Բանակի մասին պետք է զգույշ խոսել

08/02/2008 Նատաշա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Երեկ «Հայելի» ակումբում ազգային անվտանգությանն ու բանակին վերաբերող հարցերի շուրջ բանավիճում էին ՀՅԴ Բյուրոյի անդամ, թեկնածու Վահան Հովհաննիսյանի ներկայացուցիչ Արթուր Աղաբեկյանը եւ ՀՀՇ-ական, Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչ Հովհաննես Իգիթյանը:

Ա. Աղաբեկյանը նշեց, որ Վահան Հովհաննիսյանի ծրագրում բանակի հանդեպ մոտեցումն այն է, որ անհրաժեշտ է ստեղծել պրոֆեսիոնալ ծառայության ու պարտադիր զինծառայության միջեւ ճկուն համադրում` պրոֆեսիոնալ սերժանտական կազմի ներդրմամբ: Նա ավելացրեց, որ հասարակության մեջ մերժվել է զինապարտության գաղափարը եւ առաջ է մղվել դրա միայն մեկ տարրը` պարտադիր զինվորական ծառայությունը, դրա համար էլ հասարակության մեջ մերժում է ստեղծվել դեպի պարտադիր զինվորական ծառայությունը: Ըստ նրա` պետք է քաղաքացուն պատրաստել ծառայությանը, եւ այն ավարտելուց հետո նա պետք է հաշվառվի ու շարունակի մնալ ՀՀ այն քաղաքացին, ով անհրաժեշտության դեպքում կարող է նորից զենք վերցնել: Իսկ ծառայության ժամկետները, բանակի թվաքանակը ժամանակի խնդիրներ են: Ըստ նրա` ճկուն համադրման դեպքում պետք է այնպես անել, որ այդ թվաքանակն այնքան ճկուն լինի, որ հնարավոր լինի բազմապատկել բանակի թվաքանակը կամ կրճատել` հաշվի առնելով երկրի բյուջեն, մարտահրավերները եւ այլն: Ա. Աղաբեկյանի համար` իբրեւ պրոֆեսիոնալ, ինչպես ինքը նշեց, մերժելի են թեկնածուների այն բարձրաձայնած մոտեցումները, թե բանակն աշխատատեղ է. «Բանակը պրոֆեսիոնալ իմաստով չի կարող աշխատատեղ լինել, քանի որ պրոֆեսիոնալ զինծառայողն աշխատանքային պայմանագրային հարաբերությունների մեջ չի մտնում պետության հետ: Ծառայության անցնելիս պետք է զինծառայության մասին օրենքն աշխատի: Պրոֆեսիոնալ զինծառայողը պրոֆեսիոնալ սպանող է, եւ այն չի կարող հանդես գալ որպես աշխատատեղ: 3 մլն բնակչություն ունեցող Հայաստանը չի կարող ծնել այնքան պրոֆեսիոնալ զինվոր, որպեսզի ունենա տվյալ մարտահրավերին համապատասխան անհրաժեշտ բանակի թվաքանակ: Պետք չէ շփոթել պրոֆեսիոնալ սպայական կազմը պրոֆեսիոնալ շարքայինի հետ, որովհետեւ պրոֆեսիոնալ սպան բռնի ուժի կառավարող է, եւ անհրաժեշտ չէ, որ նա լինի պրոֆեսիոնալ սպանող»:

Ա. Աղաբեկյանը նշեց, որ ինքը մերժում է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի` բանակի թվաքանակը կրճատելու մասին միտքը: Հովհաննես Իգիթյանն ի պատասխան՝ նշեց, որ Լ. Տեր-Պետրոսյանն ընդամենն ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկի հարցին ի պատասխան՝ ասել է, որ երբ Հայաստանը լուծի իր խնդիրը, եւ Ղարաբաղի հարցը լուծված կլինի, ինքն այդ դեպքում երազում է, որ բանակի թիվը 15.000 լինի: Նա նշեց նաեւ, որ այսօր առկա թվաքանակը հենց Լ. Տեր-Պետրոսյանն է հիմնել: Ինչ վերաբերում է բանակին, նա նշեց, որ այն հասարակության մասն է, ու 21-րդ դարում բանակը զսպվածության ֆակտորն է. «Չկա այսօր մի երկիր, որը բանակի հույսին է, միայն դրա հետ է կապում իր անվտանգությունը: Բանակը նաեւ դիվանագիտության, ներքին ու արտաքին քաղաքականության մասն է»: Հ. Իգիթյանը համաձայն էր Ա. Աղաբեկյանի հետ, որ մարդիկ այսօր դժվարությամբ ու չցանկանալով են գնում ծառայելու: Ըստ նրա, երկրներում, որտեղ ծառայելը կամավոր է, սովորաբար նախընտրում են բանակը: Իսկ եթե Հայաստանում այդպես լիներ, բանակի միայն սպայական մասը կլիներ. «Մենք կարող ենք ցանկանալ, որ մեր բանակը 200.000 հոգանոց լինի կամ 1 միլիոն, բայց ցանկությունը քիչ է, պետք է հաշվի առնել, թե ինչքան` ոչ միայն ֆինանսական, այլեւ մարդկային ռեսուրս կա: Ու եթե մենք մեր անվտանգությունը կամ հարաբերությունները հարեւանների հետ կապում ենք բանակի քանակի հետ, ապա նույնիսկ Ադրբեջանում 2.5 ու նույնիսկ ավելի անգամ շատ են մեզանից»: