ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը երեկ «Ազատությանն» ասել է, որ փետրվարի 3-ին Ազատության հրապարակի հանրահավաքում իր ասածը, թե սպառնացել են սպանել, ինչպես նաեւ ընտրակաշառքներ բաժանելու վերաբերյալ տվյալների հրապարակումը «խաղ ու պար չէ»: Հարցին, թե արդյոք ինքը ՀՀ Գլխավոր դատախազությունից հրավեր ստացե՞լ է` պարզաբանումներ տալու իր հասցեին հնչած սպառնալիքների վերաբերյալ, նա պատասխանել է. «Ոչ: Բայց ինձ դիմել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենը` առաջարկելով պետական պահպանություն, ես էլ գրավոր նամակը գրել եմ, եւ համաձայնվել եմ»: Իսկ ընտրակաշառքների վերաբերյալ տեղեկություններն, ըստ Ա. Բաղդասարյանի, Դատախազությանը կտրամադրվեն գրավոր: «Վաղը պետք է լինի հանդիպում: Կհանդիպենք այդ հարցերի հետ կապված: Ինչ որ հնչեցվել է, ես ասել եմ նաեւ հանրահավաքում` դա խաղ ու պար չէ: Ես ուղղակի դա հրապարակայնացրել եմ, հնչեցրել եմ` հաշվի առնելով այն մտահոգությունները, որ մենք ստացել ենք: Եվ դա շատ բնական գործընթաց է»,- ասել է նա: