ՀՀ նախագահի թեկնածուները տարբեր մարդիկ են, տարբեր արժանիքներով, հաղթելու մեծ ու փոքր հնարավորություններով, բայց ընտրողի համար խիստ էական որոշ հանգամանքներ, որոնք կարող են թե՛ դրական, թե՛ բացասական դեր խաղալ, առանձնացնում են նրանցից երկուսին։
Առաջինը գործող վարչապետն է եւ առանձնանում է ոչ այնքան ի պաշտոնե որոշակի լծակների տիրապետելու առումով, այլ, որ ներկայացնում է ԱԺ մեծամասնությունը, միակն է, ով ընտրվելու պարագայում սահմանադրության ընձեռած հնարավորություններով ի զորու է իրագործել տված խոստումները։ Մնացած բոլոր թեկնածուները, եթե չասենք՝ անհաղթահարելի, ապա նվազագույնը՝ խիստ ծանր խոչընդոտների են հանդիպելու ընտրողին տված խոստումներն իրագործելու ճանապարհին, եթե չունենան ԱԺ մեծամասնության աջակցությունը։ Սա, իհարկե, մեծ առավելություն է, որի համար Սերժ Սարգսյանը պարտական է ԱԺ նախորդ տարվա ընտրության արդյունքներին։
Մյուս թեկնածուին բոլորից առանձնացնող ամենաէական հանգամանքն այն է, որ ի տարբերություն մյուսների՝ նա նախկինում շուրջ 7 տարի զբաղեցրել է ՀՀ նախագահի աթոռը եւ ունեցել է անսահմանափակ այնպիսի լիազորություններ, որպիսիք նոր ընտրվող նախագահը չի ունենալու։ Եվ երբ այս թեկնածուն խոստումներ է տալիս, ընտրողն ինքնաբերաբար հիշում է նրա նախագահության ժամանակներն ու համեմատում։ Մարդիկ լսում են ժողովրդավարություն, օրենքի առջեւ հավասարություն հաստատելու, կոռուպցիայի դեմ պայքարելու, տնտեսությունը զարգացնելու մասին նրա խոստումներն ու միմյանց, իրենք իրենց հարցնում՝ բա թագավորի լիազորություններով նախագահ եղած ժամանակ անո՞ւմ էր։ Եվ հիշողությունը չկորցրած մարդկանց համար խիստ վիրավորական են Լեւոն Տեր-Պետրոսյանի այն խոսքերը, որ իբրեւ թե չի լինելու որեւէ ազնիվ մարդ, որեւէ ազնիվ քաղաքական գործիչ, որ իրեն, իր ղեկավարած շարժմանը չմիանա։ Պարզվում է, որ բոլոր ազնիվ մարդիկ պարտավոր են ոչ միայն հիշողությունից զուրկ, այլեւ կույր ու խուլ լինել, պարտավոր են չլսել, չտեսնել, չհիշել Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքի ու գործի անվերջանալի հակասությունները։ Իսկ եթե հանկարծ տեսան, լսեցին կամ հիշեցին, ուրեմն էլ ազնիվ չեն։ Ազնիվ չեն, որ, երբ ժողովրդավարությունից, արդար, ազատ ընտրություններից է խոսում, ակամայից հիշում են 1996 թվականը։ Երբ իշխանության թեւերի հավասարազորությունից, հակակշիռներ ստեղծելուց է խոսում, ակամայից հարց է առաջանում՝ յոթ տարի նախագահ էիր, այդ հակակշիռները ստեղծելու համար ինչո՞ւ չէիր ուզում զիջել, քո որոշ լիազորություններից հրաժարվել։ Պատերա՞զմ էր… Համաձայն ենք։ Հրադադարը հաստատվեց 1994 թվականի մայիսին, որից հետո 3,5 տարուց ավելի նախագահ էիր, այն էլ՝ դեռ փոփոխության չենթարկված սահմանադրությամբ քեզ տրված անսահմանափակ հնարավորություններով։ Այն ժամանակ չէիր ուզում, հիմա ուզո՞ւմ ես… Բայց ի՞նչ երաշխիք, որ նախագահ դառնալուց, ԱԺ-ն տակովն անելուց (եթե, իհարկե, հաջողվի) հետո կցանկանաս։
Ազնիվ չենք, որ երբ կադրային քաղաքականությունից է խոսում, այդ հարցում սկզբունքայնությունից, հետեւողականությունից, բազմաթիվ հիշողություններ ու հարցեր են առաջանում՝ եթե, ըստ ձեզ` Բագրատյանը փայլուն վարչապետ էր, երկրի տնտեսությունը ճիշտ ուղով էր ընթանում, ինչո՞ւ հանեցիք… Եթե…
Ազնիվ չենք, որ հիշում ու հարցնում ենք՝ եթե 1998-ին Կարեն Դեմիրճյանի ստացած քվեն է պաշտպանում, ինչո՞ւ հանձինս ՀՀՇ-ի սատարեց նրա հակառակորդին, եւ հետո էլ ոչ նա, ոչ նրա կուսակցությունը բողոք չբարձրացրին կեղծիքների դեմ։ Այս մասով նույնն էր նրա պահվածքը նաեւ 2003 թվականի նախագահական ընտրություններից հետո։ Ազնիվ չենք, որ հիշում ենք, թե մինչեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը պաշտպանելը նրա սատարող լրատվամիջոցներն ինչ լուտանքներ էին թափում ՀԺԿ-ի ու նրա նախագահի հասցեին։ Երբ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը չբացահայտելու մեջ գործող իշխանություններին է մեղադրում, ազնիվ չենք, որ այդ չարաբաստիկ օրվանից մինչեւ ընտրարշավն ընկած ութ տարիների ընթացքում, բացի Ռոբերտ Քոչարյանի շուրջը համախմբվելու կոչից, այդ առիթով նրա արտահայտած որեւէ միտք, ցավ արտահայտող խոսք, բողոք չենք հիշում։
Այսքանից հետո, թե որքանո՞վ է ազնիվ ու բարոյական առաջին նախագահի կողմից հատկապես «Հոկտեմբերի 27»-ի ողբերգության շահարկումը, թող ընտրողը դատի, բայց վերը նշված երեւույթների մասին նրա դատողությունները, գնահատականները, ցավոք, կարելի է տեղավորել միայն նախընտրական, ամեն գնով ձայն շահելու հնարքների տիրույթում։ Գուցե չխոսեինք Ղարաբաղի հարցի շուտափույթ լուծման, տարածաշրջանում խաղաղություն, Ադրբեջանի, Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու Լեւոն Տեր-Պետրոսյանի տված խոստումների մասին, եթե անվտանգությունն ու արտաքին քաղաքականությունը սահմանադրությամբ նախագահին վստահված լիազորությունների շրջանակում չլինեին։ Եվ չենք կարող չանդրադառնալ Ղարաբաղի խնդրին, որովհետեւ այս հարցում էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքի եւ գործի մեջ հակասությունները բազմաթիվ են, նրան ուղղված հարցերը՝ շատ։
Եթե Ղարաբաղը որպես անկախ պետություն պիտի ամրանար, բանակցություններում դառնար լիիրավ կողմ, ինչո՞ւ Ղարաբաղի նախագահին, որը քո թիմակիցների նույնիսկ այժմյան գնահատականներով՝ լավ նախագահ էր, համոզեցիր ու Հայաստանի վարչապետ նշանակեցիր՝ Ղարաբաղը որպես անկախ, ինքնուրույն գործոն ներկայացնելու երկարատեւ ջանքերին հարված հասցնելով։
Եթե հրաժարականիդ նախորդած ժամանակում վստահ էիր, որ Ղարաբաղի հարցի լուծման, այսպես կոչված` փուլային տարբերակը մեր ժողովրդի, պետության համար շահեկան է, որ ժամանակ չի կարելի կորցնել, ինչո՞ւ հրաժարական տալու փոխարեն՝ այն ժամանակվա սահմանադրությամբ ընձեռած իրավունքով չպաշտոնազրկեցիր վարչապետին, պաշտպանության նախարարին (իմիջիայլոց, Վազգեն Սարգսյանը հետո ասում էր, որ կենթարկվեր նախագահի հրամանին)։ Եթե համոզված էիր իրավացիությանդ մեջ, համոզված էիր, որ մեր ժողովուրդը շահելու է, ինչո՞ւ վճռական չգտնվեցիր։ Հիմա վճռակա՞ն ես տրամադրված… Իսկ ի՞նչ երաշխիք, որ նախագահ դառնալուց հետո վճռականությունդ չես կորցնի։
Եվ եթե ազնվությունից ես խոսում, պարտավոր ես ժողովրդին որոշակիորեն ասել, ի՞նչ ես պատրաստվում զիջել Ադրբեջանին ու Թուրքիային, որ նրանք համաձայնվեն խաղաղության, բարիդրացիական հարաբերությունների, որ ճանապարհները բացվեն, երկաթգծերն աշխատեն։ Այս հարցին պարտավոր են պատասխանել նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող քաղաքական ուժերը։ Նախ՝ «Հանրապետությունը», որ հիմնադրվեց Վազգեն Սարգսյանի կիսատ թողած գործը շարունակելու, ավարտին հասցնելու հավակնությամբ։ Ղարաբաղի խնդրի լուծման հարցում Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Վազգեն Սարգսյանի միջեւ եղած տարաձայնությունը, որն, ի վերջո, հանգեցրեց Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին, բոլորին է հայտնի։ Եվ ճիշտ կլիներ՝ «Հանրապետությունը» ազնվորեն պատասխաներ՝ հրաժարվո՞ւմ է Վազգեն Սարգսյանի տեսակետից, թե՞ ոչ։ Եթե չի հրաժարվում, ի՞նչ գործ ունի Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին։ Պետք է պատասխանի նաեւ ՀԺԿ-ն, որը 2001 թվականի ապրիլին մյուս խորհրդարանական ուժերի հետ ստորագրել է այն հայտարարությունը, որի մեջ սահմանվել են Արցախյան հիմնախնդրի կարգավորման մեզ համար ընդունելի սկզբունքները՝ «Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի միավորումը կամ նրա՝ անկախ վիճակի միջազգային հաստատագրումը, ԼՂՀ իշխանությունների մասնակցությունը կարգավորման վերջնական տարբերակի մշակմանը, ԼՂՀ անվտանգությունը երաշխավորող ՀՀ ԼՂՀ ընդհանուր սահմանի անհրաժեշտ երկարության ապահովումը, ԼՂՀ լիարժեք անվտանգության երաշխավորումը՝ Ադրբեջանի հետ խաղաղության սահմանագծի արձանագրմամբ։ Բանակցությունների ընթացքում Հայաստանի որեւէ տարածք խնդրո առարկա չի կարող դառնալ, իսկ կոմունիկացիոն որեւէ կապ չի կարող լինել Հայաստանի հողային ամբողջականության կամ ինքնիշխանության հաշվին»։
Այս սկզբունքներն առ այսօր անընդունելի են Ադրբեջանի համար, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրան սատարող ուժերը պարտավոր են ազնվորեն ժողովրդին ասել, թե Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ բարիդրացիություն հաստատելու գինը այս սկզբունքներից դուրս ո՞րն է լինելու։