Հեղափոխության հավանականությունն՝ ըստ Սադոյանի

11/02/2008 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Ազգային ժողովրդավարական դաշինք (ԱԺԴ) կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը երեկ «Տեսակետ» ակումբում հայտարարել է, թե նախագահական ընտրությունների ժամանակ Հայաստանում կա գունավոր հեղափոխություն իրականացնելու հավանականություն:

«Սակայն գունավոր հեղափոխության բարձր հավանականություն կարող էր լինել միայն այն ժամանակ, երբ բոլոր ընդդիմադիր ուժերը համախմբվեին: Եթե չմիավորվեն, այդ հավանականությունը այդքան էլ մեծ չի լինի, կլինի մի 20-30 տոկոսի սահմաններում»,- ասել է Ա. Սադոյանը: Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Սադոյանի ԱԺԴ-ն եւ ԱԺԿ, ՍԻՄ, «Ազգային պետություն», «Ուխտ», Վազգեն Մանուկյանի «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցությունները միավորվեցին ու ստեղծեցին Ազգային ժողովրդավարական շարժում: Ա. Սադոյանի խոսքերով` այդ բոլոր կուսակցությունները միասին ունեն շուրջ 20.000 անդամ: Եվ միավորման նպատակն էլ այն է, որ հետագայում ստեղծեն մի մեծ ու հզոր կուսակցություն: «Այս միավորումը երկարատեւ բանակցությունների արդյունք է: Այս միավորման գաղափարական հիմքն այն է, որ ազգային եւ առանձին մարդկանց շահերը ներդաշնակ միասնություն կազմեն: Եվ հավանական է, որ հետագայում մեզ միանան նաեւ այլ ուժեր: Մենք ուզում ենք ստեղծել մի հսկա կուսակցություն, որ հետագայում գանք իշխանության»,- ասել է պրն Սադոյանը: Իսկ մինչ այդ, մինչեւ փետրվարի 19-ի նախագահական ընտրություններն արդեն կարելի է վստահաբար ասել, որ ձախողվեցին Վազգեն Մանուկյան-«Դաշնակցություն» միավորում ստեղծելու բանակցությունները: Այդ բանակցություններն ընթանում էին մեկ ընդհանուր թեկնածուի շուրջ միավորվելու համար: Բայց, դեռեւս ո՛չ Վահան Հովհաննիսյանն իր թեկնածությունը հանուն Վազգեն Մանուկյանի հանելու մտադրություն ունի, եւ ո՛չ էլ հակառակը: Ամենայն հավանականությամբ, նման բան տեղի չի ունենա նաեւ առաջիկայում: Երկուսն էլ արդեն բազմաթիվ անգամ հայտարարել են, որ ուզում են դառնալ նախագահ եւ «գնալու են մինչեւ վերջ»:

ՀՅԴ-ն 2007թ. Ազգային ժողովի ընտրություններում ստացել էր մոտ 13 տոկոս ձայն: Մինչդեռ Վ. Մանուկյանը 2003թ. նախագահական ընտրությունների ժամանակ հավաքել էր ընդամենը 0,9 տոկոս: Նման պայմաններում ի՞նչն է խանգարում, որ այս ընտրություններին Վ. Մանուկյանը հանի իր թեկնածությունը եւ պաշտպանի Դաշնակցության թեկնածուին: «ՀՅԴ-ն հայտարարում է, թե սոցիալիստական կուսակցություն է: Սոցիալիստական ասելով` ես հասկանում եմ այնպիսի կուսակցություն, որը բարձր է գնահատում պետական հարկադրանքի մեխանիզմների դերը: Իսկ եթե ՀՅԴ-ն հայտարարի, որ իր մոտեցումների հիմքում դրված է ազգային ժողովրդավարության սկզբունքը, ես վաղը Վազգեն Մանուկյանին կհամոզեմ, որ պաշտպանի Վ. Հովհաննիսյանին: Այստեղ խնդիրը գաղափարական է: Բացի այդ, առաջին փուլում ընդդիմադիր ձայների փոշիացում չկա, պարզապես անհրաժեշտ է թույլ չտալ մի փուլով անցկացնելու թվանկարչությունը: Այսօրվա դրությամբ ֆորմալ միավորումներն այնքան էլ ձեռնտու չեն»,- նշել է Ա.Սադոյանը:

Իսկ ինչո՞վ է բացատրում Ա. Սադոյանը Վ. Մանուկյանի՝ պասիվ քարոզարշավ վարելու քաղաքականությունը, եւ արդյո՞ք նախագահի այդ թեկնածուն չհաղթելու իրական ցանկություն ունի: Պարզվում է, որ Մանուկյանն այնքան էլ պասիվ չէ. իրենք ամեն օր իրենց երիտասարդական թեւի ներկայացուցիչներին երկու մեքենաներով ուղարկում են մարզեր՝ քարոզելու եւ իրենց գաղափարների հետ ծանոթացնելու համար: Այդպիսով նրանք նաեւ սերնդափոխություն են իրականացնում: «Սերնդափոխություն իրականացնելով՝ մենք ապագայում իշխանության հասնելու հնարավորություն ենք ստանում: Սակայն դա չի նշանակում, որ այսօր մենք վստահ չենք մեր ուժերի վրա»,- ասել է Ա.Սադոյանը: Բայց արդյոք ընտրողը այդ երիտասարդների հետ շփվելով, նրանց քարոզը լսելով՝ կընտրի՞ Վ. Մանուկյանին: Չէ՞ որ նրանք նախագահ են ընտրելու: Որքան էլ չընդունենք, այստեղ անձերի դերը բավականին առաջնային է: «Երկրի համար առաջին քաղաքական ղեկավարի հարցին դուք նայում եք մարդու, նրա կարողությունների, կամային հատկությունների տեսանկյունից: Հանրապետության նախագահին, առաջին հերթին, պետք է նայել՝ որպես գաղափարների, մոտեցումների կրողի, երկրորդ հերթին` նոր պետք է լինի անձերի ընտրություն: Փառք աստծո, անձերի տեսակետից որեւէ բարդություն չունենք, Վազգեն Մանուկյանը, բոլորի կարծիքով էլ, համեմատաբար բարձր որակներ ունի»,- հարցին պատասխանել է Ա. Սադոյանը:

Նա անդրադարձել է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյան-Արթուր Բաղդասարյան հնարավոր միավորմանը: «Լավ ճանաչելով նրանց ամբիցիաները, կարծում եմ, որ նրանք իրենց խաղն են խաղում: Ո՛չ Արթուր Բաղդասարյանը, ո՛չ Լեւոն Տեր-Պետրոսյանը չեն հանի իրենց թեկնածությունը՝ հանուն մեկը մյուսի: Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ՀՀՇ-ն այս ընտրություններին մասնակցելով` սպիտակ դուրս գալու, մաքրվելու ցանկություն ունեն: Արթուր Բաղդասարյանի ցանկությունները հեռահար են, նա նախապատրաստվում է հաջորդ ընտրություններին նախագահ դառնալ: Շահերի, մոտեցումների այնպիսի էական տարբերություն կա, որ ես հավանական չեմ համարում այդ միավորումը»,- ասել է Ա. Սադոյանը: Վերջինս, ի դեպ, համեմատելով նախկին եւ ներկա իշխանություններին, հայտարարել է, որ հիմա թալանը հարյուրապատիկ ավելի շատ է: