Զանգվածային լրատվամիջոցների (ԶԼՄ) վերլուծությամբ զբաղվող «ECHO Research» միջազգային ընկերությունը երեկ ամփոփեց «ԶԼՄ-ները Հայաստանում 2008` նախընտրական վերլուծության» տվյալները:
Հետազոտությունն անցկացվել է Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի պատվերով այս տարվա հունվարի 21-27-ը: Ըստ հիմնադրամի տնօրեն Տոբերտա Բոնացիի, հետազոտվել է հայաստանյան մամուլը շաբաթվա 5 օրերին (քանի որ թերթերը տպագրվում են շաբաթը 5 օր), 7 օրվա ընթացքում` հեռարձակվող ԶԼՄ-ները` հեռուստաընկերությունները եւ ռադիոն: Դիտարկվել են եւ հայալեզու, եւ ռուսալեզու ԶԼՄ-ները: Նա ընդգծել է, որ հետազոտությունների անցկացման ժամանակ չի տարբերակվել ընդդիմադիր եւ իշխանամետ մամուլը: «743 հոդվածների եւ հեռուստառեպորտաժների հետազոտությունները ցույց տվեցին, որ Հայաստանում ԶԼՄ-ները ընդհանուր առմամբ կարծես անկախ են պետական ճնշումներից: Դրա մասին է վկայում այն հանգամանքը, որ դիտարկված ժամանակահատվածում բոլոր թեկնածուներին, այդ թվում` եւ ընդդիմադիր, տրամադրվել է հավասար հեռուստաեթեր եւ արտահայտվելու, սեփական ծրագրերը ներկայացնելու հավասար հնարավորություններ: Այդ հավասարությունը, կարելի է ասել, առկա է 90 տոկոսով»,-նշել է Տ. Բոնացին: «ECHO Research» ընկերության բաժնի ղեկավար Քարեն Պրիչարդի դիտարկմամբ` մամուլում, ի տարբերություն հետուստաընկերությունների, ավելի մեծ թիվ են կազմում քննադատական հոդվածները եւ «անարդար», «հակաժողովրդական» ու նման իմաստի այլ բառերը: Ծայրահեղ կարծիքների արտահայտման դեպքերը, ըստ Ք. Պրիչարդի, խոսում են խոսքի ազատության մասին: Երբ որեւէ ԶԼՄ ճնշման տակ է ընկել, նույնիսկ դա է լուսաբանվել: Հետազոտությունը փորձել է նաեւ պարզել` որ թեկնածուին է ավելի շատ անդրադարձ կատարվել ԶԼՄ-ների կողմից: Այս առումով Լեւոն Տեր-Պետրոսյանին բաժին է ընկել ընդհանուր լուսաբանման 23 տոկոսը, Սերժ Սարգսյանին` 21 տոկոսը: Լուսաբանման 11 տոկոսն ուղղված է եղել Արթուր Բաղդասարյանին, 10 տոկոսը` Վահան Հովհաննիսյանին, 8-ական տոկոս` Արտաշես Գեղամյանին եւ Վազգեն Մանուկյանին, 4-ական տոկոսով հաջորդում են Արամ Հարությունյանը եւ Տիգրան Կարապետյանը, 3 տոկոսով` Արման Մելիքյանը: Նրա գնահատմամբ` վերջիններիս հանդեպ հետաքրքրությունն առանձնապես մեծ չի եղել: Մամուլում տեղ գտած ոչ շահեկան կարծիքներն ամենամեծ ծավալով` 24 տոկոս, արտահայտվել են Լեւոն Տեր-Պետրոսյանի, ապա` Ս. Սարգսյանի մասին` 22 տոկոս: Ամենափոքր քննադատությանն արժանացել է Արամ Հարությունյանը:
Որպես պետական ճնշումներից ամենաանկախ լրատվամիջոց են գնահատվել «168 Ժամ» եւ «Առավոտ» թերթերը, ապա` Հանրային 2-րդ հեռուստաալիքը, ամենապետականացված է գնահատվել Հանրային ռադիոն: Այս գնահատման համար հիմք է ընդունվել լուսաբանման մեջ տեղ գտած քննադատական նյութերի քանակն ընդհանուր նախընտրական նյութերում: «Քննադատական, նույնիսկ թշնամական լուսաբանումներով հանդերձ, ԶԼՄ-ների ընդհանուր լուսաբանումը հանդուրժողական է»,- ասել է Ք. Պրիչարդը, ում համոզմամբ` ՀՀ-ում ԶԼՄ-ների հասարակական նշանակությունը շարունակաբար մեծանում է. դրանց միջոցով պետական այրերն արդեն շատ ավելի հաճախ են արձագանքում հանրային մտահոգություն հարուցող հարցերին:
Նշենք, որ Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամն իր գործունեության 18 տարիների ընթացքում զբաղվել է կոնկրետ կազմակերպությունների եւ տարբեր երկրների վարկանիշների, ինչպես նաեւ՝ ընտրական գործընթացների վերաբերյալ հետազոտություններով: Միջազգային ճանաչում ունեցող այս հիմնադրամն անկախ է եւ որեւէ կուսակցության չի հարում: Վերջին ժամանակներս հիմնադրամը հետազոտություններ է անցկացրել, մասնավորապես, Ֆրանսիայի նախագահական ընտրությունների նախընտրական շրջանում: