«Հայերի մեջ թշնամու կերպարն ավելի ամուր է»

11/02/2008

– Արդյոք կարելի՞ է ներկայիս երիտասարդությանը համարել մեր հասարակության ակտիվ քաղաքական հատված։ Ինչպիսի՞ դեր է այն խաղում (կամ կարող է խաղալ) քաղաքական որոշումներ ընդունելու գործընթացում։

– 2007թ. հունիսին ադրբեջանցի երիտասարդության (18-30 տարեկան) շրջանում մեր կենտրոնի անցկացրած սոցիոլոգիական հարցումները ցույց տվեցին, որ երիտասարդության 78%-ն անտարբեր է երկրի հասարակական-քաղաքական կյանքի նկատմամբ, իսկ ակտիվ մասը լավագույն դեպքում կազմում է ընդհանուր զանգվածի 22%-ը։ Սա շա՞տ է, թե՞ քիչ։ Իհարկե, մի երկրի համար, որն այս պահին կանգնած է հասարակության ժողովրդավարական հիմքերի (ազնիվ եւ արդար ընտրություններ, մարդու իրավունքներ, խոսքի ազատություն, դատարանների անկախություն եւ այլն) կայացման խնդիրների առաջ, ակտիվության այդպիսի տոկոսը շատ ցածր է։ Բայց խնդիրն այն է, որ մոտավորապես ակտիվության նույն չափն է նկատվում նաեւ երկրի ամբողջ բնակչության շրջանում։ Այսինքն` երիտասարդության հասարակական-քաղաքական ակտիվության մակարդակը լիովին համաձայնեցվում է բնակչության ընդհանուր (ոչ շատ բարձր) ակտիվության հետ։ Այսպիսի ոչ բարձր ակտիվության պատճառն առանձին թեմա է, ուստի այստեղ մանրամասնորեն չի դիտարկվի։ Այն հարցին, թե «Երիտասարդությունն ի՞նչ դեր է խաղում քաղաքական որոշումների ընդունման գործընթացում», կարելի է պատասխանել, որ համարյա բոլոր կուսակցություններում (թե՛ կառավարական, թե՛ ընդդիմադիր) գոյություն ունեն երիտասարդական կուսակցական կազմակերպություններ, եւ սկզբունքորեն ցանկացած երիտասարդ կարող է մասնակցել քաղաքական գործունեությանը եւ այդպիսով ազդել քաղաքական որոշումների կայացման վրա։ Սակայն, ընդհանուր առմամբ, ներկա իշխանությունն այնքան էլ չի ողջունում երիտասարդների ներգրավումը քաղաքական եւ, առավել եւս, պետական գործերի մեջ։ Մանավանդ, եթե այդ երիտասարդությունը «յուրային» չէ, այսինքն` չի կիսում նրա հայացքներն ու իղձերը։ Լավագույն դեպքում իշխանությունը թույլ է տալիս հասարակական-քաղաքական գործունեությամբ զբաղվել այն երիտասարդներին, որոնք դուրս են եկել նրա միջավայրից (օրինակ` «Յենի Ազերբայջան» կառավարական կուսակցության երիտասարդական կազմակերպությունից կամ մերձկառավարական ՀԿ-ներից), իսկ մնացած անկախ եւ ժողովրդավարական երիտասարդական կազմակերպություններին վերաբերվում են շատ խիստ։ Օրինակ` կարող են հասարակական-քաղաքական գործունեության համար դաժան ծեծի ենթարկել, ձերբակալել, հեռացնել աշխատանքից կամ համալսարանից եւ նույնիսկ սպանել։ Հասարակության համատարած կոռումպացվածության եւ հնազանդության պայմաններում, երիտասարդությունը, ինչպես եւ հասարակության մյուս խավերը, այնքան էլ չեն հավատում ակտիվ հասարակական-քաղաքական գործունեության օրինական ձեւերին` որպես կարեւոր քաղաքական որոշումների կայացման վրա ազդեցության գործիքի։ Առայժմ երիտասարդությունը եւ հատկապես ուսանողությունը երկրում ինքնուրույն քաղաքական ուժ դառնալու նկատելի ցանկություն չի դրսեւորում։

– Ղարաբաղյան հակամարտությունն ազդե՞լ է այսօրվա 20-ամյա երիտասարդների վրա, որոնք, փաստորեն, մեծացել են հակամարտության պայմաններում։

– Անկասկած։ Այդ հակամարտությունը չէր կարող չազդել մարդկանց, այդ թվում` երիտասարդության աշխարհայացքի վրա։ Բնակչությունը եւ հատկապես երիտասարդությունն ավելի վճռական է դարձել պատերազմի եւ խաղաղության հարցերում` համարելով, որ նման իրադրություններում հաղթում է նա, ով ուժեղ է, որ յուրաքանչյուրը պետք է իր գլխի ճարը տեսնի։

– Այդ ազդեցությունն ավելի շուտ բացասակա՞ն է, թե՞ ունի նաեւ դրական կողմ:

– Հաշվի առնելով ադրբեջանցիների համեմատաբար թույլ պատմական հիշողությունը, որն ունի թե՛ սուբյեկտիվ, թե՛ օբյեկտիվ պատճառներ, եւ ըստ այդմ` էթնոկենտրոնության ցածր մակարդակը, կարելի է ասել, որ բացասական կողմերի հետ միասին այս հակամարտությունը երբեմն դրսեւորում է նաեւ դրական ասպեկտներ։ Այսպես, երբ 1980-ականների վերջին հայերը հերթական անգամ բարձրացրին ղարաբաղյան խնդիրը, իսկ նման բան երկու ժողովուրդների պատմության մեջ առաջին անգամ չի պատահում, ադրբեջանցիները, այդ թվում՝ եւ երիտասարդները, իրենց ուշադրությունը սեւեռեցին սեփական էթնիկ ինքնության եւ ազգային զարգացման խնդրի վրա։ Բայց հարեւան երկրի հետ ավերիչ եւ մահաբեր տարածքային հակամարտությունը չի կարող համարվել ազգային ինքնության գաղափարի զարգացման լավ շարժառիթ. լավ կլիներ, եթե այդ բանը պատահեր խաղաղ ժամանակ եւ առանց արյունահեղության։ Ուստի բնակչության, նրա աշխարհայացքի վրա ղարաբաղյան հակամարտության ազդեցությունը պետք է համարել ավելի բացասական, քան դրական։

– Ի՞նչ գիտելիքների հիման վրա է ձեւավորվում երիտասարդության վերաբերմունքը հայերի նկատմամբ։

– Հիմնականում տեղական ԶԼՄ-ից ստացված տեղեկատվության հիման վրա։ Սակայն արբանյակային հեռուստատեսության եւ Ինտերնետի զարգացման հետ միասին տեղեկատվության աղբյուրների քանակն աճում է։ Այդ խնդրի եւ դրան առնչվող հարցերի մասին բնակչությունը հիմա կարող է իմանալ ամերիկյան, եվրոպական, թուրքական, ռուսական եւ այլ աղբյուրներից։ Բայց ղարաբաղյան հակամարտության հակառակ կողմի նկատմամբ երիտասարդության վերաբերմունքի մեջ հատուկ փոփոխություններ չեն նկատվում։ Ղարաբաղյան խնդրի ի հայտ գալուց հետո վերաբերմունքը հայերի նկատմամբ դարձավ եւ մինչեւ այժմ մնում է բացասական։ Նման վերաբերմունք կողմերից մեկի մոտ մյուս կողմի նկատմամբ կարող է ձեւավորվել այն դեպքում, երբ առաջինը ենթարկվել է երկրորդի դաժան ագրեսիային։

– Երիտասարդների ո՞ր խմբի վրա է ավելի շատ ազդել ղարաբաղյան հակամարտությունը, ո՞ր խմբի հայ եւ ադրբեջանցի երիտասարդների մոտ է ավելի շատ արմատացել «թշնամու կերպարը»՝ ի դեմս հարեւանի։

– Այդ հարցին սպառիչ պատասխան տալու համար պետք է ունենալ երկու կողմերին վերաբերող սոցիոլոգիական տվյալներ եւ համեմատել դրանք։ Անկասկած է, որ ադրբեջանցիների մեծամասնությունը, այդ թվում` երիտասարդությունը, հայերին վերաբերվում են որպես թշնամիների, որոնք զավթել են իրենց տարածքների մի մասը` թաքնվելով ինքնորոշման սկզբունքների ետեւում։ Ընդհանուր առմամբ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ հայկական կողմն, ի տարբերություն ադրբեջանականի, ըստ էության, երբեք առանձնապես չի վերանայել իր մեջ ադրբեջանցիների նկատմամբ արմատացած «թշնամու կերպարը»։ Չէ՞ որ «ղարաբաղյան հակամարտության» միտքը հասունացել է դեռ խորհրդային շրջանում։ Իրականում այդ ընթացքը երբեք էլ չի դադարել` սկսած այն օրից, երբ հայերը վերաբնակվել են Ղարաբաղում։ Իսկ ադրբեջանցիների մոտ այդ կերպարը ձեւավորվել է «ղարաբաղյան հակամարտությունից» հետո։ Ուստի ենթադրում եմ, որ ընդհանուր առմամբ հայերի մոտ ադրբեջանցիների նկատմամբ «թշնամու կերպարը» շատ ավելի ուժեղ է եւ խորը, քան ադրբեջանցիների մոտ հայերի նկատմամբ։

Զրույցը` Զաուր ՌԱՍՈՒԼԶԱԴԵԻ