«Անընդհատ անձնական վիրավորանքներ էին հնչեցնում»

08/02/2008 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Երեկ Արտաշատում ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական հանդիպման ժամանակ տեղի ունեցած քաշքշուկի պատճառն, ըստ Արարատի մարզպետ Ալիկ Սարգսյանի` եղել են նրանց կողմից հնչեցված անձնական վիրավորանքները:

– Պարոն Սարգսյան, կարո՞ղ եք ասել, թե ինչո՞ւ հատկապես ձեր մարզում նման միջադեպ եղավ:

– Չգիտեմ, բայց ես ոչ մի առիթ չտեսա նման բան սարքելու համար: Այս պահին էլ համոզված եմ, որ առանձնապես ոչինչ չի եղել: Պարզապես իմացեք, թե իրականում ինչ է եղել. եկան, ավտոմեքենաներից իջան ու պարոն Նիկոլ Փաշինյանն, ինչպես միշտ, ելույթը սկսեց խիստ ագրեսիվ` անձնական վիրավորանքներ տեղալով:

– Ո՞ւմ հասցեին:

– Ինչպես միշտ՝ Հովիկ Աբրահամյանի, թե նա ի՞նչ կապ ունի այս պարագայում նրանց հետ` չեմ հասկանում: Մենք մեր աշխատասենյակներում էինք: Փաշինյանը սկսեց Հ. Աբրահամյանին տարբեր ածական անուններ տալ, ժողովուրդը սկսեց աղմկել, գոռում էին` ձեզնից խոսացեք, ի՞նչ եք եկել, ուրիշների մասին եք խոսում… Այսքան բան: Նրանք սկսեցին այդ կանանց ժողովրդի միջից հեռացնել: Բնականաբար, այդ պրոցեսն ուղեկցվեց քաշքշուկով, ինչպես միշտ: Այդ քաշքշուկի ժամանակ, երբ արդեն Արամ Սարգսյանն էր ելույթ ունենում, ինձ մոտ աշխատասենյակ եկավ Սմբատ Այվազյանը, թե` ախպեր ջան, կարող է լուրջ բան լինի, ժողովուրդն աղմկում է այնտեղ, հնարավոր է կռիվ լինի, խնդրում եմ` միջամտի, կարող է իրավիճակը հսկողությունից դուրս գա: Ասացի` Սմբատ, բարի եղի, հարթակի վրա կանգնած մարդկանց ասա, թող մարդկանց չվիրավորեն, ինչ ուզում են, ինչի մասին ուզում են` թող խոսեն, բայց պետք չի անձնական վիրավորանք հնչեցնել: Ասացի` պարզ է, չէ՞, եթե Արտաշատում Հովիկ Աբրահամյանի անունը բացասական տան, ժողովուրդը կներվայնանա: Հովիկ Աբրահամյանն այս մարզի համար քիչ բան չի արել, եւ այստեղի ժողովուրդը թույլ չի տա նրանց ամեն անգամ գալ, նրա վրա ցեխ շպրտել ու թողնել-գնալ: Այն էլ` վիրավորական արտահայտություններով: Բոլորը դիտավորյալ հիմնականում Հ. Աբրահամյանի մասին էին խոսում` փորձելով սրել իրավիճակը: Արամ Սարգսյանն էլ հենց սկսեց Հ. Աբրահամյանի մասին խոսել` ժողովուրդը նորից աղմուկ բարձրացրեց, ու ինչ-որ կանայք էլի սկսեցին իրար քաշքշել: Ես այդ ժամանակ իջա ներքեւ: Այդ ժամանակ պարոն Լեւոն Տեր-Պետրոսյանն էր ելույթ ունենում ու գոռում էր` «Մարզպետ, ո՞ւր ես, արի ստեղ, մարզպետ, բարձրացի բեմ, սրանք սաղ սարքած են, սադրանքներ են: Մա՛րզ-պե՛տ, մա՛րզ-պե՛տ»: Նման բաներ էր գոռում, ես արդեն իջել էի ու ժողովրդի միջով մոտենում էի հարթակին: Մեկ էլ սկսեց Լ. Տեր-Պետրոսյանը գոռալ` «Մարզպետ, ո՞ւր ես, մի խուլիգան էլ դու ես: Խուլիգան, արի»: Պատկերացնո՞ւմ եք, նման բաներ են ասում, հետո էլ ուզում են, որ ժողովուրդը չնյարդայնանա: Վազելով բարձրացել եմ բեմ, բարձրախոսն իր ձեռքից վերցրել եմ ու ժողովրդին կոչ եմ արել՝ չենթարկվել սադրանքներին: Ասացի` ժողովուրդ ջան, սա ընդամենը սադրանք է, խնդրում եմ հանգստություն ցուցաբերել, թող միտինգն ավարտվի` գնան: Նաեւ ասացի`ինձ վիրավորողն ընդամենը բարոյականությունից զուրկ մարդ է, եւ նա, գոնե այս տարածաշրջանում, բարոյական լուրջ կորուստ ունեցավ: Այդքան բան եմ ասել: Մարզպետը խուլիգան չէ, մարզպետը ժողովրդի կողմից սիրված, նորմալ մարդ է: Մինչեւ վերջ հետեւել եմ ամբողջ միտինգը, իմ խոսքից հետո որեւէ քաշքշուկ չի եղել, ժողովուրդն արհամարհանքով սպասում էր, թե երբ պիտի նրանց ավտոշարասյունը դուրս գար մարզկենտրոնից: Այդ պահին ուժային կառույցի աշխատակիցները կողքիս են եղել: Բայց Լ.Տեր-Պետրոսյանը նորից նույն տոնով շարունակում էր, թեման նորից Հ. Աբրահամյանն էր: Նրանց բուն թեման կարմիր թելի նման դա էր` վիրավորական արտահայտություններով: Հետո ասել են` ցտեսություն, ու գնացել են: Իրենք հերթով եկել ինձանից ներողություն են խնդրել կատարվածի համար:

– Իրենք` ովքե՞ր:

– Կազմակերպիչները: Ասում էին` կներես, թյուրիմացություն է եղել: Բայց ես այդպես էլ չհասկացա, թե իրենց ուզածն ի՞նչ էր: Զգալով, որ Հ. Աբրահամյանի մասին վատ խոսք ասելիս՝ ժողովուրդը աղմկում է, նրանք շարունակում էին ու ինձ էլ գալիս-խնդրում էին, որ գնամ հանգստացնեմ: Նրանց նպատակը միջադեպ սարքելն էր: Եթե ես գնամ մեկի տուն ու փորձեմ հայհոյել տան տիրոջը, պարզ է, չէ՞, որ ընտանիքի անդամներից մեկն ինչ-որ բանով գլխիս կխփեր իմ պահվածքի համար: Այս մարդիկ դա չէին կարողանում կամ չէին ուզում հասկանալ: Սկզբում էլ նրանց խնդրեցի, ասացի` ձեզ կոռեկտ պահեք: Բայց եթե այս մարդիկ միայն այս ձեռագիրն են որդեգրել, ես ի՞նչ կարող էի անել:

– Իսկ շշեր ու քարեր ո՞վ է նետել նրանց ուղղությամբ:

– Ի՞նչ շիշ, ի՞նչ քար: Նման բան չի եղել: Ես վերեւում կանգնած հետեւել եմ այդ ամեն ինչին:

– Քանի՞ մարդ էր մասնակցում հանրահավաքին:

– 400-600, որից 400-450-ն իրենց հետ էին բերել: Ամենաքիչը 50-60 մեքենաներով էին եկել նրանք` այդ խումբն էլ հետը:

– Ի՞նչ խումբ:

– Հրահրողների: Ես դիմել եմ Ոստիկանության վարչության պետին, ով արդեն հանձնարարել էր զբաղվել այդ քաշքշուկով: Նրանք ասացին` միայն մեկի հետ ծեծկռտուք է եղել, պարզում ենք` ովքեր են եղել:

– Ասում են, որ հրահրողը եղել է Հովիկ Աբրահամյանի եղբոր` Ջոնիկ Աբրահամյանի որդին:

– Կարո՞ղ եք ինձ ասել, թե ի՞նչ կապ ունեն այստեղ այդ անունները: Իսկ Ջ. Աբրահամյանի որդին ընդհանրապես այստեղ չի եղել: Ոչ ոք չի կարող ասել, որ նրան տեսել են այստեղ: Հրահրողներին իրենց հետ էին բերել, ու նրանք շատ էին: Իսկ այստեղ արդեն ամբողջ «Երկրապահն» էր ոտքի կանգնել ու փորձում էին կանխել այդ ելույթները: Նրանց շրջապատել էին, որ հանկարծ չխառնվեին: Նրանք նույնիսկ արտաշատցիներին էին վիրավորում, ասում էին` եթե դուք նրանց կողքին եք, դուք էլ եք սրիկաներ: Ես չգիտեմ, թե սա ի՞նչ է նշանակում: Հանրապետության նախագահի, Սերժ Սարգսյանի հասցեին ամենավերջին խոսքերն ասում էին: Ինչ ասես` ասում էին, իմ մոտ էլ գալիս էին ու փորձում էին ականջս շոյել, ասում էին` ախպեր ջան, էդ քեզ չի վերաբերում, դու մի խառնվի: Ասում էին՝ քեզ թյուրիմացաբար է ասել` խուլիգան: Լրիվ իրենց կորցրել են, եթե իրենց թվում է` երկրի ղեկավարներին ամեն ինչ կարելի է ասել, սխալվում են, դրա համար էլ ժողովուրդն ըմբոստանում էր: Հասկացանք, միտինգ եք անում: Միտինգներում քաղաքական մշակույթից են խոսում, բայց իրենք դրան չեն հետեւում: Նախորդ անգամ Հայկ Բաբուխանյանը նույն պատմությունը սարքեց ու մարդկանց վրա կրակեց, հայտարարեցին, թե արտաշատցիները ըմբոստ են, խանգարել են: Հիմա էլ սրանք էին փորձում նման բան սարքել:

– Իսկ ոստիկաններն ո՞ւր էին, որ դուք էիք հանդարտեցնում: Ասում են` ոչ մի ոստիկան չի եղել հանրահավաքի ժամանակ:

– Նրանք այստեղ էին: 10-15 համազգեստով ոստիկան եղել է, չհաշված` քաղաքացիական համազգեստով Ոստիկանության աշխատակիցներին: Կադրերում կտեսնեք համազգեստավոր ոստիկաններին: Լ.Տեր-Պետրոսյանն էլ գոռում էր` համազգեստով ոստիկաններն ո՞ւր են: Իսկ ո՞վ է ասել, որ միտինգում պետք է համազգեստով ոստիկաններ լինեն: Ոստիկաններ են լինում` ասում են` տեսեք, բերել-շարել են, չեն երեւում` ասում են` ո՞ւր են: Ի՞նչ են ուզում դրանք, չեմ հասկանում: Ինչ-որ մեկի վրա պետք է բարդել այդ ամենը, ու այս անգամ երեւի որոշել են Ոստիկանության վրա մեղքը գցել: