Դրա կարիքը չունի

08/02/2008

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանից հետաքրքրվել է, թե ինչպես է նա վերաբերվում մարդկանց` մասնավորապես ուսուցիչների, ոչ իրենց կամքով նախընտրական հանդիպումներին տանելու փաստին, ինչին ի պատասխան՝ Ս. Սարգսյանն ասել է. «Այս երգերին մենք վաղուց ծանոթ ենք, որ սոցիոլոգիական հարցումներին չենք հավատում, մարդկանց ուժով են բերում հանրահավաքի… եթե իրենց կամքով չեն գալիս, բա ո՞ւմ կամքով են գալիս, ուրիշների՞: Կարող եք հանդիպել այդ մարդկանց, տեսնել՝ ոստիկաններից կամ զինվորականներից շղթա կա՞, որ այդ մարդկանց պահում է: Եթե ձեզ նեղություն տաք, եթե հաշվեք, օրինակ` Էրեբունու դպրոցների թիվը եւ բազմապատկեք մանկավարժների թվով, կստանաք մի համեստ թիվ. արդյո՞ք մեզ անհրաժեշտ է, որպեսզի մարդկանց մոտ դժգոհություն առաջացնենք: 13 դպրոց կա, 700 ուսուցիչ. արդյո՞ք այդ 700 ուսուցիչը կարող էր եղանակ ստեղծել 10 հազարի մեջ: Ես ձեզ հավաստիացնում եմ, որ ինձ համար չափազանց թանկ եւ կարեւոր է ապագա նախագահի հեղինակությունը, եւ ես իմ հնարավորությունների սահմաններում ամեն ինչ անելու եմ, որ ապագա նախագահը լինի հեղինակավոր»: Ինչ վերաբերում է Բանակի օրը՝ հունվարի 28-ը նախընտրական միջոցառման վերածելու փաստին, ապա Ս. Սարգսյանը նկատել է. «Ես դրա կարիքը չունեմ՝ զինված ուժերի տոնակատարությունը նախընտրական միջոցառման վերածելու: Ազնիվ խոսք, դրա կարիքը չունեմ, որովհետեւ ես չեմ կասկածում այդ դահլիճում հավաքված մարդկանց կողմնորոշվածության մեջ: Ես այդ մարդկանց հետ աշխատել եմ 13 տարի, գիտեմ իրենց վերաբերմունքը, եւ դրա կարիքը բոլորովին չունեմ»: