Ամենաթեթեւ բջջային հեռախոսը

11/02/2008

Իսրայելի Modu Mobile ընկերությունը մշակել է աշխարհում ամենաթեթեւ բջջային հեռախոսը. ասված է այսօր www.absolutegadget.com կայքում զետեղված հաղորդագրության մեջ, որը մասնագիտացված է համակարգչային տեխնիկայի նորույթների բնագավառում: Modu Mobile ընկերության նորույթն արդեն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհում ամենափոքր եւ ամենաթեթեւ ձեռքի հեռախոսը, որի քաշն ընդամենը 40 գրամ է: Հեռախոսի հաստությունը 7,8 միլիմետր է, բարձրությունը՝ 3,7 սանտիմետր եւ լայնությունը՝ 7,2 սանտիմետր: «Չնայած իր փոքրիկ չափերին, այս սարքը կարող է կատարել արդի ձեռքի հեռախոսի բոլոր գործառույթները: Այն կարելի է օգտագործել ամբողջ աշխարհով մեկ, ուղարկել եւ ընդունել ՍՄՍ-հաղորդագրություններ, դրա մեջ ներսարված են բարձրախոս, Bluetooth, ՄՌԶ-նվագարկիչ: Հեռախոսի ներքին հիշողության ծավալը կազմում է 1 գիգաբայթ, որը կարելի է օգտագործել որպես ֆլեշ-սկավառակ»,- սայթի աշխատակիցների հետ կայացած հարցազրույցի ժամանակ հաղորդել է Modu Mobile ընկերության շուկայավարման գծով փոխնախագահ Զակ Վայսֆելդը: Այս հեռախոսի արժանիքներից մեկը դրա կառուցվածքն է, որը թույլ է տալիս ապարատն ինտեգրել այլ սարքերի, օրինակ, համակարգչի, GPS-նավիգատորի, թվային ֆոտոխցիկի, ռադիոհեռախոսի մեջ՝ դրանով իսկ էապես մեծացնելով դրա կողմից կատարվող գործառույթների հավաքանին: Հեռախոսի վաճառքները կսկսվեն այս տարվա չորրորդ եռամսյակից: Ըստ «Ռոյթեր» գործակալության տվյալների՝ Modu Mobile ընկերությունն իր սարքի վաճառքի շուրջ պայմանագրեր է կնքել բջջային կապի այնպիսի գործարկուների հետ, ինչպիսիք են՝ Telecom Italia-ն, Cellcom Israel-ը: