Կոշտ բախում Արտաշատում

08/02/2008 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Այս այցի ընթացքում Արտաշատում մի արտառոց միջադեպ գրանցվեց, որը Լ. Տեր-Պետրոսյանի թիմակիցները որակեցին որպես մահափորձ Լ. Տեր-Պետրոսյանի նկատմամբ: Ինքը՝ թեկնածուն, դա որակեց՝ որպես «տեռոր նախագահի թեկնածուի նկատմամբ»: Սակայն այս մասին` քիչ հետո: Մինչ Արտաշատ հասնելն առաջին նախագահը չնախատեսված հանդիպումներ ունեցավ Այնթապ, Մարմարաշեն, Դիմիտրով, Վերին Արտաշատ գյուղերում: Հանդիպումները բազմամարդ էին: Արտաշատ քաղաքից հետո նա եղավ նաեւ Փոքր Վեդի գյուղում: Լ. Տեր-Պետրոսյանը եղավ նաեւ Ոսկետափ եւ Արարատ (Դավալու) գյուղերում, եղավ Վազգեն Սարգսյանի թանգարանում եւ նրա ծնողների տանը: Արարատում ի պատիվ Լ.Տեր-Պետրոսյանի՝ գառ մորթեցին: Բազմամարդ էր նաեւ Արարատ քաղաքում կայացած հանրահավաքը: Տարբեր գնահատականներով` մոտ 3,5-4 հազար մարդ:

Այժմ անդրադառնանք երեկվա միջադեպին: Երբ Վերին Արտաշատ գյուղից Լեւոն Տեր-Պետրոսյանին ուղեկցող ավտոշարասյունը հասավ Արարատի մարզկենտրոն Արտաշատ քաղաք, այստեղ կենտրոնական հրապարակն արդեն լիքն էր մարդկանցով: Հրապարակի մի կողմում փողոցն էր, իսկ մյուս կողմում՝ իրար կից երեք շինություններ: Դրանցից մեկում տեղակայված էր Արարատի մարզպետարանը, մյուսում՝ ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը, երրորդում՝ Արտաշատի քաղաքապետարանը: Հենց սկզբից առաջին շարքերում կանգնած մի կին սկսեց գոռգոռալ: Հստակ չէր լսվում, թե նա ինչ էր ասում, բայց հասկացվում էր, որ տիկինը հաստատ Տեր-Պետրոսյանի համակիրներից չէր: Արամ Սարգսյանը հայտարարեց, որ եթե կան մարդիկ, ովքեր չեն կիսում իրենց տեսակետը, կարող են չմասնակցել այս հանդիպմանը: Լուրեր տարածվեցին, թե այդ կինը 5000 դրամ վարձատրության դիմաց է այդպես գոռգոռում, փորձում են սադրանք կազմակերպել, եւ պետք չէ արձագանքել: Ելույթ ունեցավ Ստեփան Դեմիրճյանը, հետո՝ Արամ Սարգսյանը: Այս ողջ ընթացքում այդ կինը պարբերաբար գոռգոռում էր: Տեսնելով, որ նշված ձայնարկություններն իրենց նպատակին չեն հասնում, այս կնոջն օգնության հասան առանց պետհամարանիշի 2 մեքենաներից իջած մոտ 20 երիտասարդներ (20-25 տարեկան), ովքեր հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ սկսեցին սառցե մեծ կտորներ, քարեր, հող, շշեր եւ բետոնե կտորներ շպրտել: Քիչ անց սկսեցին նշված իրերը նետել Լ.Տեր-Պետրոսյանի ուղղությամբ: Սկսվեց ծեծկռտուք: Այս ամենն ուղեկցվում էր վերոնշյալ երիտասարդների կողմից տեղացող հայհոյանքներով: Հանդիպմանը հավաքված մարդիկ սկսեցին վանկարկել Լ.Տեր-Պետրոսյանի անունը: Հրապարակում ոչ մի ոստիկան չէր երեւում, ոչ ոք չէր միջամտում ծեծկռտուքին: Տեղի ունեցողը մերթընդմերթ հանդարտվում էր, սակայն մի քանի րոպե անց՝ նորից քարեր էին նետում, ու ամեն ինչ վերսկսվում էր: Հանրահավաքը վարող Նիկոլ Փաշինյանը եւ Լ.Տեր-Պետրոսյանը` դիմելով մարզպետին, հարցնում էին. «Ո՞ւր է ձեր ոստիկանությունը»: Երիտասարդներն ամեն անգամ նոր թափով էին իրենց գործը շարունակում, երբ հանրահավաքում ելույթ ունեցողները խոսում էին «Մխչյանի մկան» մասին, ու ցուցարարները վեր էին պարզում ձողերին ամրացրած՝ մկան մի քանի թակարդներ: Քաշքշուկի մասնակիցները քիչ անց փորձեցին հարձակվել Լ.Տեր-Պետրոսյանին սպասարկող մեքենայի վրա: Դա փորձեց կանխել Տեր-Պետրոսյանի Անվտանգության ծառայության պետի տեղակալ, Պետական պահպանության ծառայության փոխգնդապետ Սարգիս Հովհաննիսյանը: 7-8 հոգի հարձակվեցին նրա վրա: Ըստ որոշ տվյալների՝ կոտրվել է նրա այտոսկրը, վնասվել է գլուխը: Ս. Հովհաննիսյանը տեղափոխվել է հիվանդանոց: Լ.Տեր-Պետրոսյանը փաստեց, որ տեղի ունեցողը սադրանք է, խուլիգանություն, եւ դիմելով մարզպետ Ալիկ Սարգսյանին՝ նրան առաջարկեց բարձրանալ հարթակ ու հանգստացնել ուղարկված սադրիչներին: Մի քանի նման կոչերից հետո մարզպետը հարթակ բարձրացավ եւ հայտարարեց, որ ինքը չի տեսել, որ ինչ-որ մարդիկ քարեր են նետել հանրահավաքի մասնակիցների եւ Լ. Տեր-Պետրոսյանի ուղղությամբ, որ ծեծկռտուք է եղել… : «Ուղղակի բոլոր իրավապահ մարմիններին հենց հիմա կոչ եմ անում… Ես այս պահին որեւիցե քաշքշուկ չեմ տեսնում եւ չեմ էլ տեսել»,- հայտարարեց մարզպետը: Նրա այս խոսքն ընդհատվեց ներկաների սուլոցներով: «Ցանկացած քաշքշուկի դեպքում հիմա ես անձնապես պատասխանատվություն եմ կրում: Ժողովուրդ ջան, խնդրում եմ, լսեք իմ խոսքը, թողեք, թող նորմալ հանրահավաքն անցնի»,- շարունակեց մարզպետը: Վերջինիս խոսքից հետո կրկին խոսափողին մոտեցավ Լ. Տեր-Պետրոսյանն ու դիմեց մարզպետին. «Օրինականորեն թույլ տրված հանրահավաք է, ուրեմն՝ օրինականորեն թույլ տրված հանրահավաքը ունենում է ոստիկանական վերահսկողություն: Ես ոչ մի համազգեստով ոստիկան այստեղ չեմ տեսնում: Սա ի՞նչ է նշանակում: Դուք պարտավոր էիք պաշտպանել այս հանրահավաքը, սա ձեր խնդիրն է: Դուք դա չեք արել: Դուք խախտել եք այդ օրենքը»: Լ. Տեր-Պետրոսյանից հետո կրկին խոսեց Արարատի մարզպետ Ա. Սարգսյանը: «Ես ամբողջությամբ պատասխանատվություն եմ կրում այսօրվա հանրահավաքի համար՝ հենց այս պահից, եւ դրանից առաջ էլ եմ կրել: Որեւիցե արարքի համար ես պատասխանատվություն եմ կրում եւ հետեւելու եմ: Ինչ վերաբերում է Ոստիկանության ծառայողակարգին՝ այդ հարցով կարող եք դիմել Ոստիկանությանը. այնուամենայնիվ, ես շատերին տեսնում եմ այս պահին, որ ծառայություն կատարում են: Պարոն Տեր-Պետրոսյան, հաճախ համազգեստով հայտնվելը ձեր դուրն էլ չի գալիս»,- հավատացնում էր մարզպետը: «Ոչ: Մենք սիրում ենք մեր ոստիկաններին: Սիրում ենք համազգեստավոր ոստիկաններին, եւ այդ ոստիկաններն առաջինը պետք է արձագանքեին այս պրովոկատորների արարքներին»,- նշեց Լ.Տեր-Պետրոսյանը: Վերջինիս այս խոսքերից հետո ցուցարարները դարձյալ սկսեցին վանկարկել նրա անունը, եւ հանրահավաքը շարունակվեց: Հանրահավաքից հետո Լ. Տեր-Պետրոսյանն այցելել է Արտաշատի ոստիկանություն: Այնտեղ մարդ չկար, որ հայտարարություն ընդուներ կատարվածի մասին: Ի վերջո, քննիչները ժամանեցին: Լ. Տեր-Պետրոսյանը, ներկայացնելով միջադեպի մանրամասները, պահանջեց բացահայտել բոլոր մեղավորներին: Իսկ Տեր-Պետրոսյանի շտաբը երեկ հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. «Հանցավոր այս սադրանքը կազմակերպվել է ավազակապետական իշխանության կողմից: Հայտնի է դարձել, որ այն անձամբ նախապատրաստվել է Հովիկ Աբրահամյանի եղբայր, ԱԺ պատգամավոր Ջոնիկ Աբրահամյանի եւ մարզպետարանի սոցապ բաժնի պետի գլխավորությամբ: Վերջինս նաեւ ընտրատարածքային հանձնաժողովի նախագահն է»: Ըստ Լ. Տեր-Պետրոսյանի թիմակիցների եւ տեղացիների` քաշքշուկի մասնակից էր Ջ. Աբրահամյանի որդին: Ըստ իրավապահ մարմինների` երեկ Մխչյան գյուղի բնակիչ Ռայա Ասատրյանը եւ Արտաշատի բնակիչ Օֆելյա Հովսեփյանը դիմումներ են ներկայացրել Ոստիկանության Արտաշատի բաժին, որ ՀՀ նախագահի թեկնածու Լ. Տեր-Պետրոսյանի եւ մյուս հռետորների կողմից վիրավորական եւ անպարկեշտ արտահայտություններ են արվել կառավարության հասցեին: Իրենք բարձրաձայն առարկել են, որի կապակցությամբ միջոցառման կազմակերպիչների համախոհ, իրենց անծանոթ 4-5 երիտասարդներ քաշքշել են իրենց, հարվածել, գցել գետնին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Հարուցվել է քրեական գործ: