ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրված Կոնստանդին Հարությունյանը Հայրենական մեծ պատերազմի վետերան է: Նրա կինը` 2-րդ, իսկ որդին 3-րդ խմբի հաշմանդամներ են: Երեք հոգուց բաղկացած այս ընտանիքը գոյատեւում է թոշակի հույսով: Նրանց ապրուստի միակ միջոցը` 6 քմ մակերեսով կրպակը, քաղաքապետարանն ապօրինաբար, բայց հանդիսավորությամբ քանդել է:
Սունդուկյան փողոցում` Գյուլբենկյան 24 շենքի կողային հատվածում, Կ. Հարությունյանն օրինական կարգով տեղադրել է առեւտրային կրպակ, շուրջ 12 տարի շահագործել այն ու վճարել բոլոր հարկերը:
2005 թ. օգոստոսի 2-ին քաղաքապետ Երվանդ Զախարյանը որոշում է ընդունել, որով հանձնարարվել է Գյուլբենկյան 24 շենքի կողային մասում գտնվող 4 կրպակներն ապամոնտաժել եւ տեղադրել արդի տեսակի կրպակաշար: Ապամոնտաժման, նախագծա-նախահաշվային եւ վերակառուցման ծախսերը դրվել են կրպակատերերի վրա, իսկ աշխատանքներն ավարտելու համար սահմանվել է մեկ տարի ժամկետ: Որոշման հիման վրա քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչությունը թողարկել է հողամասի գլխավոր հատակագիծը, ըստ որի` 4 կրպակների թիվն ավելացել է 3-ով ու դարձել 7: Սրա պատճառով Կ. Հարությունյանի կրպակի վայրը մոտ 10 մ տեղաշարժվել է: «Այդ հատակագծով կրպակներից երկուսը հայտնվել էին «կարմիր գծից» այն կողմ` գազոնի եւ մայթի վրա: Իսկ իմը տեղադրել էին ուղիղ «ԱրմենՏելի» կաբելաբաշխիչ հորի վրա»,- նշում է Կ. Հարությունյանը:
Հատակագիծը ստանալուց հետո վերջինս անմիջապես դիմել է քաղաքապետարան եւ խնդրել, որ կատարված սխալը շտկվի: Արդյունքի չհասնելով` նա դիմում-բողոքներ է գրել տարբեր ատյաններին: Շուտով բողոքին միացել է նաեւ «ԱրմենՏելը», եւ միայն դրանից հետո «ապամոնտաժման» աշխատանքները դադարեցվել են: Խնդիրն ուսումնասիրելու համար Երեւանի խորհրդի որոշմամբ ստեղծվել է հանձնաժողով: «Դրանից մոտ 3 ամիս անց` հունիսի 1-ին, քաղաքապետարանը կրպակս քանդեց: Ավերմանը ես ներկա չեմ եղել: Երբ եկա, սառնարանները, ամբողջ սննդամթերքը շպրտել էին դուրս: Ապրանքի մի մասն անհետացավ, մյուսն էլ փչացավ,- պատմում է Կ. Հարությունյանը:- Քանդելու մասին ինձ տեղեկացրել էին 5 օր առաջ, մինչդեռ նախազգուշացման ժամկետը 30 օր է: Բայց կարեւորն այն է, որ քանդելու իրավունք չունեին, որովհետեւ գործընթացը սառեցված էր, եւ հարցը քննարկվում էր հանձնաժողովում»: Երեւանի խորհրդի ձեւավորած հանձնաժողովի ուսումնասիրությունների հիման վրա քաղաքապետը 2006 թ. հունիսի 9-ին փոփոխություն է կատարել իր ընդունած 2005 թ. օգոստոսի 2-ի որոշման մեջ, որով կրպակների ապամոնտաժման եւ վերակառուցման համար սահմանված ժամկետը երկարացվել է մեկ տարով` մինչեւ 2007թ. հունիսի 9-ը: Սրա հիման վրա օրեր անց թողարկվել է նոր գլխավոր հատակագիծ, որի համաձայն` կրպակաշարում հողամաս է տրամադրվել արդեն 6 կրպակների համար, իսկ Կ. Հարությունյանին հատկացված 6 քմ տարածքն «ԱրմենՏելի» հորի վրայից հանվել է: «Երկար քաշքշուկներից հետո Արաբկիրի թաղապետարանը վերջապես հետս հողատարածքի վարձակալական պայմանագիր կնքեց: Բայց հետո հայտարարեցին, որ այն ուղարկվել է քաղաքապետարան ու չի վավերացվել»,- հիշում է պատերազմի վետերանը: Քաղաքապետարանից նրան պատասխանել են, թե կրպակաշարի տեղադրման համար տրամադրված հողամասերի պետական գրանցումը պետք է կատարվեր 60-օրյա ժամկետում` մինչեւ 01.04. 2006թ.: «Կազմակերպվող կրպակաշարի կազմում ընդգրկված վարձակալների կողմից, բացառությամբ Ձեզ (Կ. Հարությունյան), Երեւանի քաղաքապետի որոշմամբ սահմանված ժամկետներում կատարվել են բոլոր անհրաժեշտ ձեւակերպումները, ստացվել են անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականներ, պատրաստվել եւ համաձայնեցվել են տաղավարների նախագծերը, ստացվել են շինարարական թույլտվությունները, եւ տեղադրման աշխատանքներն արդեն ավարտված են»:
Նշենք, սակայն, որ այս պատասխանում Ե. Զախարյանի 02.08.2005 թ. որոշումը մեկնաբանվել է սխալ: Իրականում 60-օրյա ժամկետը սահմանված էր ոչ թե հողամասերի պետական գրանցման, այլ գլխավոր հատակագծի թողարկումից հետո թաղապետարանի հետ տարածքի վարձակալական պայմանագիր կնքելու համար: Գլխավոր հատակագիծը թողարկվել է 2006 թ. հունիսի 28-ին, իսկ նախորդը համարվել է չեղյալ: Այսինքն` դրանից առաջ կրպակ քանդելն ուղղակի անօրինություն էր: Անհասկանալի է նաեւ, թե մինչ այդ ի՞նչ իրավական հիմքով են մյուս վարձակալները փաստաթղթային ձեւակերպումները կատարել, ավելին` հասցրել են ավարտել կրպակների տեղադրման աշխատանքները:
«Երբ մյուս վարձակալներն իրենց կրպակները տեղադրեցին, նրանցից երկուսի տարածքը կրկնակի մեծացել էր` դառնալով 12 քմ: Դրա հետեւանքով ինձ հատկացված 6 քմ տարածքի կեսն այսօր փաստացի զբաղեցված է,- ասում է Կ. Հարությունյանը:- Բազմիցս դիմել եմ քաղաքապետարան ու հարցրել, թե ո՞ւմ մեղքով է ստեղծվել այս վիճակը, եւ ինչո՞ւ են կրպակաշարում ներգրավել եւս 2 հոգու, որոնք տվյալ հատվածում նախկինում կրպակ չեն ունեցել: Սկզբում դիմումներիս պատասխաններում այս հարցը շրջանցում էին: Հետո գրեցին, որ ստեղծվել է հանձնաժողով, խնդիրը կուսումնասիրվի, եւ կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ` նախագծային տեսքը վերականգնելու համար: Բայց ոչ մի բան էլ չարեցին»:
Ավելի ուշ քաղաքապետարանից հայտնել են, որ «կրպակաշար կազմակերպելիս հաշվի է առնվել նաեւ Արաբկիրի թաղապետի միջնորդությունը` նոր կրպակաշարում եւս 2 անձանց ներգրավելու մասին»:
«Թաղապետին հարցում ուղարկեցի եւ խնդրեցի պարզաբանել` նման միջնորդություն արե՞լ է, թե՞ ոչ: Փոխթաղապետը գրեց, թե` բավարար պատասխան տալու համար դիմել ենք քաղաքապետարան: Ես հարցնում եմ` ինչո՞ւ եք միջնորդել, ասում են` սպասի քաղաքապետարանից ճշտենք»,- զարմանում է Կ. Հարությունյանը:
Որոշ ժամանակ անց Արաբկիրի փոխթաղապետ Տ. Խուրշուդյանն ուղարկել է իր «բավարար» պատասխանը: Սակայն դրանում հիշյալ հարցին ընդհանրապես չի անդրադարձել:
83-ամյա ծերունին իր կրպակի պատմության մասին դիմում-բողոքներ է գրել հանրապետության եւ ԱԺ նախագահներին, վարչապետին, գլխավոր դատախազին ու ՀՅԴ կուսակցությանը: Գրեթե բոլոր դեպքերում դրանք մակագրվել են քաղաքապետարան: Իսկ այստեղից ամեն անգամ հնչել է նույն պատասխանը` դիմողի կողմից սահմանված ժամկետները խախտվել են: Խնդրին ծանոթ է նաեւ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: Վերջինիս կոնկրետ հարցադրումներին եւս քաղաքապետը տվել է լղոզված եւ իր իսկ որոշումներին հակասող պատասխաններ:
Կ. Հարությունյանը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան: «Նիստը 10 րոպե տեւեց: Դատավոր Գայանե Կարախանյանը հարցրեց` հողի վարձակալական պայմանագիր ունե՞ս: Պայմանագիրը հանձնեցի նրան: Ասաց` քեզ հատկացված հողատարածքը ներկայումս ուրիշի կողմից զբաղեցված է: Պատասխանեցի` այո, իսկ քաղաքապետարանի ներկայացուցիչը, թե` ոչ,- պատմում է պատերազմի վետերանը,- դատն ընդմիջվեց: Հաջորդ նիստին դատավորը հայցս մերժեց: Հետո տեսա, որ դատավճիռը բառացիորեն արտագրված էր քաղաքապետարանի ներկայացրած պատասխանից»:
Ծերունին վճիռը բողոքարկել է Վերաքննիչ դատարանում եւ ակնկալում է, որ գոնե այս ատյանում արդարությունը կվերականգնվի: Բացի այդ, նա մեծ հույսեր է կապում օմբուդսմենի եւ նախագահի հանդիպման հետ: Պաշտպանի գրասենյակում Կ. Հարությունյանին ասել են` «հարցը գրավոր չի լուծվում, պաշտպանը պիտի գնա նախագահի մոտ եւ այդ մասին կխոսի»:
Կրպակի հարցը լուծելու համար անհրաժեշտ է Ռոբերտ Քոչարյանի միջամտությունը:
«Էս ի՞նչ երկիր է,- հարցնում է պատերազմի վետերանը եւ ավելացնում,- հարցը միայն կրպակը չէ: Ես հոգեպես կոտրվել եմ: Սեւին ասում են` սպիտակ է, ու վերջ: Ոչինչ փոխել չի ստացվում»:
Արարատ ԴԱՎԹՅԱՆ
www.hetq.am