Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության Բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը: Հանձնաժողովը քննարկել է 7 բարեգործական ծրագիր: Քննարկվել եւ հաստատվել են` «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի սրտաբանական հիվանդանոցի նախագծում» եւ «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար գյուղի «Հովիկ Էդգարյանի անվան արվեստի դպրոցի» ՊՈԱԿ-ի կահավորում», «Վորլդ Վիժն Ինտերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող «Բարեգործական բեռների ներմուծում եւ անհատույց բաշխում Կապանի տարածաշրջանում», «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի «Մաստարայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի եռահարկ առաջին մասնաշենքի վերակառուցում եւ վերանորոգում» ծրագրերը: «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից 2008թ. ՀՀ-ում իրականացվող ծրագրի նպատակն է` օգնել փողոցում հայտնված երեխաներին եւ ծերերին, նրանց շրջանում վերացնել մուրացկանությունը, աջակցել աղքատության մեջ գտնվող ընտանիքներին եւ միայնակ ու կարիքավոր ծերերին: «Ծնողազուրկ երեխաների հանձնախումբ» բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող ծրագրի նպատակն է` օգնել զոհված եւ վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին կենցաղային տեխնիկայով: «Շուշի. վերածնունդ» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագիրը նպատակ ունի հիմնել անվճար տպագրատուն Շուշի քաղաքում: