Հարցում՝ ըստ Ադիբեկյանի

08/02/2008

«Սոցիոմետր» հետազոտական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը երեկ հայտարարել է, որ իրենց անցկացրած հարցումների մասանակիցների մոտ 45 տոկոսն արդեն կողմնորոշվել է, թե նախագահի 9 թեկնածուներից ում է ընտրելու: Ըստ նրա` կողմնորոշված 45 տոկոս հարցվածների 67 տոկոսն ընդհանուր միջին հանրապետական ցուցանիշով իրենց ձայնը տալու են Սերժ Սարգսյանին, 13 տոկոսը` Արթուր Բաղդասարյանին, 11 տոկոսը` Լեւոն Տեր-Պետրոսյանին, 5 տոկոսը` Վահան Հովհաննիսյանին, 2 տոկոսը` Վազգեն Մանուկյանին, եւ 1 տոկոսը` Արտաշես Գեղամյանին: Մյուս 3 թեկնածուների` Արման Մելիքյանի, Արամ Հարությունյանի եւ Տիգրան Կարապետյանի վարկանիշը 1 տոկոսից ցածր է: Երեւանում կատարված հարցումների արդյունքները փոքր-ինչ տարբերվում են միջին հանրապետականից. կողմնորոշվածների 61 տոկոսը քվեարկելու է Ս. Սարգսյանի, 15 տոկոսը` Լ. Տեր-Պետրոսյանի, 11 տոկոսը` Ա. Բաղդասարյանի, 8 տոկոսը` Վ. Հովհաննիսյանի, 3 տոկոսը` Վ. Մանուկյանի եւ 1 տոկոսը` Ա. Գեղամյանի օգտին: «Սա վերջնական վարկանիշը չէ, այն շատ մոտ է վարկանիշին, որը կձեւավորվի ընտրությունների օրը, սակայն թվերը կարող են փոխվել, կարող են լինել բացահայտող հայտարարություններ, սադրանքներ»,- ասել է Ա. Ադիբեկյանը: Նա նաեւ համոզմունք է հայտնել, որ իր ձեռքի տակ եղած տվյալներով` երկրորդ փուլը գրեթե բացառվում է: