«Իրենք մեր վրա թքած ունեն, մենք էլ ոչ մեկին ձայն չենք տա»,- ասում է տիկին Ռիման

11/02/2008 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

60 տարեկան Ռիմայի տրամադրությունը դեպրեսիկ է, ու նա խոսելիս չի կարողանում թաքցնել իր անզորությունը։ «Չգիտեմ ինչ է լինելու»,- ասում է բավականին բարեկիրթ ու գրագետ տպավորություն թողնող կինը: Խնդիրներն այնքան շատ են, որ տիկին Ռիման չի խորշում անփույթ երեւալ, չի թաքցնում, որ կյանքի իմաստը կամաց-կամաց վերածվում է հենց այնպես գոյատեւելու բնազդի: 2 տղա ունի, որոնցից ավագը` Մարատը, ամուսնացել, ընտանիք է կազմել, եւ սպասում են երրորդ երեխային: Այս ընտանիքի անդամներն, ի տարբերություն շատ անապահով մարդկանց, կարողացել են իրենց շուրջը հարմարավետություն ստեղծել, չնայած նրան, որ վեց հոգով ապրում են Վարդաշենի հանրակացարանի նկուղային սենյակում: Նրանց տուն մտնելուն պես խոնավության հոտը դիպչում է քթիդ, իսկ ներսի խավարին սովորելու համար պետք է դրսի լույսին ուշադրություն չդարձնել: Իմ ու տիկին Ռիմայի խոսակցության ընթացքում մի երիտասարդ, դեմքի խիստ լարված արտահայտությամբ, ագրեսիվ հայացքով կտրուկ անցնում է մի սենյակից մյուսն ու արհամարհական փակում է սենյակի դուռը: 23 տարեկան Արմենն է, ով մանկահասակ տարիքում գլխից սխալ ներարկում ստանալու պատճառով տարիների ընթացքում ձեռք է բերել էպիլեպսիա հիվանդությունը: Այս շենքի բնակիչները պատմում են, որ տիկին Ռիման տառապանքից կամաց-կամաց մարում է, որովհետեւ չի կարողանում տղային ինչպես հարկն է խնամել: Արմենի մայրը` տիկին Ռիման, խոր հոգոց հանելով ասում է` «Գիտեմ, որ շատերին եք օգնում, ես զանգահարել էի, որ գաք ու մի բանով էլ մեզ օգնեք: Էլ ուժ չունեմ, անելանելի վիճակում ենք»:

Տեսնելով տատիկի հուզմունքը՝ մոտենում է 3 տարեկան Ռիման ու գրկելով նրան ասում է` «Տատի՛կ, ուզո՞ւմ ես քո համար «Սագիկ-սագիկ» ոտանավորն ասեմ»: Տիկին Ռիմայի լացակումած աչքերը պայծառանում են, ու նա կարծես մի պահ մոռանում է, թե ինչ ծանր թեմայի մասին էր խոսում: Հարցնում եմ` «Բայց ինչո՞վ կարող ենք օգտակար լինել»: Պատասխանում է` «Արմենս 2-րդ կարգի հաշմանդամ է, գլխի հիվանդ է, որտեղ ասես չենք պառկեցրել` Ավանում, Նուբարաշենում, բայց բուժումից հետո վիճակն էլ ավելի բարդանում է, ներվային համակարգը շատ գրգռված վիճակում է, խոսակցականն էլ ահավոր է դարձել: Ախր տանում ենք հիվանդանոց, բայց ոչ մի օգնություն էլ չեն ցուցաբերում»: Տիկին Ռիման պատմում է, որ նման հիվանդություն ունեցող մարդկանց համար պետությունն անվճար դեղորայք տրամադրելու հնարավորություն է տալիս, սակայն` «Իբր անվճար է, բայց մեծամասնությունը գնում եմ: Միշտ էդպես է, մի օր մի անուն դեղն են տալիս, մյուսներն ասում են՝ չունենք, մի օր էլ մեկն անվճար են տալիս, իսկ էն երկու անունն, ասում են՝ դուք գնեք, բայց դրանք շատ թանկ են»: 2-րդ կարգի հաշմանդամ՝ Արմենին բժիշկը նշանակել է, օրինակ` «Ամինազին» հոգեմետ դեղը, որն արդեն մեկ տարի է, ինչ Ավանի հոգեբուժարանը չի տրամադրում: 3900 դրամ արժողությամբ այս դեղահաբերից Արմենը խմում է օրվա մեջ երեք անգամ, իսկ նման անապահով ընտանիքների համար դեղորայք գնելը մեծ բեռ է: Արմենին նշանակած մյուս դեղն արժե 7800 դրամ, իսկ նա որպես երկրորդ կարգի հաշմանդամ նախկին՝ 5000 դրամի փոխարեն՝ ներկայումս ստանում է 8000 դրամ հաշմանդամության թոշակ: Նախկինում անտուն բազմանդամ ընտանիքն արդեն 17 տարի ապրում է այս նկուղային սենյակում: Տիկին Ռիման թոշակառու է, հարսը՝ հղի, հետեւաբար՝ չի կարող աշխատել, իսկ ավագ որդին` Մարատը, սեզոնային աշխատանք է կատարում: «Չի ստացվում ապրել, հարեւաններին ու խանութներին էնքան պարտք ենք, որ ամբողջ կյանքում պիտի էդ պարտքերը մարենք: Թոռնիկիս տարանք բժշկի, պարզվեց՝ տեսողությունը վատ է, ակնոց նշանակեցին, բայց չենք կարողանում մի երկու կոպեկ ետ գցենք, որ երեխայի համար ակնոց գնենք»: Տիկին Ռիման՝ հասկանալով, որ երեխայի տեսողությունը գնալով վատանում է՝ որոշել է գնալ ցանկացած միջոցի, միայն թե թոռնիկի տեսողությունը կայունանա: Իմանալով, որ օրեր առաջ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը «Մոսկվա» կինոթատրոն պետք է գնա` գնացել է այնտեղ: «Գնացի ու դիմում տվեցի, որով խնդրում էի՝ երեխային ակնոց ու տղայիս դեղորայք գնելու համար օգնել: Մեկ էլ խնդրել էի, որ սեփականաշնորհման համար միջամտի, որ փող չուզեն: Ինքը հայտարարեց, որ մեր սեփականաշնորհումն անվճար պիտի անեն, բայց 60.000 դրամ են ուզում: Դիմում եմ թաղապետարան` ասում են` 60.000 պիտի տաս: Դիմեցի Ս. Սարգսյանին, խնդրեցի, բայց դեռ պատասխան չկա»,- պատմում է տիկին Ռիման` վստահեցնելով, որ իրենց ապրելու միակ կենսամիջոցը 19.000 դրամ «Փարոսի» նպաստը, իր 9000 եւ Արմենի 8000 դրամ թոշակն են: Տիկին Ռիման իրենց սոցիալական վիճակն ինչ-որ չափով թեթեւացնելու համար դիմում է ՀՀ նախագահական ընտրությունների համար ստեղծված տեղամասային շտաբներ. «Ոչ մեկն էլ չի օգնում, ասում են` ո՞ր մեկիդ հարցը լուծենք»: 60 տարեկան այս կինը մասնագիտությամբ քիմիկ-լաբորանտ է, ով երկար տարիներ աշխատել է Ավտոդողերի, Մետաքսի գործարաններում, սակայն ներկայումս աշխատանք չի գտնում, որովհետեւ համարում են, որ ծեր է աշխատելու համար: «Արթուր Բաղդասարյանի աշխատակազմից, Լեւոն Տեր-Պետրոսյանի, Վազգեն Մանուկյանի ներկայացուցիչներն էլ են եկել, բայց բոլորին էլ ասել եմ, որ` ոչ մեկին ձայն չեմ տալու: Ով իմ ընտանեկան հարցերից գոնե մեկը լուծի` թոռնիկիս ակնոցով կամ տղայիս դեղորայքով կօգնի՝ նրան էլ ձայն կտամ: Անուն-ազգանուն, անձնագրի համար են ուզում, բայց բոլորին էլ ասում եմ, որ ոչ մի բան չունեմ ձեզ տալու: Իրենք մեր վրա թքած ունեն, մենք էլ ոչ մեկին ձայն չենք տա»: