Հայաստանում 1996 թվականից այս կողմ ընտրությունները կեղծվել են ամենացածր մեթոդներով: Հիմնավորումը եղել է մեկը` ժողովուրդը չի կարողանում ճիշտ կողմնորոշվել, ժողովրդին, խոշոր հաշվով, չի կարելի վստահել երկրի ղեկավարի ընտրության պես կարեւոր գործը: 96-ին ժողովուրդը չէր գիտակցում, որ երկրի համար վտանգավոր է հանրապետության ղեկը վստահել Վազգեն Մանուկյանին: Այդ ամենը երկար-բարակ բացատրելու հարկ չկար. ընտրվեց ամենաարդյունավետ միջոցը` ընտրությունները կեղծվեցին: Եկավ հաջորդ ընտրության ժամանակը: Ժողովուրդը ընտրեց Կարեն Դեմիրճյանին: Նման հավատով ու խանդավառությամբ ժողովուրդը մեկ էլ ընտրել էր Լեւոն Տեր-Պետրոսյանին` առաջին անգամ: Դա լրիվ գիտակցված ընտրություն էր: Սակայն, պարզվեց, որ ժողովուրդը դարձյալ լավ չի պատկերացնում` ի՞նչ է ուզում, եւ ընտրությունները դարձյալ կեղծվեցին: Հաջորդ ընտրություններին միանշանակ նախագահ ընտրվեց Ստեփան Դեմիրճյանը: Այս անգամ էլ ժողովրդի ընտրությունը համարվեց ոչ գրագետ, եւ ընտրությունները երիցս կեղծվեցին: Փետրվարի 19-ին նորից ընտրություններ են նշանակված: Եվ հերթական անգամ մեր ժողովրդին վերապահված է անկարեւոր ու ստորացուցիչ դեր, անպատվաբեր մի ֆունկցիա, մեխանիկական մի գործողություն` պարզապես ներկայանալ ընտրատեղամաս, իսկ մնացածն արդեն կարեւոր չէ: Մնացածը նրա փոխարեն արդեն մտածել են: Ու կանեն: Սակայն այս պատմության մեջ ահավորն այն չէ, որ ժողովրդի կամքը անգամ գրոշի արժեք չունի, այլ այն, որ երկրի նախագահի թեկնածուներն ամենեւին չեն կարեւորում գիտակից, արժանապատիվ, չստորացված, հետեւաբար՝ ներկայանալի ժողովուրդ ունենալու փաստը: Հաճելի՞ է ղեկավարել այն ժողովրդին, որը գիտի, որ իրեն հրապարակ են բերել պարտադրաբար, սեփական կամքին բռնանալով: Որ իրեն ստորացնելը հայտնի է բոլորին: Ո՞ւմ են հիմարի տեղ դնում հիմնարկների ղեկավարները: Իրենց ողջ կոլեկտիվին, ուր չկա մեկ կամ տասը մտածող, գիտակից մարդ, որ հրաժարվի այդ ցերեկույթներին պարտադրաբար մասնակցելուց, ով իր` քաղաքացու ազատությունը բարձր դասի զանգվածային ստորացումից: Այսքանից հետո այս ժողովրդին չի կարող հարգել անգամ ամենաստահակ ղեկավարը: Հետեւաբար՝ մեզ հետ կարելի է վարվել այնպես, ինչպես դա արվում է 96-ից այս կողմ: Այսինքն` լուրջ չընդունել: Իսկ մեզ լուրջ չենք ընդունում անգամ մենք ինքներս: Նախագահի թեկնածուները, լսե՞լ եք, ինչ են հորդորում հատկապես հեռավոր գյուղերի բնակիչներին. «Ժողովուրդ ջան, փող են տալիս, վերցրեք, բայց ընտրեք նրան, ում ցանկանում եք»: Սա հոգեբանական շատ ստոր տրյուկ է` գյուղացիների ականջի համար, գուցեեւ՝ հաճելի: Չեն ասում, որ փող, ընտրակաշառք վերցնելն արդեն նվաստացուցիչ է, արդեն խարդախություն է, եթե անգամ այդ մասին ոչ ոք չգիտի` քեզնից բացի: Իսկ եթե գումարը վերցնում ես, բայց ընտրում նրան, ում ցանկանում ես, սա ամենեւին ազնվություն չէ:
Մեր երկրում ավանդաբար չի կարեւորվում մարդու ինքնագնահատանքի, ինքնահարգանքի գործոնը. դա համարվում է ավելորդ շքեղություն: Որքան մարդն առաջնորդվի ցածր, ստոր էմոցիաներով, այնքան նրա հետ լեզու գտնելը, գործարքի մեջ մտնելը հեշտ է: Ու ընտրողներն էլ անհարմար չեն զգում ձայնին խորամանկ ու հաղթական երանգ տալով` հպարտանալ` նախորդ ընտրություններին յոթ հազար դրամ վերցրեցի, բայց, տեսեք-տեսեք, այնքան ազատ գտնվեցի, որ ընտրեցի իմ նախընտրած թեկնածուին:
Եվ այդ մանրությունն անդրադառնում է նաեւ մեր` հայերիս արտաքինի, հայացքի վրա անգամ: Խեղճ, չսափրված, ոչ մաքուր, ոչ մեկին չհավատացող, կասկածամիտ ու խորամանկ: Սրա պատճառը սոցիալական կամ քաղաքական չէ: Այս ամենի պատճառը մեր իրական ինքնագնահատականն է մեր սեփական ազգի, մեր սեփական անձի մասին: Եվ մեր ինքնագնահատականն անմիջականորեն անդրադառնում է մեր գործողությունների ազնվության, տարատեսակ բարդույթների, անգամ արտաքինի ու հագուստի վրա: Աշխարհի ցանկացած օդանավակայանում շատ հեշտ է ճանաչել միջին հայաստանցուն, որը սպասասրահում ժամանակը կարճելու համար թուղթ է խաղում, հագուստը սպորտային է, ինքը` չսափրված, կինը` ամուր նստած բազում ճամպրուկների կողքին, բուտերբրոդ է ծամում:
Մի առիթով հիշել էինք Էդվարդ Ռաձինսկու մի խոսքը. «Վիճակագրությունը պնդում է, որ հարյուր մարդուց հարյուրն էլ, պատկերացրեք, մահանում է»: Այս տրամաբանությամբ, երբ ելակետ է վերցվում մարդու մահկանացու լինելու անվիճարկելի հանգամանքը, երբ մեր կյանքն այնքան կարճ է եւ այնքան անսպասելի կարող է ավարտվել, այս անպատվաբեր իրարանցումը, հատկապես ընտրություններից առաջ, շատ անհեթեթ է թվում: Անմահության ելակետը սխալ խորհրդատու է: