Հայաստանի եւ Ռուսաստանի երկկողմ առեւտրաշրջանառությունը, որը 2007-ին կազմել է մոտ 700 միլիոն դոլար, մոտ ապագայում կգերազանցի 1 միլիարդ դոլարը։ Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի համոզմունք հայտնեցին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն ու պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ՌԴ վարչապետ Վիկտոր Զուբկովը։
Վ. Զուբկովի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել փետրվարի 5-ին։ Երեկ ՀՀ կառավարության հետ ընդլայնված կազմով բանակցություններից հետո երկու վարչապետները պատասխանեցին լրագրողների հարցերին։ Մինչ այդ տեղի էր ունեցել Ս. Սարգսյանի եւ Վ. Զուբկովի առանձնազրույցը, որը, ՌԴ վարչապետի խոսքերով, անցել էր շատ անկեղծ մթնոլորտում։ Զուբկովը հաջող գնահատեց նաեւ բանակցությունները, որոնք եղել են առավելապես տնտեսական համագործակցության վերաբերյալ։ Սերժ Սարգսյանի խոսքերով, թեեւ 2007-ին երկկողմ առեւտրաշրջանառությունն աճել է 65%-ով եւ կազմել մոտ 700 մլն դոլար, պոտենցիալն ավելի մեծ է։ ՀՀ վարչապետի խոսքով` այդ պոտենցիալը թույլ է տալիս կարճ ժամանակում երկկողմ առեւտրաշրջանառության ծավալները հասցնել 1 միլիարդ դոլարի։
Այսպիսի լավատեսությունը հիմնականում պայմանավորված է Սոչիում անցկացվելիք Օլիմպիական խաղերով։ Հայաստանը կարող է մեծ քանակի շինանյութ մատակարարել ՌԴ-ին։ Միակ լուրջ խոչընդոտը, թերեւս, տրանսպորտն է, սակայն, կողմերի հավաստմամբ, հայկական երկաթուղային համակարգը «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ին կոնցեսիոն պայմանագրով հանձնելը մեծապես կնպաստի այս խնդրի լուծմանը։
Պաշտոնական հաղորդագրություններում եւ երկու երկրների վարչապետների ելույթներում, սակայն, շրջանցվում է 700 միլիոն դոլար առեւտրաշրջանառության կառուցվածքը։ Իրականությունն այն է, որ 700 միլիոնի առյուծի բաժինը՝ շուրջ 500 միլիոնը, բաժին է ընկնում ներմուծմանը։ Այսինքն՝ Ռուսաստանի հետ մեր արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը կազմել է մոտ 300մլն դոլար, իսկ 2006-ին այդ թիվը կազմում էր 183 միլիոն։ Սա այնքան էլ ուրախալի ցուցանիշ չէ։ Սակայն, եթե վարչապետների լավատեսությունն իրականություն դառնա, ապա հնարավոր է վիճակը բարելավել՝ շինանյութերի արտահանման ծավալների մեծացման հաշվին։ Մասնավորապես, ինչպես երեկ նշեց Վ. Զուբկովը, հայկական ցեմենտի առաջին խմբաքանակն արդեն հասել է Սոչի, եւ մասնագետները գտնում են, որ այն մրցունակ է։ Բանակցությունների ընթացքում խոսվել է ոչ միայն առեւտրաշրջանառության, այլեւ ներդրումների մասին։ Վիճակագրությունը փաստում է, որ ռուսական ներդրումներն աճում են, սակայն այստեղ էլ լուծում պահանջող խնդիրներ կան։ Դա, առաջին հերթին, վերաբերում է «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագրով Ռուսաստանին փոխանցված ընկերություններին, որի մասին հարց հնչեց նաեւ լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Վ. Զուբկովը հավաստիացրեց, որ այդ թեմային անդրադարձել են բանակցությունների ընթացքում։ ՌԴ վարչապետի խոսքով, «Մարս» գործարանում գույքագրումն արդեն ավարտվել է, մյուս օբյեկտների գույքագրումը կավարտվի մինչեւ 2008թ. առաջին կիսամյակի վերջը, որից հետո կներգրավվի մասնավոր ներդրող։
Սերժ Սարգսյանը մեկ անգամ եւս հավաստիացրեց, որ ռուսական կապիտալը Հայաստանում իրեն հարմար է զգում։ Այս խոսքերին դժվար է չհամաձայնել, եթե նկատի ունենանք, որ գրեթե բոլոր ռազմավարական ոլորտները, այդ թվում՝ էներգետիկան եւ կապը, գտնվում են ռուսական կապիտալի ձեռքերում։ Լա՞վ է դա, թե՞ վատ՝ կարծիքները տարբեր են։
Հիշեցնենք, որ անցյալ տարվա հոկտեմբերին «168 Ժամ» թերթին կից գործող «Պրեսսինգ» ակումբում քննարկում էր կազմակերպվել հենց այս թեմայով՝ ռուսական կապիտալը Հայաստանում։ Օրինակ, «ՀայՌուսգազարդի» տնօրեն Կարեն Կարապետյանի համար կարեւոր չէր՝ ռուսական կապիտալի զգալի ներկայությունն ավելի շատ տնտեսակա՞ն մոտիվներով է պայմանավորված, թե՞ քաղաքական։ Պրն Կարապետյանի համար ավելի կարեւոր է՝ Հայաստանն այդ կապիտալից շահո՞ւմ է, թե՞ տուժում։ Նրա կարծիքով, միանշանակ շահում է։ Կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանն էլ էր նույն կարծիքին՝ հավաստիացնելով, որ ռուսական ընկերությունների հետ կնքված բոլոր գործարքները հաջող են եղել։ Իսկ ինչո՞ւ են հենց ռուսները գնում մեր ընկերությունները։ Պրն Մանուկյանը դրանում ոչ մի վատ բան չէր տեսնում՝ ով շատ է վճարում, նա էլ գնում է, եթե որեւէ հայ կամ օտարերկրացի ավելի շատ վճարեր, նա կգներ։ Տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանը գտնում էր, որ ռուսական կապիտալը թելադրում է խաղի իր սեփական կանոնները։ Իսկ, օրինակ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը վտանգ էր տեսնում ռուսական կապիտալի, մասնավորապես՝ էներգետիկ կախվածության մեծացման մեջ՝ դա համարելով դիվերսիֆիկացիոն ռիսկերի ոչնչացում։ «Դա պետք է լիներ պետության համար որպես կարմիր գիծ։ Կարծես թե անցնում ենք այդ կարմիր գիծը»,- գտնում էր պրն Բագրատյանը։
Քննարկումից անցել է արդեն մի քանի ամիս, եւ երկաթուղու գործարքն արդեն իրականություն է։ Այնպես որ, եթե նայենք Հ. Բագրատյանի տեսանկյունից՝ մենք արդեն անցել ենք կարմիր գիծը, եթե նայենք իշխանությունների տեսանկյունից՝ ռազմավարական գործընկերությունը ՀՀ-ում իրեն հարմար է զգում։