«Պոպուլուս» ընկերության հիմնադիր տնօրեն Անդրյու Կուպերը երեկվա ասուլիսում հայտարարել է, թե իրենց անցկացրած հարցումների ժամանակ, ի պատասխան հարցին, թե ո՞վ է նախագահի այն թեկնածուն, ով լավագույնս կլուծեր գործազրկության, ՀՀ տնտեսական զարգացման, ԼՂ հիմնախնդրի, Ցեղասպանության ճանաչման, ճանապարհների ու ենթակառուցվածքների զարգացման, Հայաստանի անվտանգության ապահովման, սոցիալական ապահովության եւ կոռուպցիայի խնդիրները, ինչպես նաեւ՝ դիմագրավել պատերազմի վտանգը, հարցվածների գերակշիռ մասը տվել է Սերժ Սարգսյանի անունը: Նրան հաջորդել են Արթուր Բաղդասարյանը եւ Վահան Հովհաննիսյանը: «Սերժ Սարգսյանն առավելություն ունի այլ թեկնածուների նկատմամբ բոլոր քաղաքական հարցերի շուրջ: Նա մեծ առավելություն ունի տնտեսական խնդիրների (15%-ով գերազանցում է հաջորդ ամենամեծ ձայներ հավաքած թեկնածուին) եւ անվտանգության հիմնահարցերի (20%) շուրջ: Այս փաստերը հիմք են հանդիսանում կարծելու, որ Ս. Սարգսյանը մեծ առավելություն ունի նախագահական ընտրություններում: Հարցումներով նրա ստացած ձայների քանակն ավելի մեծ է, քան մյուս բոլոր թեկնածուներինը միասին վերցրած: Հաշվի առնելով այն, որ ընտրություններին մնացել է 2 շաբաթից քիչ ավելին, այս առավելությունն անհաղթահարելի է»,- նշել է Ա. Կուպերը:
«Պոպուլուսը» փորձել է պարզել նաեւ հասարակության վերաբերմունքը քաղաքական կուսակցությունների հանդեպ: Ըստ այդմ` 56.89 տոկոսը «ջերմ եւ դրական» է արտահայտվել՝ ՀՀԿ-ի, 44.49 տոկոսը` ԲՀԿ-ի, 46.33 տոկոսը` ՕԵԿ-ի նկատմամբ: ՀՅԴ-ի հանդեպ լավ վերաբերմունք է արտահայտել հարցվածների 41.74 տոկոսը, «ԱՄ»-ի մասին` 34.04 տոկոսը, ՀԺԿ-ի մասին` 32.57 տոկոսը, ԺԿ-ի մասին` 32.21 տոկոսը: Հարցվածների 57 տոկոսը վստահություն է հայտնել, որ Հայաստանը գնում է ճիշտ ուղղությամբ: Ընդ որում, ըստ Ա. Կուպերի, ամենալավատեսը երիտասարդ ընտրողներն են: