Երեկ Արտաշատում ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքի ընթացքում մի խումբ երիտասարդներ քարեր, սառցե կտորներ եւ այլ իրեր են նետել թեկնածուի եւ հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ: Այնուհետեւ նրանք հարձակվել են
Լ. Տեր-Պետրոսյանի թիկնազորի պետի տեղակալի վրա: Վերջինս այտոսկրի եւ գլխի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Արարատի մարզպետ Ալիկ Սարգսյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում հայտարարել է, թե արտաշատցիներին վրդովեցրել է այն, որ հանրահավաքի կազմակերպիչները իրենց համերկրացի Հովիկ Աբրահամյանի եւ այլ պաշտոնյաների մասին խոսել են վիրավորական արտահայտություններով. «Նրանք վիրավորում էին նաեւ արտաշատցիներին՝ ասելով, «եթե դուք նրանց կողքին եք, ուրեմն դուք էլ եք սրիկաներ»: Ի դեպ, Ոստիկանությունը երեկ հայտարարություն է տարածել, որում ասվում է, թե նախագահի թեկնածուն ու նրա թիմակիցներն «անձնական վիրավորանքներ ու անվանարկումներ են հնչեցրել որոշ պաշտոնյաների հասցեին: Հանրահավաքին մասնակցող երեք քաղաքացիներ պահանջել են վերջ տալ անպարկեշտ ու վիրավորական արտահայտություններին, ինչին ի պատասխան՝ միջոցառման կազմակերպիչների համախոհ չորս-հինգ երիտասարդներ քաշքշել, գցել են գետնին ու հարվածներ են հասցրել դիտողություն անողներին՝ նրանց պատճառելով մարմնական վնասվածքներ: Տուժածների կողմնակիցները դիմել են պատասխան գործողությունների: Տարածքային կառավարման մարմինների ղեկավարների եւ Ոստիկանության գործուն եւ օպերատիվ միջամտության շնորհիվ հաջողվել է իրավիճակը արագորեն վերցնել հսկողության տակ եւ խուսափել անկանխատեսելի զարգացումներից»: Ոստիկանության Արտաշատի բաժնում հարուցվել է քրեական գործ` 258-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որը զուգորդվել է բացառիկ ցինիզմով):