ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի շտաբի պետ Սամվել Շահինյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե Վ.Մանուկյանին սատարող 6 ուժերը համախմբվելու են ազգային ժողովրդավարական դաշտ ստեղծելու նպատակով:
Ս. Շահինյանն այդ միավորումը ոչ թե կուսակցություն, այլ շարժում է անվանում՝ ազգային ժողովրդավարական շարժում: «Դա ոչ թե կուսակցությունների մեխանիկական խոշորացում, ոչ թե արհեստածին միավորում է կոնյունկտուրային խնդիրներ լուծելու կամ ապագայում իշխանություն վերցնելու միտումով, այլ նպատակ ունի ստեղծել ազգային ժողովրդավարական դաշտ»,- ասում է Ս.Շահինյանը:
Նրա ասելով` այդ նախաձեռնությունը մեկ-մեկուկես տարվա մտքերի փոխանակության արդյունք է: Եվ նա կարծում է, որ միավորման համար ամենահարմար պահը հենց հիմա է: Նրա խոսքերով` այդ 6 կուսակցությունները ոչ թե Վ.Մանուկյանի թեկնածությունն են գովազդում, այլ ընտրությունների ընձեռած հնարավորությունն օգտագործում են գովազդելու այդ շարժումը: «Սա գովազդային տրյուկ չէ, մենք սրա մեջ ենք տեսնում ապագան: Դրա համար չորսամյա լռությունից հետո ես նորից մտա քաղաքականություն: Մենք հաստատակամ ենք մեր որոշման մեջ, շարունակելու ենք արժանապատիվ ու հանգիստ անցկացնել ընտրությունները: Ցեխ շպրտել եւ վիրավորական արտահայտություններ չեն լինելու»,- ասում է Ս. Շահինյանը եւ հավատացնում, որ, ի վերջո, այդ շարժումը մեկ տարվա ընթացքում վերածվելու է մի մեծ կուսակցության:
Այս օրերին քննարկվող ամենահետաքրքիր թեման, թերեւս, այն է, թե ի՞նչ զարգացում են ունենալու քաղաքական այլ ուժերի հետ բանակցությունները: Նախագահի թեկնածուներն ու գործիչները ժամանակ առ ժամանակ հայտարարում են, թե բանակցում են՝ միավորվելու եւ մեկ ընդհանուր թեկնածուի պաշտպանելու համար: Հայտնի է, որ փետրվարի 9-ը թեկնածուների ինքնաբացարկ հայտնելու վերջին ժամկետն է: Մինչ այդ քաղաքական ուժերը պետք է հստակ որոշեն՝ միավորվելո՞ւ են, թե՞ ոչ, կամ ովքե՞ր են հանելու իրենց թեկնածությունները: Այս առումով բանակցություններ են վարում նաեւ ԱԺՄ եւ ՀՅԴ կուսակցությունները: Սակայն եւ՛ Վ.Մանուկյանը, եւ՛ Վ.Հովհաննիսյանն ու իրենց գործընկերներն արդեն մի քանի անգամ հայտարարել են, որ գնալու են մինչեւ վերջ: «Վ.Մանուկյանը շփվում է ինչպես ՀՅԴ-ի, «Ժառանգության», այդպես էլ այլ քաղաքական ուժերի հետ: Ես եկել եմ միայն մի պատճառով, որովհետեւ վստահ եմ, որ իմ թեկնածուն ոչ միայն մինչեւ վերջ է գնալու, այլեւ շարունակելու է ամրապնդել ու զարգացնել ազգային ժողովրդավարության դաշտը: Եթե հիմա ինքը դուրս գա, էլ ի՞նչ շարժում: Մանուկյանն ինքնուրույն մարդ է, ինքն է որոշում ամեն ինչ: Գիտեմ, որ դեռեւս մի ամիս առաջ մինչեւ վերջ գնալու երկաթյա որոշում ուներ»: «Այդ դեպքում ինչո՞ւ են ընթանում բանակցությունները, ո՞րն է սպասելիքը, արդյոք Վ.Մանուկյանն ու իրեն սատարող ուժերն ուզո՞ւմ են, որ Վ.Հովհաննիսյանը հանի իր թեկնածությունը» հարցին Ս. Շահինյանը պատասխանեց. «Իսկ ինչի՞ չհանի, չհասկացա, դա իր պատվից ցա՞ծր է: Այդպիսով ՀՅԴ-ն էլ կշահի, մեր շարժումն էլ: Եթե Վազգենը հանի, դրանից Վահանի տոկոսները չեն ավելանալու: Վազգենին ձայն տվողները Արթուրին կամ Պողոսին ձայն չեն տալու: Իսկ եթե Վահանը հանի, ՀՅԴ ձայներն անցնելու են Վ.Մանուկյանին: Հիմա բանակցում են միասնական թեկնածուով հանդես գալու համար, եւ ես ուզում եմ, որ դա Վ.Մանուկյանը լինի»: Նա անդրադարձավ նաեւ նախընտրական քարոզչությանը եւ ասաց, որ հանդիպումներ կազմակերպելու առումով խոչընդոտների են հանդիպում: Գյումրիում, օրինակ, հանդիպումը նախատեսված է եղել դահլիճում, սակայն հետո սեփականատերը հրաժարվել է: Ս. Շահինյանի ասելով, իրենք պարզել են, որ այդ դահլիճը պատկանում է «Մոսկվա» կինոթատրոնի սեփականատիրոջը: Իսկ ընդհանուր առմամբ նկատելի է, որ Վ.Մանուկյանը ակտիվ քաղաքական պայքար չի ծավալում: Հանդիպումները տեղի են ունենում հիմնականում Երեւանում՝ դահլիճներում եւ փոքր լսարանի առաջ: Մարզերում ու մայրաքաղաքում բավականին քիչ է նաեւ այս թեկնածուի շտաբների քանակը: Իսկ երկու օր առաջ ԿԸՀ հրապարակած տվյալների համաձայն` Վ.Մանուկյանի հիմնադրամն ունի ընդամենը 2,4 մլն դրամ: Այն դեպքում, երբ նույն Վ.Հովհաննիսյանի հիմնադրամն ունի 45,5 մլն դրամ: Երբ դեռ քարոզարշավը նոր էր սկսվել, Ս.Շահինյանը մեզ հետ զրույցի ժամանակ դժգոհում էր, թե նախագահի թեկնածուի համար սահմանված 70 մլն դրամը շատ քիչ է եթերաժամի, տպագրության, վառելանյութի եւ այլ ծախսերի համար: Ասում էր, որ իրենք պատրաստ են շատ ավելին ծախսել, սակայն դրա իրավունքը չունեն: Իսկ քարոզարշավին մնացել է ընդամենը 10 օր, սակայն պարոն Մանուկյանն իր հիմնադրամի 2.4 մլն դրամից ծախսել է ընդամենը 1,4 մլն դրամ: Վ.Մանուկյանը նույնիսկ չի օգտվում վճարովի եթերաժամից: «Եթե ես ասեմ, որ մենք ծախսեր չենք անում, կհավատա՞ք: Ցանկացած թեկնածուի ծախսերը համարժեք չեն այն գումարին, որը ցույց է տալիս: Ահռելի քանակությամբ ծառայություններ մեզ մոտ անում են դրսից, մեր ժողովուրդն է անում: Հիմա ես դա փողի վերածել չեմ կարող: Օրենքը չի արգելում, որ մարդիկ անվճար ծառայություն մատուցեն: Նույն ձեւի օգնության տիպիկ օրինակ են Սերժ Սարգսյանի նկարները, որ իրար հետեւից կպցրել են: Եթե միայն դրանց ավելացված արժեքի հարկը հաշվեք, կտեսնեք, որ 70 մլն-ից կանցնի»,- ասում է Ս.Շահինյանը: