Ասում են՝ պայմանները հավասար չեն

11/02/2008 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Նախընտրական քարոզարշավի շրջանում Հայաստանի ողջ տարածքում տեղի են ունենում համատարած խախտումներ, մարդկանց ահաբեկումներ, սպառնալիքներ եւ այլն:

Այս մասին երեկ Մամուլի ազգային ակումբում (ՄԱԱ) նշեց ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը: Վերջինս փաստում է, որ իշխանության թեկնածուներից մեկի օգտին ձայներ ապահովելու եւ նրա մրցակիցներին հարվածելու համար գործի է դրվել վարչական ողջ ռեսուրսը, անգամ Հարկային ծառայությունը: Հ. Մարգարյանը վստահեցրեց, որ իրենց վճռականությունն այս ամենից չի պակասում, եւ իրենք անում են ամեն ինչ՝ ընտրակեղծիքները կանխելու համար: Ըստ նրա, ՕԵԿ-ը նախագահի մյուս թեկնածուներին առաջարկել է ձեւավորել միասնական շտաբ, որը կզբաղվի ընտրախախտումներն արձանագրելով եւ դրանց արձագանքելով: Նա հավաստիացրեց, որ շատ թեկնածուներ դրական են արձագանքել այս առաջարկին, եւ շտաբը թերեւս կձեւավորվի ընտրության օրվանից մի քանի օր առաջ:

Իսկ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանի դիտարկմամբ՝ ընտրարշավն անցնում է անհավասարակշիռ լուսաբանման, վարչական ռեսուրսի տոտալ կիրառման, ահաբեկումների, սպառնալիքների ու կոմպրոմատների մթնոլորտում: Ըստ նրա, գրեթե բոլոր հեռուստաընկերությունները ցուցադրում են ընդդիմադիր թեկնածուի քարոզարշավի անհաջող մասերը, իշխանության թեկնածուի՝ հաջողված մասերը: Ս. Սաֆարյանն ուշադրություն է հրավիրում դրսից եկող ազդակների վրա: Նա նշեց, որ եթե սկզբում թե՛ Ռուսաստանից, թե՛ Արեւմուտքից հավասարակշռություն էր նկատվում, ապա այժմ Ռուսաստանը սկսում է ակնհայտ ընդգծել, որ իրենք սատարում են Սերժ Սարգսյանին: Պատգամավորը որոշակի կողմնորոշվածություն է նկատում նաեւ Արեւմուտքից՝ որպես ապացույց նշելով, որ վերջերս «Գելլափ փոլը» մի վերլուծություն է հրապարակել, որում Հայաստանի գործող իշխանությունը ներկայացվում է որպես Ղարաբաղի հարցը, աղքատության հաղթահարումը եւ կոռուպցիայի դեմ պայքարը հաջողությամբ առաջ տանելու համար անպիտան:

Ս. Սաֆարյանը նախընտրական վերջին տասնօրյակում կանխատեսում է երկփեղկվածության խորացում եւ ուժային տրամադրությունների սրում: ՄԱԱ-ի երեկվա բանախոսներից ՀՅԴ-ական Հրայր Կարապետյանին էլ մտահոգում էր այն, որ ոմանք տեղեկություններ են տարածում այն մասին, թե Վահան Հովհաննիսյանը հանելու է իր թեկնածությունը՝ հօգուտ Ս. Սարգսյանի: «Մեզ կամ իշխանության հետ են նույնացնում, կամ՝ ընդդիմության: Բայց մենք որեւէ մեկին նման չենք»,- իրենց աննմանությունը վերահաստատեց նա: Հ. Կարապետյանը հավաստիացնում է, որ ընկեր Վահանը գնալու է մինչեւ վերջ: Ըստ նրա, եթե այդ ճանապարհին ուրիշ ուժեր միանան իրենց` լավ, եթե՝ ոչ, իրենք որեւէ մեկին չեն միանալու: Իսկ ՀԺԿ ներկայացուցիչ Ռուզան Խաչատրյանն էլ փաստեց, որ այս քարոզարշավն անցնում է աննախադեպ ցինիզմի պայմաններում: Նա հատկապես կենտրոնացավ իշխանական թեկնածուի քարոզարշավի լուսաբանման վրա: Ինչպես հայտնի է, բոլոր հեռուստաընկերությունները Ս. Սարգսյանի քարոզչական հանդիպումները լուսաբանում են մեկ օր ուշացումով: Տիկին Խաչատրյանը, նշելով, որ ինքն Աջափնյակի բնակիչ է, տեղեկացրեց, որ հատուկ գնացել է հանրահավաքին, որպեսզի հետո համեմատի հեռուստատեսությամբ մատուցվողն ու իրականում եղածը: Հաջորդ օրը Ռ. Խաչատրյանը հեռուստատեսությամբ տեսել է բաներ, որոնք իրականում չեն եղել, իսկ այդ չեղած բաների մասին նա տեսել է բոլոր հեռուստաընկերությունների ռեպորտաժներում: Այս ամենից նախկին հեռուստալրագրող ՀԺԿ ներկայացուցիչը եզրակացրեց, որ ցուցադրվող կադրերն իրականում մշակվում եւ պատրաստվում են բոլորովին այլ տեղ, հետո նոր տրամադրվում հեռուստաընկերություններին: Եվ ահա հենց այդ պատճառով էլ այդ «լուսաբանումը» մեկ օր ուշանում է: Փաստելով, որ այս օրերին կազմալուծված են Հայաստանի դպրոցների, բուհերի եւ այլ հաստատությունների աշխատանքները, քանզի բոլորին ստիպում են մասնակցել իշխանության թեկնածուներից մեկի հանրահավաքներին, տիկին Խաչատրյանը նշում է, թե այս գործընթացում կարելի է հանդիպել երեւույթների, որոնք նույնիսկ ֆանտաստիկ գրականության մեջ դժվար է գտնել: Նշելով, թե հերթական անգամ ընդդիմադիր խաղեր տվող ՀՅԴ-ն հայտարարում է, թե կառավարության գործունեության համար ամբողջական պատասխանատվություն չի կրում, ՀԺԿ ներկայացուցիչը նկատում է, որ դա գուցե ինչ-որ տեղ հասկանալի է, բայց եթե կրթության ՀՅԴ-ական նախարարը չի արձագանքում այն փաստերին, որ իր ղեկավարած նախարարության ենթակայության տակ գտնվող բուհերի, դպրոցների ուսանողներին, աշակերտներին, դասախոսներին քշում են հանրահավաքներին, դա արդեն անհասկանալի է:

Նախընտրական քարոզարշավի անհավասար պայմանների մասին խոսեց նաեւ Արամ Կարապետյանի գլխավորած «Նոր Ժամանակներ» կուսակցության ներկայացուցիչ Հրաչյա Սարգսյանը: Ի դեպ, անդրադառնալով այն լուրերին, որ ՆԺԿ-ն առաջիկայում սատարելու է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, Հ. Սարգսյանը նշեց, որ փետրվարի 12-ին վերաքննիչ դատարանում ընթերցվելու է Ա. Կարապետյանի բողոքի դատավճիռը, ինչից հետո միայն նոր իրենք որոշում կկայացնեն: Հիշեցնենք, որ Ա. Կարապետյանը վիճարկում է իրեն ՀՀ-ում 10 տարվա մշտական բնակության տեղեկանք չտրամադրելու՝ Ոստիկանության որոշումը: Նշենք, որ ՄԱԱ-ի երեկվա քննարկմանը հրավիրված էր, սակայն չէր եկել ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: Ուստի, իշխանության թեկնածուին ուղղված մեղադրանքներին, բնականաբար, հակադարձող չեղավ: