյանը` անդրադառնալով Թեղուտի հանքավայրի շահագործման` մարզի համար կարեւոր այդ խնդրին:

Տավուշի մարզի սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքում, որտեղ Ս. Սարգսյանին դիմավորել են հազարավոր մարդիկ, ասել է, որ այս բնակավայրի բնակիչներն իրենց առաքելությունը պատվով են կատարում` կանգնած լինելով ժողովրդի եւ բանակի թիկունքին: «Մեր գործը մեր երկիրն առաջ տանելն է, ջերմ ու համերաշխ մթնոլորտ ստեղծելը, բոլորին համախմբելը: Մենք ձեզ հետ միասին պետք է կառուցենք ավելի պաշտպանված, ավելի հպարտ երկիր, որպեսզի կարողանանք մեր հպարտությունը վերածել եռանդի, ուժի եւ լուծենք այլ խնդիրներ: Մենք կարողացել ենք մեր հողը պաշտպանել եւ կարողանալու ենք նաեւ երկիրն առաջ տանել»,- վստահություն հայտնեց նա: Ս. Սարգսյանը հիշեցրել է, որ 1990-ականների սկզբներին շատերն էին թերահավատորեն վերաբերվում հաղթանակին, սակայն հավատով հնարավոր եղավ հասնել համընդհանուր նպատակի իրագործմանը` հաղթել պատերազմում: Հիմա էլ երկիրն ի վիճակի է լուծել սոցիալական խնդիրներ, զարգացնել տնտեսությունը:

Ս. Սարգսյանը մեծ հանդիպում է ունեցել նաեւ առողջարանային քաղաք Դիլիջանում: Այստեղ նա հավաստիացրել է, որ Դիլիջանը կարող է դառնալ նաեւ ֆինանսական կենտրոն: Ի դեպ, այս ծրագրի հիմքը դրել է Ս. Սարգսյանը: Գարնանը մեծ շինարարություն է սկսվելու Դիլիջանում, բազմաթիվ բիզնես ընկերություններ այստեղ տարբեր նախագծեր են սկսում, ինչը նշանակում է, որ քաղաքում աշխատատեղերի հիմնախնդիր նույնպես այլեւս չի լինի: Եթե երեք տարի առաջ Դիլիջանի բյուջեն ընդամենը 300 մլն դրամ էր, ապա ներկայումս` 2 մլրդ 300 մլն է: «Մենք ունենք բոլոր հնարավորությունները աշխարհի բոլոր երկրների շարքում ունենալու մեր արժանի տեղը: Այդ վստահությամբ է, որ ես ձեզ խնդրում եմ միանալ մեր կարգախոսին, որպեսզի միասին շարժվենք առաջ` դեպի ավելի պաշտպանված, ավելի բարեկեցիկ ու բարգավաճ երկիր, դեպի մեր երազած Հայաստան»,- ասել է ՀՀ նախագահի թեկնածուն: Նա հանդիպումներ է ունեցել նաեւ մարզի Արճիս, Լճկաձոր, Այրում, Ոսկեվան, Բաղանիստ, Կոթի, Բարեկամավան, Ոսկեպար համայնքների ընտրողների հետ: