Հանդիպում կառավարական ամառանոցում

08/02/2008

Լավատեղյակ աղբյուրների հավաստմամբ` երկուշաբթի օրը ուշ երեկոյան կառավարական ամառանոցում տեղի է ունեցել վարչապետ Սերժ Սարգսյանի եւ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հանդիպումը։ Հանդիպման նախաձեռնությունը եղել է Արթուր Բաղդասարյանինը: Նա խնդրել է գործարարներից մեկին՝ համոզել Սերժ Սարգսյանին, որպեսզի ընդունի իրեն։ Կառավարական ամառանոց Արթուր Բաղդասարյանը մտել է ոչ թե իրեն սպասարկող մեքենաներից մեկով, այլ Անվտանգության ծառայության մեքենայով, որով էլ մոտ 25-30 րոպե անց դուրս է եկել այնտեղից։ Մեր նախորդ համարում արդեն տեղեկացրել էինք, որ ՕԵԿ նախագահը, դեռ մինչեւ նախագահի թեկնածուների առաջադրումը, Սերժ Սարգսյանից խնդրել է վարչապետի պաշտոնը` ասելով, որ այդ պարագայում ինքը չի առաջադրի իր թեկնածությունն ու կհայտարարի, որ ՕԵԿ-ը պաշտպանում է Սերժ Սարգսյանին։ Սակայն Սերժ Սարգսյանը նրան մերժել է, որից հետո նա որոշել է առաջադրել իր թեկնածությունը։ Եվ ահա կիրակնօրյա իր հանրահավաքից հետո, որն ՕԵԿ տարբեր գործիչների գնահատմամբ, իր թվաքանակով չէր զիջում Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքներին, Ա. Բաղդասարյանը երկուշաբթի օրը կառավարական ամառանոցում Սերժ Սարգսյանի հետ ունեցած զրույցի ժամանակ կրկին բարձրացրել է նախագահական ընտրություններից հետո իրեն վարչապետ նշանակելու հարցը։ Ըստ մեր աղբյուրի, ՕԵԿ նախագահն ասել է, որ բոլոր սոցհարցումներով ինքը երկրորդ թեկնածուն է եւ պատրաստ է նախանշված ժամկետում հանել իր թեկնածությունն ու իր էլեկտորատին կոչ անել քվեարկել Սերժ Սարգսյանի օգտին, եթե ստանա երաշխիքներ, որ ինքն է դառնալու նախագահ Սարգսյանի վարչապետը։ Ավելին, ՕԵԿ նախագահը պատրաստակամություն է հայտնել պաշտոնապես հայտարարել, որ ինքը երբեք չի միանա Լ. Տեր-Պետրոսյանին, որովհետեւ ժողովրդի հետ իր հանդիպումներն ակնհայտ են դարձրել, որ ժողովուրդը Տեր-Պետրոսյանին չի ընդունում։

Ի դեպ, մեր տեղեկություններով, Արթուր Բաղդասարյանն իր եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը գաղտնի է պահում իր կուսակիցներից, եւ այդ հանդիպման մասին տեղյակ է ընդամենը մեկ-երկու ՕԵԿ-ական։