Նախագահները Հռոմում

13/05/2005

Հետեւելով Հռոմի Հովհաննես-Պողոս Երկրորդ պապի հուղարկավորության
արարողությանը՝ դժվար չէր նկատել, թե ինչպես էին իրենց զգում կամ պահում
տարբեր երկրների ղեկավարները եւ ինչ էին մտածում նրանք։

Ֆրանսիայի նախագահ Շիրակը հավանաբար հիշել էր իր առաջին հանդիպումը
Հովհաննես-Պողոս Երկրորդ պապի հետ, որը տեղի էր ունեցել 1982 թվականի
դեկտեմբերի 13-ին։ Պապն այն ժամանակ անմիջապես նկատել էր, որ Շիրակը դժվար
է կենտրոնանում պատարագի վրա եւ հայացքն անընդհատ դեսուդեն է նետում։

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Քոֆի Անանն էլ միանգամայն ճերմակ թաշկինակով ճակատի քրտինքն էր սրբում։

Արքայազն Չարլզը վատ չէր դիմանում, չնայած 24 ժամով հետաձգել էր իր եւ
Քամիլլա Պարկեր-Բոուլզի հարսանիքը։ Մտքով նա հեռուներում էր, բայց հանկարծ
շրջվեց ու սեղմեց ձեռքը Զիմբաբվեի բռնապետ Ռոբերտ Մուգաբեի, ով ԵՄ
երկրներում պերսոնա նոն գրատա է, բայց այդտեղ հայտնվել էր Վատիկանի
հրավերով։

Դե, ձեռքսեղմումներ կան, որոնցից արժե խուսափել։ Բուշի եւ Շիրակի
ընտանիքներին կանգնեցրել էին կողք կողքի, բայց նրանց կապը չէր ստացվում։
Ֆրանսիայի նախագահը պարզում է ձեռքը դատարկության մեջ, եւ ուղիղ երկու
անգամ Բուշն իբր չի նկատում։ Եվ միայն երրորդ անգամ, անհարմար դառնալուց
առաջ, սեղմում է մեկնված ձեռքը։

Իսրայելի նախագահ Մոշե Կացավն առաջին անգամից է սեղմում Սիրիայի նախագահ
Բաշար Ասադի ձեռքն ու կրկնում իր խիզախ քայլը Իրանի նախագահ Մոհամադ
Խաթամիի հետ։ Դրանք Իսրայելի ամենաթշնամական պետություններն են։ Նրանց
վարչակազմերում գլուխ են կոտրում, թե արդյոք պլանավորվա՞ծ էին այդ
ձեռքսեղմումները, պատահակա՞ն էին, թե՞ հարկադիր։