Մոսկվայի «նախընտրական նվերները» Երեւանին

08/02/2008

Ի՞նչ էր բերել Վիկտոր Զուբկովը Հայաստանում նախընտրական քարոզարշավի ավարտին Մոսկվան ամեն կերպ ցուցադրում է իր աջակցությունը Սերժ Սարգսյանին:

Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնեցին Մոսկվայի քաղաքապետարանից, 2008-2009թթ. Մոսկվայում կկառուցվի Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի պատրիարքարանի նստավայրը եւ հայկական եկեղեցի: «Քաղաքային իշխանությունները թույլատրել են Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի Կենտրոնական կրոնական կազմակերպությանը՝ սեփական միջոցների, ինչպես նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կամավոր նվիրատվությունների հաշվին 2008-2009թթ. Մոսկվայում կառուցել բազմաֆունկցիոնալ եկեղեցական համալիր»,-հայտնում են Մոսկվայի քաղաքապետարանից: Համալիրն իր մեջ կընդգրկի մայր տաճարը, մատուռը, լուսավորչական կենտրոնը եւ գրադարանը, կոնֆերանս-դահլիճը, առաջնորդական փոխանորդի նստավայրը, ճաշասենյակը եւ հյուրասենյակը: Համալիրը կկառուցվի Տրիֆոնսկի փողոցում, Օլիմպիյսկի պողոտայի շրջանում, այն կընդգրկի 25,1 հազար քմ տարածք: Համալիրի տակ կկառուցվի նաեւ կայանատեղի 160 մեքենաների համար: Հիշեցնենք, որ նոր եկեղեցու շինարարությունը, ավելի ճիշտ` դրա անվանումը, վաղուց արդեն լրջորեն անհանգստացնում է Ադրբեջանին` Նախիջեւանի նկատմամբ Հայաստանի բացահայտ հավակնությունների պատճառով: Մոսկվայում ի պատասխան դրա՝ ներկայացնում են «պաշտոնական վարկածը». իբր, թեմի անունը ծագում է Դոնի Ռոստովի մոտակայքում գտնվող Նոր Նախիջեւան հայկական ավանի անունից: Իսկ այն հարցին, թե ինչի հետ է կապված ռոստովյան ավանի անվանումը, Մոսկվայում նախընտրում են չպատասխանել: Ինչեւիցե, կասկած չկա, որ «լուժկովականների»` շքեղ եկեղեցական համալիրի շինարարության մասին հայտարարությունը Հայաստանում «ռուսամետ» ուժերին աջակցելու հերթական փորձ է` ի դեմս Սերժ Սարգսյանի: Վերջինս արդեն ավարտել է Արեւմուտքի հետ սիրախաղ անելը եւ հիմա ներկայանում է իբրեւ ռուսամետ քաղաքական գործիչ: Սակայն դժվար թե եկեղեցու շինարարությունը Մոսկվայի գլխավոր հաղթաթուղթն է: «Ռուսաստանի երկաթուղիներ» ԲԲԸ ղեկավար Յակունինից հետո պաշտոնական այցով Հայաստան է ժամանել ՌԴ վարչապետ Վիկտոր Զուբկովը: Այցի ընթացքում հանդիպումներ են նախատեսված Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի, վարչապետ Սերժ Սարգսյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: Հատուկ ընդգծվում է, որ այցի ընթացքում Վ. Զուբկովը կայցելի Ծիծեռնակաբերդ, որտեղ ծաղկեպսակ կդնի ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Կարելի է վստահ լինել, որ, ի տարբերություն Սերգեյ Լավրովի, որը Թբիլիսիում հրաժարվեց ծաղկեպսակ դնել Վրաստանի ամբողջականության համար զոհվածների հուշարձանին, Զուբկովը ցեղասպանության զոհերի հուշարձան այցից չի հրաժարվի:

Վարչապետի հետ Երեւան են ժամանել նաեւ ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կապի նախարար Լեոնիդ Ռեյմանը, արդյունաբերության եւ էներգետիկայի նախարար Անդրեյ Դեմենտեւը, Դաշնային մաքսային ծառայության պետ Անդրեյ Բելյանինը, տնտեսական զարգացման եւ առեւտրի փոխնախարար Կիրիլ Անդրոսովը, փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը, ֆինանսների փոխնախարար Դմիտրի Պանկինը, Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության առաջին տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը, Դաշնային ունեցվածքի կառավարման դաշնային ծառայության տեղակալ Յուրի Մեդվեդեւը: Պատվիրակության անդամների թվում են նաեւ ՌԴ կառավարության ապարատի եւ ԱԳՆ ենթաբաժինների ղեկավարները, պաշտոնական անձինք, նաեւ «հՌրՑպՎՈ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Եվտուշենկոն, «ԸՑՏՎՐպՊՎպՑջՏսՏՑՏ» ընկերության գլխավոր տնօրեն Վադիմ Ժիվովը, «Ռուսաստանի երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինը, «ԸխՀԿհԸ» ընկերության փոխնախագահ Սերգեյ Ուլինը: Բանակցությունների օրակարգը կարելի է հեշտությամբ հասկանալ, եւ դժվար չէ ենթադրել, որ Ադրբեջանը թալանելուն ռուսական ընկերությունների մասնակցության հարցը, այսինքն` ադրբեջանական Զոդ հանքավայրում ոսկու արդյունահանումը, այժմ քննարկվելու է վարչապետի գլխավորած պատվիրակության մակարդակով: Ակնհայտ է, որ ամեն գնով ձգտելով կանխել Հայաստանում «գունավոր հեղափոխությունը» եւ վերահսկողության տակ պահել Հարավային Կովկասում իր վերջին ֆորտպոստը, Ռուսաստանը կարող է լուրջ խնդիրներ ունենալ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, սակայն Մոսկվան, ինչպես երեւում է, վստահ է, որ «սեփական գործողությունների հետեւանք» ու «քաղաքական ռիսկերի գնահատական» արտահայտությունները վերաբերում են ում ասես, բացի իրենից:

«Զերկալո»