Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը դատապարտելի է համարում այն բոլոր միջադեպերը, որ տեղի են ունենում նախընտրական քարոզարշավի շրջանակներում: Գրասենյակում գործում է արագ արձագանքման խումբ: «Մենք կապվում ենք իրավապահների հետ, եթե գործ է հարուցվել, ապա նրանք կգնան: Մեկնում ենք այն ժամանակ, երբ կասկածներ ունենք, որ մարդկանց իրավունքներ են խախտվել, ճնշում կա»,- երեկ ասել է Ա. Հարությունյանը, ապա մանրամասնել, թե իրենց արագ արձագանքման խումբը, որը մեկնել էր Թալին, պարզել է, որ ճնշումներ չեն եղել, բժիշկ տրամադրվել է. Նախօրեին Նոր Նորքում թռուցիկներ բաժանելիս ծեծի են ենթարկվել Տեր-Պետրոսյանի կողմնակիցները: Օմբուդսմենն էլ տեղի ունեցածի վերաբերյալ նշել է, թե երեկ առավոտյան նոր արագ արձագանքման խումբը մեկնել է ծեծի ենթարկվածների մոտ: «Եվ այս փուլում ճիշտ կլինի, որ մենք ինքներս արագ արձագանքենք: Տեսեք, Արտաշատի դեպքերը, որ միանշանակ դատապարտելի դեպքեր են, տարբեր իրարամերժ մոտեցումներ կան, եւ տեսնում ենք, որ հասարակության մեջ ձեւավորվում է իրարամերժ մոտեցումների խնդիր, փորձել ենք նմանատիպ միջոցառումներին արագ արձագանքենք: Արտաշատում եղածը անթույլատրելի դեպք է: Եթե այս ձեւով շարունակվի, կարծում եմ, որ տենդենցը չի, որ սպասում ենք ընտրություններից: Ինչ վերաբերում է Մասիվում տեղի ունեցածին, ապա այդ կապակցությամբ մեր արագ արձագանքման խումբը կգա, կուսումնասիրեն, եւ հստակ նոր կասենք»,- ասել է նա: Մարդու իրավունքների պաշտպանը կարո՞ղ է ընտրությունների ընթացքում պաշտպանել քաղաքացիների իրավունքները, երբ արդեն իսկ ոտնահարվում ենք դրանք, օրինակ՝ տեղեկատվություն ստանալու հարցում, երբ հեռուստաընկերությունները ցուցաբերում են ընտրված մոտեցում: «Ա1+»-ի հարցին օմբուդսմենը պատասխանել է. «Ես որպես մարդու իրավունքների պաշտպան՝ բավարարված չեմ Հանրային հեռուստատեսության լուսաբանումով նախընտրական գործընթացից առաջ: Որովհետեւ պետք է նշեմ, որ մասնավոր հեռուստաընկերությունները՝ նրանց ծանրաբեռնվածությունը, նրանց մոտեցումը, քաղաքականությունը մի փոքր այլ է, եւ բազմակարծության հիմնական ապահովողը բոլոր երկրներում պետք է Հանրային հեռուստատեսությունը լինի: Շատ դեպքերում Հանրայինի լրատվական թողարկումներում կարծիքը դառնում է բեւեռներից մի կողմ, պատասխան են տալիս այս կամ այն գործչին, մինչդեռ այն պետք է ընդամենը լուսաբանի, իսկ հանրությունը պետք է որոշի: Այս տեսակետից քաղաքացու իրավունքները ոտնահարվում են»: Ի դեպ, օմբուդսմենը արդեն հասցրել է քաղաքացիների կողմից տարբեր նամակներ ստանալ ընտրակաշառքների, անձնագրերի հավաքման, շտաբների դեմ իրականացվող ոտնձգությունների եւ այլնի մասին: Ինչ վերաբերում է հարցին` արդյո՞ք խախտում է այն, որ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզչության շրջանում շարունակում է զբաղեցնել վարչապետի պաշտոնը, ապա Ա. Հարությունյանը փաստել է, որ օրենսդրությունը պետք է միանշանակ պատասխան տա, մինչդեռ մեզ մոտ չի հստակեցված. «Մեր օրենսգրքում չկա հստակ, որ պետք է վարչապետը արձակուրդ մեկներ: Ուրեմն խախտում չի»: