Ոչ ճիշտ օլիգարխ

13/05/2005

ՅՈՒԿՈՍ-ի նախկին ղեկավարների դատն ավարտվել է։ Դատավճիռը կհրապարակվի
ապրիլի 27-ին։ Իր վերջին խոսքն է ասել Միխայիլ Խոդորկովսկին։ Նա
հայտարարել է, որ ոչ մի կետով չի ընդունում իրեն ներկայացված
մեղադրանքները եւ մտադիր չէ ներում խնդրել։ Նա հիշեցրել է դատարանին, որ
երբ ձերբակալել են «Մենատեպի» նախկին ղեկավար Պլատոն Լեբեդեւին, չնայած
հարազատների եւ փաստաբանների խնդրանքին, նա չի հեռացել երկրից։ «Ինձ
նստեցրել են, որպեսզի չխանգարեմ ՅՈՒԿՈՍ-ի թալանին, իսկ նրանք, ովքեր
յուրացրել են ընկերության ունեցվածքը, ոչ մի կապ չունեն Ռուսաստանի հետ»,-
հայտարարել է Խոդորկովսկին։ ՅՈՒԿՈՍ-ի թալանից հետո վեց անգամ աճել է
կապիտալի արտահոսքը երկրից, իսկ ներդրումները պակասել են։

– Ես չեմ ունեցել ո՛չ զբոսանավեր, ո՛չ մրցարշավի մեքենաներ,- հայտարարել է
մեղադրյալը,- «Կոմսոմոլկայում» տպվածն իմ տունը չէ, իմն ավելի փոքր է, դրա
համար էլ չեն նկատել։ ՅՈՒԿՈՍ-ի նախկին ղեկավարն իրեն համարում է սխալ
օլիգարխ։

Խոդորկովսկին հպարտ է անցած 15 տարվա իր աշխատանքով։ «Ես անկեղծորեն ձգտել
եմ աշխատել հանուն երկրի բարօրության եւ ոչ թե իմ գրպանի համար։ Եվ հիմա
ինձ մնացել է միայն սեփական ճշմարտացիության զգացումը, գործարար
հեղինակությունն ու կամքը»,- ասել է Խոդորկովսկին։ Նա համառոտ պատմել է
քրեական գործի էպիզոդների մասին եւ ընդգծել, որ ապացուցված չէ ոչ միայն իր
մեղքը, այլեւ բացակա է հանցակազմն ընդհանրապես։