Հայաստանը նոր նախագահ է ընտրում։ Հանրապետությունը սրընթաց զարգանում է, եւ Ռոբերտ Քոչարյանը, պաշտոնավարելով Սահմանադրությամբ ամրագրված երկու նախագահական ժամկետ, կարող է հանգիստ թողնել իր պաշտոնը։
Ռուսական տերմինաբանությամբ՝ «ժառանգորդ», իսկ այսօր արդեն՝ նախընտրական քարոզարշավի ֆավորիտ է դարձել Հայաստանի կառավարության ղեկավար, իշխող ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը։ Նրա օգտին է նա՛խ պաշտպանության նախարարի պաշտոնում արդյունավետ աշխատանքը, այնուհետ՝ վարչապետի, վերջին խորհրդարանական ընտրություններում իր ղեկավարած կուսակցության աներկբա հաղթանակը, Հայաստանի մի շարք քաղաքական կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների աջակցությունը։ 10 տարիների ընթացքում երկիրը տեսավ խաղաղություն, աշխատատեղեր, թոշակներ, վստահություն վաղվա օրվա հանդեպ. էլ ի՞նչ է պետք աշխատասեր հային։ Այսօր Ս. Սարգսյանի հաղթանակը կասկած չի հարուցում անգամ ծայրահեղ հոռետեսների մոտ։ Համընդհանուր աշխուժություն առաջացրեց Հայաստանի նախկին նախագահ, 10-ամյա լռակյաց Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձը։ Վերջինիս թիմակիցները Լեւոնին կանխատեսում էին հաղթական վերադարձ քաղաքական օլիմպ, անգամ՝ հեռակա կարգով նրան կարգել էին ընդդիմության միասնական թեկնածու եւ ընտրապայքարում Ս. Սարգսյանի հիմնական մրցակից։ Սակայն, սենսացիա տեղի չունեցավ։ Իր աշխատասենյակի պատուհանից Լեւոնն այդպես էլ չտեսավ փոփոխվող երկիրը եւ փոփոխվող ընդդիմությանը։ Մի քանի հակաիշխանական հանրահավաքներից եւ սկանդալային հայտարարություններից հետո նա դարձավ նախընտրական հեռուստաեթերի եւ մամուլի գլխավոր հակահերոսը։ Միտինգավորների թիվը գնալով նվազում է, իսկ ընտրողը գնալով ավելի է տարակուսում կեղծ առաջնորդի հայտարարություններից։
Սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքները դուրս մղեցին էքս-նախագահին անգամ ամենահավանական թեկնածուների եռյակից։ Միեւնույն ժամանակ՝ Տեր-Պետրոսյանի բացասական վարկանիշը տատանվում է ռեկորդային նիշի՝ 40 տոկոսի սահմաններում. այն է՝ հայերի գրեթե կեսը երբեք Լեւոնին ձայն չի տա։ Ընտրողների մեծամասնությունը (45 տոկոս), ինչպես եւ սպասվում էր, սատարում է Սերժ Սարգսյանին, իսկ նրանից հետո հաջորդ տեղում գտնվողի վարկանիշը չի անցնում 15 տոկոսից։ Ինչո՞ւ ՀՀ ժողովուրդը չգայթակղվեց նախկին նախագահի նախընտրական ներկայացմամբ, հանրահավաքներում հնչող բարձրագոչ կոչերով եւ գեղեցիկ խոստումներով։ Չէ՞ որ ընդդիմադիր բառապաշարը սովորաբար այնքան քաղցր ու գրավիչ է հնչում։ Բարձրաձայնվում են, որ՝ «ռեժիմը պետք է փոխել, ՀՀ ներկայիս իշխանությունները կոռումպացված են եւ երկրին պետք է կարգ ու կանոն»։ Այդ կոչերի տողատակում լսվում է «նո՛ր կարգ եւ նո՛ր կանոն» եւ կրկին այդ բռունցքը գլխի վրա։ Այդ, այսպես կոչված, նոր կարգն ու կանոնը Հայաստանն արդեն հաղթահարել է. իհարկե, դժվարությամբ։ Չէ՞ որ հենց Տեր-Պետրոսյանի իշխանավարության տարիներին է քայքայվել ՀՀ տնտեսությունն ու սոցիալական ենթակառուցվածքները։ Անգամ ղարաբաղյան հայտնի խնդիրը, որը Տեր-Պետրոսյանին օգնեց գալ իշխանության, հետագայում այլեւս նրան պետք չէր՝ ընդհուպ մինչեւ այն աստիճան, որ նա, ինքնավարության անվան տակ, առաջ քաշեց ԼՂՀ-ն Ադրբեջանին հանձնելու գաղափարը, կոչելով դա՝ «իրատեսություն»։ Այս նախընտրական արշավում նրա մեթոդն է լարվածության ուժգնացումը, բացասական հույզերի ստեղծումը, մարդկանց բաժանումը յուրայինների եւ օտարների… Նմանօրինակ մարտավարությունը ժամանակին նրան բերել էր իշխանության, բայց այսօր երկիրը չի ուզում նոր ցնցումներ, չի ուզում անցյալի վերադարձ։ Այժմ իր թիմակիցների կողմից շատ է աղմուկը՝ ընտրությունների հնարավոր կեղծման շուրջ։ Այսինքն, նախապես գնում է նոր ցնցումների հոգեբանական նախապատրաստում։ Բնականաբար, լռության է մատնվում այն, որ 96-ի նախագահական ընտրությունները լկտիաբար կեղծվել են հօգուտ Տեր-Պետրոսյանի, իսկ ընդդիմությունը ճնշված էր տանկերով, զանգվածային ձերբակալություններով, ընդդիմադիր թերթերի խմբագրությունների ջարդերով։
ՀՀ բնակիչները սպասում էին, որ գոնե այժմ Տեր-Պետրոսյանը ներողություն կխնդրի ժողովրդից այն ամենի համար, ինչը ժողովուրդը, վերջինիս մեղքով, վերապրել է դժվարին 90-ականներին։ Նմանօրինակ սպասումները չարդարացան։ Կանխազգալով իրենց տապալումը, լեւոնականներն օգտագործում են ընտրությունները հեղինակազրկելու բոլոր միջոցները։ Բանը հասել է նրան, որ հանրահավաքներից մեկում Տեր-Պետրոսյանի կողմնակիցները ծեծի են ենթարկել Ղարաբաղյան պատերազմի մի վետերանի, որը «հանդգնել» էր չհամաձայնել Լեւոնի դիրքորոշման հետ։ Լեւոնի մերձավոր շրջապատը, առանց անհարմար զգալու, հեռուստաեթերում ֆիզիկական հաշվեհարդարով է սպառնում քաղաքական ընդդիմախոսներին եւ նրանց ընտանիքի անդամներին։ Սա է ժողովրդավարության «լեւոնական դեմքը». այն տարբերությամբ, որ տանկերի փոխարեն՝ այժմ թանկարժեք ջիպեր են եւ սափրագլուխ հրոսակներ։ Ի դեպ, նոր զրահապատ Մերսեդես-ջիպերից բաղկացած Լեւոնի շարասյան արժեքը միլիոնավոր դոլարներ է։ Տեր-Պետրոսյանը ժլատություն չի անում քարոզչական արշավի վրա. միայն Երեւանում տարածվել են նախկին նախագահի ելույթներով հարյուր-հազարավոր DVD-ներ։ Նման յուրաքանչյուր տիրաժի թողարկման վրա ծախսվել է 20 միլիոն հայկական դրամից ոչ պակաս գումար։ Անհնարին է անգամ մոտավորապես հաշվել նախկին նախագահի քարոզչական ծախսերը։ Որտեղի՞ց համեստ թոշակառու Լեւոնին նման գումարներ։ Վերակենդանացած տնտեսությունը, հանրապետություն հոսող ներդրումները գրավել են Լեւոնի եւ իր հովանավորների ուշադրությունը։ Իսկ ժողովո՞ւրդը… կարելի է կրկին անգամ փորձել խաբել ժողովրդին։ Սակայն, սա արդեն այլ երկիր է եւ այլ մարդիկ, եւ ժողովուրդն ասում է՝ «Լեւո՛ն, դու ճիշտ չես»։
Վադիմ ՍՄԻՌՆՈՎ, քաղաքագետ
«Կոմսոմոլսկայա պրավդա», փետրվարի 6, 2008թ.