Արձագանքում են «168 Ժամի» հրապարակումներին

11/02/2008

Դեռեւս 2004թ. սեպտեմբերից` «168 Ժամի» ստեղծման օրից, մենք մեր թերթի բոլոր համարներում անդրադառնում ենք սոցիալապես անապահով ընտանիքներին, նրանց խնդիրներին:

Շատ ընտանիքներ ու միայնակ մայրեր ու ծերեր այսօր սոցիալական ծայրահեղ վատ վիճակում են ապրում: Ոմանք` իրենց մեղքով, ոմանք` պետության սոցիալական սխալ քաղաքականության պատճառով, ոմանք` չինովնիկների անարդարության եւ անտարբերության զոհն են, մի մասը` աշխատանք չունենալու պատճառով է այդ վիճակին հասել: Հաճախ նրանք այնպիսի ծայրահեղ վիճակում են լինում, որ չեն կարողանում օգտվել բուժծառայություններից: Մեր բոլոր հրապարակումներին մշտապես արձագանքել են անհատ քաղաքացիներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, պետական մարմինների, բուժհիմնարկների, հասարակական-բարեգործական կազմակերպությունների, բիզնես-ընկերությունների աշխատակիցներ եւ սեփականատերեր: Մեր հրապարակումներին մշտապես արձագանքել են նաեւ արտասահմանյան տարբեր երկրներում ապրող հայերը: Եվ ամեն անգամ, երբ անծանոթ մարդիկ ձեռք են մեկնում այս ընտանիքներին, մենք ուրախանում ենք, որ միմյանց բոլորովին անծանոթ մարդիկ կարող են օգնել իրար, կարեկցել: Եվ, ուրեմն` ամեն ինչ դեռ կորած չէ: Մենք ուրախ ենք, որ թերթի մի հրապարակումով կարող է փոխվել թեկուզեւ մեկ ընտանիքի, մեկ մարդու` անչափահաս երեխայի, միայնակ ծեր մարդու կյանք: Իսկ այդպիսի օրինակներ մենք կարող ենք արդեն հարյուրներով նշել:

Այսպես, «168 Ժամի» նախորդ համարներից մեկում տպագրված «Խնդրում եմ, օգնե՛ք, մի բա՛ն արեք, չեմ դիմանում» հոդվածին արձագանքել են թե՛ պետական մարմինները եւ թե՛ շարքային քաղաքացիները: Հոդվածում նկարագրել էինք Վարդաշենի հանրակացարանում ապրող միայնակ թոշակառու Ռոզա Խաչատրյանի ծայրահեղ անապահով վիճակը: Մեր հրապարակմանն արձագանքել է ՀՀ կառավարությունը` ՀՀ Առողջապահության նախարարության միջոցով տիկին Ռոզային անմիջապես «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխելով: Երեկ մենք այցելեցինք տիկին Ռոզային: Նա իր երախտագիտությունն էր հայտնում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին եւ նրա աշխատակազմին` հոդվածին արձագանքելու համար, ինչպես նաեւ` հիվանդանոցի բուժաշխատողներին` հոգատարության համար: Հոդվածի հրապարակումից հետո տիկին Ռոզային են այցելել նաեւ «Սթար» սուպերմարկետների ցանցի ներկայացուցիչները եւ արկղերով, ցելոֆաններով սննդամթերք են տրամադրել: Որոշ քաղաքացիներ էլ, չցանկանալով նշել իրենց անունները, տիկին Ռոզային գումարային աջակցություն են ցուցաբերել:

«168 Ժամում» հրապարակված մեկ այլ` «Միայնակ կինն օգնություն է խնդրում» վերնագրով հոդվածը պատմում էր Գայանե Ադիբեկյանի մասին, ով տարիներ շարունակ չէր կարողանում էլեկտրացանցում անվանափոխություն կատարել: Այս հրապարակումը նույնպես մեծ արձագանք ունեցավ եւ Գայանեին բազմաթիվ մարդիկ ու գերատեսչություններ օգնեցին: Գայանեն մեզ խնդրել է իր շնորհակալական խոսքը փոխանցել մասնավորապես ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին, ով անձամբ է լսել տիկին Գայանեի խնդիրն ու անմիջապես հանձնարարել է կատարել անվանափոխությունը: