«Մարդիկ լաց են լինում, իսկ ես ուրախանում եմ»,- ասում է Արթուր Իսպիրյանը։ Իհարկե, նա ոչ մոլագար է, ոչ էլ խենթ է։ Նա շատ նուրբ, կիրթ ու գեղեցիկ երաժշտական կատարումների հեղինակ է։ Արթուրը պարզապես սիրում է, երբ Կասկադի բացօթյա համերգների ժամանակ մարդկանց այտերին արցունքներ են երեւում։ Կազմակերպելով համերգները, նա փորձում է մարդկանց սրտերում արթնացնել լավ երաժշտության կարոտը։ «Մարդկանց զգացմունքները շարժելը ամենամեծ ուրախությունն է»,- ասում է նա։
Արթուր Իսպիրյանը կատակով ասում է, որ սովորել է Պոլիտեխնիկական ինստիտուտի էներգոֆակուլտետի վոկալի բաժնում։ Նրա կատարած բոլոր երգերը ռոմանտիկ փոքր պատմություններ են, իսկ սուր հումորով ու հեգնանքով լի իր սեփական դիտարկումները նա պատրաստվում է առանձին գրքույկով տպագրել։ «Արդեն գրքիս առաջին երկու էջերը գրել եմ»,- հումորով ասում է նա։ Կես տարի ապրելով ՀՀ-ում, կես տարի էլ ապրելով ԱՄՆ-ում, Արթուր Իսպիրյանը պարզել է, որ ամենից շատ չի սիրում «ֆաստ-ֆուդը» եւ «ֆաստ երաժշտությունը», որոնք մեծ հաշվով նույն բանն են։ Այնպես, ինչպես իրեն հարգող յուրաքանչյուր մարդ կխուսափի գազավորված քաղցր ըմպելիքներից, այնպես էլ կխուսափի գազավորված փոփ երաժշտությունից։ Ախր, ժամանակն ու առողջությունն ամենաթանկ բաներն են։ «Հայաստանի բոլոր հարուստները գեր են, իսկ ամերիկացի հարուստները նիհար են»,- մեկնաբանությունները թողնելով մեզ՝ ասում է Արթուր Իսպիրյանը, ով՝ լինելով ԱՄՆ քաղաքացի, իրավունք չունի մասնակցել ՀՀ նախագահական ընտրություններին. «Ճակատագրի բերումով՝ ես ամուսնացել եմ ԱՄՆ քաղաքացուհու հետ եւ ինքս էլ դարձել եմ ԱՄՆ քաղաքացի: Ես երկու զավակ ունեմ եւ իմ երեխաներն ավելի լավ կրթություն կստանան ու ավելի ապահով կլինեն Ամերիկայում, քան Հայաստանում: Ցավում եմ, որ այդպես է, բայց դեռ այդպես է»:
– Նախընտրական պրոցեսին շատ երգիչներ են մասնակցում, երգում ու երգ-քարոզի դիմաց գումար են ստանում։ Դա նորմա՞լ է։
– Պարտադիր չէ, որ քեզ որեւէ մեկը գումար տա, որպեսզի դու ընտրես այդ որեւէ մեկին: Եվ պարտադիր չէ նաեւ գնալ-կանգնել թեկնածուի կողքին ու քծնել նրան, հետո էլ քո ժպիտի դիմաց փող պահանջել։ Բոլոր երգիչներն իմ ընկերներն են, ես նրանց սիրում եմ, հասկանում եմ, բայց ընտրել, միեւնույն է, պետք է ոչ թե նրան, ով վարձահատույց է լինում քեզ, այլ` նրան, ով Հայաստանի ապագայի համար ամենալավը կլինի: Կոնկրետ ինձ համար ամեն դեպքերում էլ լավ է լինելու, քանի որ նա, ով ինձ համար լավ բան է անելու, այստեղ չի գտնվում, նա վերեւում է:
– Բարձրյալն է։
– Այո։
– Կասկադում, որտեղ տեղակայված կլինի «Գաֆէսճեան թանգարանը», զարմանալի մաքուր կանաչ տարածքներ են։ Մաքրությունն ապահովվում է համազգեստ հագած հսկիչների՞ շնորհիվ, թե՞ մարդիկ պարզապես աղբ չեն նետում խոտի վրա։
– Երբ Կասկադում դասական կամ ջազային երաժշտության համերգ է կազմակերպվում, գետնին չես կարող տեսնել ոչ արեւածաղկի սերմ, ոչ էլ թուղթ: Չեմ ասում, որ մարդիկ են քիչ, պարզապես երաժշտության ժանրը թույլ չի տալիս կեղտոտել այգին: Ընդ որում՝ փոփ երաժշտությունը հնչում է Կասկադում միայն տարին մեկ անգամ` հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրը, մնացած օրերին փոփ երաժշտությունը բացառվում է, քանի որ այն առանց դրա էլ շատ է ու անհետաքրքիր է:
Մենք նույնիսկ մտածել էինք այգում հատուկ աղբամաններ տեղադրել, որոնք ֆոտոէլեմենտներով կաշխատեին, ու ամեն անգամ, երբ մարդը մեջը աղբ կնետեր, կսկսեին երգել ու ասել` շնորհակալություն քաղաքը մաքուր պահելու համար: Հետո հասկացանք, որ կարող է մարդիկ հատուկ գան ու աղբ գցեն` հատուկ լսելու համար ասենք` «Երեւանում տոն է, թող բոլորը գան» երգի հատվածը: Այդ գաղափարը իրականացնելը տեխնիկապես շատ հեշտ էր, բայց կասկածեցինք` արդյո՞ք լավ է, որ աղբամանը երգում է Երեւանի մասին:
– Դու այն երգիչներից ես, ով իր անունը «առաջ տանելու» խնդիր չունի, կարողանում ես ձայնագրել միայն սրտիդ ուզածը։ Այդպե՞ս է։
– Ես վեց ձայնասկավառակ ունեմ եւ դրանցով թեկուզեւ վեց դոլար չեմ աշխատել եւ, ճիշտն ասած, չեմ էլ ձգտում փող աշխատել։ Բայց նորմալ երկրներում, որտեղ երաժշտությունը ճիշտ հիմքերի վրա է դրված, կարող ես առանց մտածելու ու հաշվարկելու, առանց խանութներ գնալու ու ստուգելու, հոնորարդ ստանալ։ Համակարգչային ցանց կա, որտեղ յուրաքանչյուր վաճառված ձայներիզը ֆիքսվում ու քո հաշվին գումար է փոխանցվում։ Նույնիսկ, եթե քո երաժշտությունը կամ կատարումը որեւիցե տեղ օգտագործվել է, դու դրա համար վարձատրվում ես։ Իսկ Հայաստանում հեղինակային իրավունքները չեն աշխատում։
– Դու շատ երկրպագուներ ունես Հայաստանում, որոնք արդեն սկսում են քեզ մոռանալ, քանի որ վաղուց չես երեւում բեմերում։
– Ես չեմ սիրում երեւալ, ինձ սովորեցրել են, որ չպիտի «զոռով» գնաս ու երեւաս, այլ՝ քեզ պիտի հրավիրեն ու «երեւացնեն»։ Հիմա ես պատրաստվում եմ երկու նոր ձայներիզ ձայնագրել անգլերեն լեզվով։ Ասեմ, որ շատ չեմ սիրում, երբ հարցնում են՝ իսկ ինչո՞ւ անգլերեն։ Այդպես եմ զգացել, այդպես եմ երգելու, եւ գիտեմ, որ դա կոմերցիոն աշխատանք չի լինելու։ Ամերիկյան ռադիոկայաններից մեկն ինձ պատվիրեց ձայնագրել Սուրբ Ծննդյան երգերի մի ամբողջ ալբոմ։ Ամերիկյան բոլոր երաժիշտները կարծես իրենց հոգու պարտքն են համարում գոնե մեկ «Christmas» ալբոմ ունենալը։ Եվ ես էլ շատ եմ սիրում այդ մաքուր, եթերային երգերը։ Շատերը կձայնագրեմ Արամ Թալալյանի քառյակի ու մանկական երգչախմբի հետ։
– Շատ երաժիշտներ ասում են՝ երանի Իսպիրին, նա ամբողջ օրը կարող է միայն երաժշտությամբ զբաղվել ու չմտածել փողի մասին։
– Միայն երաժշտությամբ զբաղվելու հնարավորություն ես էլ չունեմ, բայց «երանի» ասել պետք չէ, քանի որ հիմա ամեն մեկն էլ երաժշտությամբ զբաղվելու հնարավորություն ունի, պարզապես շատերն այդ հնարավորություններն ուրիշ բաներով են փոխարինում։ Հիմա ձայնագրման ստուդիա ունենալը մեծ ծախսերի հետ կապված չէ, երեք հազար դոլարով կարելի է ֆանտաստիկ տեխնիկա ձեռք բերել։ Իսկ լավատեղյակ աղբյուրներն ասում են, որ այսօր մի երգի կատարումը կարող է նույնիսկ հինգ հազար դոլարի հասնել։
– Այդ նույն աղբյուրներն ասում են նաեւ, որ մեր փոփ երաժշտությանը պետք է հումորով նայել։
– Այսօրվա մեր երաժշտական կյանքը նման է «Կարգին հաղորդմանը», նույն տիպի կոմեդիա է հիշեցնում։ Իսկ իսկական երաժշտությունը, իսկական տաղանդները, ցավոք, չեն երեւում հեռուստատեսությամբ։ Բոլոր հեռուստաալիքները մշակութային աղբ են ցուցադրում։ Ես ամառանոց ունեմ Գառնիում, որտեղ ոչ մի հայկական ալիք ցույց չի տալիս, միայն ռուսական ալիքներ է որսում։ Գառնիի բնակիչների բախտը բերել է, եւ ես տեսնում եմ, որ նրանք ավելի ճաշակով են ու ավելի գրագետ են խոսում, քան երեւանցիները։
– Իսկ Հայաստանն ավելի շուտ Եվրոպա՞ է, թե՞ Արեւելք։
– Այդ հարցը ես միշտ տալիս եմ այն արտասահմանցիներին, որոնք այստեղ են գալիս։ Եվ շատ եմ ուրախանում, երբ բոլորը միաձայն պատասխանում են, որ քաղաքը, մարդիկ ու գույները Եվրոպա է իրենց հիշեցնում։ Այդպիսին է նրանց առաջին տպավորությունը։
– Շատերս հանդիպելով իրար ասում ենք՝ բարեւ, ախպեր ջան, խնդիր չկա, ախպեր ջան։ Քո կարծիքով՝ մարդիկ իրենց դիմացինին որպես եղբա՞յր են դիտարկում։
– Մեկ-մեկ ես զգում եմ, որ շատ եմ սիրում անխտիր բոլորին, նույնիսկ անծանոթին, իսկ մեկ-մեկ էլ սկսում եմ ատել բոլորին՝ ինքս ինձ էլ ներառյալ։ Ես լավատես եմ ու շատ եմ ուզում լավ բաների մասին խոսել։ Եվ կարծում եմ, որ մեզ շրջապատող կեղտը կարող է լավ պարարտանյութ դառնալ ու բույսերի աճի համար բարենպաստ պայմաններ ստեղծել։ Բույսի սերմը բոլորիս մեջ էլ կա եւ դա շատ առողջ ու ֆանտաստիկ սերմ է։ Այդ սերմը եթե գցում ենք Ամերիկայում կամ Եվրոպայում, այնպիսի ծաղիկ է տալիս, որ բոլորը շշմում են։ Մեր երաժշտական ոլորտը վերցնենք։ Ո՞վ կմտածեր որ Գյումրիի «դոմիկում» ապրող Տիգրան անունով մի տղա կարող է Ամերիկա գնալ ու լավագույն ջազային մրցանակի արժանանալ։ Բայց նա արել է դա։ Իսկ ո՞վ կմտածեր, որ մեր երիտասարդ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Եվրոպայում թագավորական մրցանակ է ստանալու։ Դա է մեր սերմը, որը կարող է ծաղիկ տալ։ Բայց փորձիր ուրիշ ազգերի լավ սերմը Հայաստան բերել ու ցանել, կտեսնես, որ երկրորդ օրն արդեն այն չորացել է։
– Գնանք ծաղկենք ու նորից գա՞նք։
– Հաջողություն են ունենում իսկապես գնացած-եկածները։ Կարո՞ղ ես մի տաղանդավոր մարդու անուն հիշել, որը Հայաստանից դուրս չի գնացել։ Շատերը չգիտեն, որ, ասենք, Պարույր Սեւակը Լենինգրադում է սովորել ու այնտեղ է որպես մարդ ձեւավորվել։
– Իսկ Ամերիկան փոխե՞ց քեզ։
– Ես փոխեցի Ամերիկան (ծիծաղում է.- խմբ)։ Ամերիկան շատ փակ երկիր է (դրանով նման է Հայաստանին), ինքն իր մեջ է «եփվում»։ Թե ի՞նչ է կատարվում պետության սահմաններից դուրս՝ շարքային ամերիկացուն չի հետաքրքրում։ Բայց նույնիսկ ինքնաթիռի պատուհանից նայելով ամերիկյան հողին, տեսնում ես, որ այդ երկրում օրենք կա։ Օրենքն ու կարգուկանոնը միանգամից երեւում են։ Մենք էլ ունենք այդ օրենքները, բայց ի՞նչ օգուտ՝ դրանք չեն գործում։
– «Վերեւի՞ց», թե՞ «ներքեւից» է սկսվում օրենքի գործածումը։
– Ե՛վ վերեւից, եւ՛ ներքեւից, եւ՛ մեջտեղից։ Վերջերս ես գրախանութ գնացի ու տեսա, որ ով ուզում է՝ մանկական գրքեր է արտադրում։ Իսկապես վախեցա, երբ տեսա ինչպիսի անգրագետ գրքեր են տպագրվում, որտեղ ուզում՝ շեշտադրում են դնում, ինչ մասին ուզում՝ գրում են։
– Երեւի զարմանալ պետք չէ, նույն կերպ էլ երգեր են գրվում։
– Լավ երգ գրելու համար երեւակայություն է պետք։ Երգիչը պետք է տարբեր մշակույթների, նաեւ՝ բնության հետ շփվել կարողանա։ Նա ինքն իրենով պիտի շատ լինի ու պետք է հաճախ մենակ մնա։ Այն երգիչը, որն ամեն օր շփվում է ակումբային ընկերության հետ, դառնում է սովորական շարքային մարդ ու ձուլվում է շրջապատի մեջ։
– Ո՞ւմ ուժն է ավելի զգալի՝ կնո՞ջ, թե՞ տղամարդու։
– Իհարկե կնոջ։ Բայց որպեսզի զգաս այդ ուժը, պետք է Հայաստանից դուրս գաս։ Երբ ամուսիններով ԱՄՆ են տեղափոխվում, նկատվում է, որ կինը 99,9 %-ով ավելի ուժեղ է, ավելի պայքարող է, քան տղամարդը։ Միացյալ Նահանգները մարդու բնավորության գծերը խոշորացնում են։ Այդ երկիրն ընդհանրապես կարծես խոշորացույց լինի, որքան թերություն եւ առավելություն ունես` մեծացնում է ու ասում է՝ տես, սա ես դու։ Դրսում տղամարդը, որպես կանոն՝ տեսնելով, որ իր կինն ավելի ուժեղ է, շատ է խեղճանում։ Եվ այդ պահին արդեն ընտանիքը քայքայվում է։ Շատ ամուսիններ՝ գնալով Ամերիկա, բաժանվում են իրարից։ Տղամարդը չի կարողանում այդ սթրեսին դիմանալ, իսկ կինը՝ կարոտ լինելով ազատությանը ու տեսնելով, որ այդ երկիրը գնահատում է ազատությունը, նախընտրում է մենակ ապրել։ Դե Ամերիկան էլ սիրում է, երբ մարդիկ բաժանվում են, քանի որ նրանք սկսում են առանձին վճարել իրենց հարկերը, առանձին մեքենաներ են գնում, առանձին տներ են վարձում։ Եվ եթե պետությունը պետք է տարեկան 10.000 դոլար աշխատեր, հիմա 20.000 դոլար է աշխատելու։ Ընտանիքը պետք է շատ ամուր լինի, որպեսզի կարողանա դիմանալ։ Կնոջ վերաբերմունքը կյանքին շատ «սազում» է ամերիկյան իրականությանը, իսկ տղամարդու վերաբերմունքը կնոջ հանդեպ չի համապատասխանում ամերիկյան ստանդարտներին։ Ինքնուրույնության եւ այդ ինքնուրույնությունը վայելելու հնարավորությունը առաջին հերթին կինն է օգտագործում։
– Իսկ այստեղ ավելի հաճախ խեղճանում է կինը։
– Հայաստանում կնոջ համար դժվար է։ Ես օրինակ, չեմ ուզում, որ իմ կինն ամեն օր ճաշ եփի։ Եվ եթե ես ռեստորան եմ գնում, ուզում եմ, որ կինս էլ հետս լինի։ Ինձ համար դա հաճելի է։
– Մեր կյանքում շատ են շտամպները: Եվ վերջին տարիներին ընդունված է դարձել դժգոհել Երեւանի տեսքից ու մթնոլորտից;
– Երեւանը սեկտա է, որը կենտրոնացել է կենտրոնում: Մենք վախենում ենք կենտրոնից հեռու գնալ, մենք միայն քաղաքի կենտրոնն ենք նկատում, ուզում ենք կենտրոնին միշտ «կպած» լինել: Կարծես թե կենտրոնից դուրս կյանք չկա: Երեւանը իմիջ չունի, միայն Երեւանի կենտրոնն ունի: Մենք հիմա քաղաքի կենտրոնում ենք զրուցում, դժվար թե հանդիպեինք Նոր Նորքում։
– Իսկ ինչո՞ւ են մարդիկ սկսել քիչ ժպտալ։
– Ասում ենք, որ ամերիկյան ժպիտը կեղծ է։ Է, ոչինչ, թող կեղծ լինի, բայց թող մարդիկ ժպտան, այլ՝ ոչ թե տհաճությամբ նայեն իրար երեսի։ Թող միշտ ժպտան, թող հանկարծ ուսով դիպչելիս՝ ներողություն խնդրեն։ Ասեմ, որ հիմա Ամերիկայում սպասարկման ոլորտում աշխատող մարդկանց համար հատուկ «ժպիտի» դասընթացներ են կազմակերպում, ուզում են այնպես անել, որ ժպիտի կեղծ լինելը շատ չզգացվի։ Ամերիկան փորձում է ժպիտը բնականին մոտեցնել։
– Փաստորեն ժպիտը դառնում է ապրանք, եւ գնահատվում է էկոլոգիապես մաքուր՝ բնական ժպիտը։
– Այո, ժպիտը վերածվում է ապրանքի։ Ժպտացող մարդկանց հանդիպելով` դու ինքդ էլ ես սկսում ժպտալ։ Ժպիտը լավ բան է։
– 40 տարեկանից հետո մարդիկ սովորաբար փոխվում են։ Ի՞նչ է փոխվել քո մեջ։
– Ես շատ եմ սկսել գնահատել լավ ուտելիքը ու սկսել եմ զբաղվել խոհարարությամբ։ Եվ չգիտեմ՝ ինչո՞ւ, բայց ինձ թվում է, որ ես դեռ չեմ երգել իմ լավագույն երգը։