ԵՊՀ դասախոսների հայտարարությունը

11/02/2008

ԵՊՀ 37 դասախոսներ, որոնց թվում կան գիտությունների դոկտորներ, դոցենտներ, երեկ հանդես են եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Մենք մեր մտահոգությունն ենք հայտնում նախագահի թեկնածու, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ փետրվարի 6-ին Արտաշատում ընտրողների հետ հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի առթիվ: Խուլիգանների մի խմբի կատարած գործողությունները ըստ էության եղել են կյանքի համար վտանգավոր արարքներ ինչպես հրապարակում հավաքվածների, այնպես էլ նախագահի թեկնածուի ու նրա համախոհների համար: Անհանգստացնող է հատկապես այն, որ իրավապահ մարմինները չեն կատարել իրենց պարտքը եւ ոչ մի կերպ չեն փորձել կանխել ահաբեկչությունը ո՛չ կազմակերպման փուլում, ո՛չ էլ իրականացման: ՀՀ ոստիկանության պաշտոնական հայտարարությունը սեփական անգործությունը կոծկելուն է միտված, մակերեսային է եւ խեղաթյուրելով իրականությունը չի արտացոլում միջադեպի բուն էությունը եւ վտանգավորությունը: Մտահոգիչ է նաեւ այն փաստը, որ Հանրային հեռուստատեսությունը շարունակում է երկրում կատարվող ու հասարակական մեծ հնչեղություն ունեցող իրադարձությունները ներկայացնել աղավաղված ու աղճատված: Ավելին, որոշ դեպքերում Հ1-ը իր եթերը ամենեւին չի խնայում այնպիսի լրատվական նյութերի վրա, որոնք կողմնակալորեն լուսաբանելով իրադարձությունները՝ արհեստականորեն սրում են առանց այն էլ լարված նախընտրական մթնոլորտը, ինչը խիստ վտանգավոր է: Արտահայտելով մեր վրդովմունքը ստեղծված իրավիճակի կապակցությամբ, իշխանություններից պահանջում ենք խստագույնս պատժել նման սադրանքների կազմակերպիչներին ու կատարողներին, ինչպես նաեւ՝ ապահովել նախընտրական քարոզարշավի անվտանգությունը, նորմալ ընթացքը եւ անաչառ լուսաբանումը»: