Հակաղարաբաղյան էպիզոդներ

08/02/2008 Կարեն ՔՈՉԱՐՅԱՆ

Տասնյոթ տարի առաջ մեր հանրապետության բնակիչները դարձան անկախ պետության քաղաքացիներ: Թեեւ անկախությունը լիովին գնահատելու համար 17 տարին կարճ ժամանակահատված է, սակայն, եթե հաշվի առնենք, որ արդեն մեկ սերունդ ապրում է անկախ երկրում, բավական է, որպեսզի կարողանանք գնահատել անկախությունն ու պետականությունը: Սակայն, ինչպես բազմիցս նշվել է, մենք դեռ չենք սովորել հարգել դիմացինին, եւ, առաջին հերթին` ինքներս մեզ: Բազմիցս նշվել է, որ մեր ժողովուրդը դեռ չի սովորել հարգել իր պետական սիմվոլները` դրոշը, օրհներգը, իշխանությանն ու ընդդիմությանը (թեեւ այս պարագայում, կարծում եմ, վերջիններիս մեղքն էլ շատ է) եւ, վերջապես, Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու փաստը: Իրենց եվրոպացի համարող եւ մեծ-մեծ խոսող հայերը մոռացել են, որ առաջին հերթին իրենք հայ են, ՀՀ քաղաքացի, այլ ոչ թե՝ ապարանցի կամ երեւանցի, գյումրեցի կամ ղարաբաղցի, իշխանամետ կամ ընդդիմություն խաղացող: Բանն արդեն հասել է այնտեղ, որ ընդդիմության տեր-պետրոսյանական թեւը կոչ է անում ՀՀ բոլոր քաղաքացիներին, թե նա, ով չընտրի Տեր-Պետրոսյանին` ազգի դավաճան է: Սա ոչ այլ ինչ է, քան բռնություն քաղաքացիների ընտրական իրավունքի վրա, եւ պետության դեմ ուղղված քայլ: Սա նույնքան բռնություն է, որքան նույն այդ ընդդիմության կողմից քննադատվող ընտրակեղծիքը: Սա տարրական շանտաժ է:

Մի առիթով կլոր սեղանի շուրջ այս հարցերն էինք քննարկում: Եվ քննարկման մասնակիցներից շատերը խնդիրը եւ ստեղծված այս իրավիճակը բացատրում էին այն փաստով, որ հայերը 1500 տարի պետականություն չեն ունեցել, եւ ժամանակ է հարկավոր, որպեսզի նոր իրականությունը դառնա ապրելակերպ: Այդ պահին իմ լավ ընկերներից մեկը (ի դեպ, նա կին է) մի հետաքրքիր միտք ասաց, որը ես չեմ մոռանա իմ ողջ կյանքում: Նա հուշեց, որպեսզի խնդիրը դիտարկենք այլ տեսանկյունից. իսկ միգուցե մենք` հայերս միշտ այսպիսին ենք եղել, դրա համար էլ 1500 տարի պետականություն չե՞նք ունեցել: Այժմ արդեն օր օրի համոզվում եմ, որ այս միտքը բոլորովին անհիմն չէ: Դեռեւս այս նախագահական ընտրարշավի մեկնարկից առաջ վերլուծաբաններից շատերը կանխատեսում էին, որ այս ընտրություններում օգտագործվելու են քաղաքական եւ PR այնպիսի «կեղտոտ» տեխնոլոգիաներ, որը մինչ օրս ՀՀ-ում անցկացված ընտրությունների համեմատ աննախադեպ է լինելու: Ցավոք, այդ մռայլ կանխատեսումները, ինչպես տեսնում ենք, լիովին իրականացվում են թե՛ իշխանական, եւ թե՛ ընդդիմադիր ճամբարների կողմից: Առհասարակ, երկրի նախագահը պետականության սիմվոլ է, եւ բացառություն չեն թե՛ առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը եւ թե՛ Ռ. Քոչարյանը: Եվ չի կարելի այդ սիմվոլները ոտնահարել կամ մրոտել: Սակայն այդ նույն Լ. Տեր-Պետրոսյանն ու Ռ. Քոչարյանը (նաեւ՝ ՀՀ ապագա բոլոր նախագահները) առաջին հերթին իրենք պետք է գիտակցեն, որ իրենք պետք է օրինակ ծառայեն եւ ցույց տան, թե ինչպես է պետք հարգել սեփական պետությունը, այլ ոչ թե «շարքային» քաղաքական գործիչների պես լեզվակռվի մեջ ներքաշվեն ու ներքաշեն:

«Ավազակապետությունը» վերեւից ներքեւ «կազմաքանդելու» նպատակ իր առջեւ դրած ընդդիմությունը կրկին իշխանության գալու խնդիրը լուծելու համար հիմնականում անկյունաքարային երկու թեզեր առաջ քաշեց. 1. գործող իշխանությունը հնարավոր եղավ հիմնովին կառուցել միմիայն 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո: 2. «Ավազակապետության» հիմնական սոցիալական բազան եւ այս «երկրի հիմնական չարիքը» ղարաբաղցիներն են:

Այս երկու չափազանց վտանգավոր գաղափարները բացահայտ կամ քիչ թե շատ քողարկված տեսքով կարմիր թելի պես անցնում են ընդդիմության գրեթե բոլոր հրապարակային ելույթներում, հարցազրույցներում եւ ծրագրային փաստաթղթերում: Բայց եթե «Հոկտեմբերի 27»-ի թեմայի շահարկումն առանձնապես նոր թեմա չէ, ապա հայաստանցիներին ղարաբաղցիներին հակադրելու այսաստիճան բացահայտ դրսեւորումներն ի հայտ եկան վերջին մի քանի ամիսների ընթացքում: Իհարկե, մինչ այդ էլ՝ ընդդիմության այլ ներկայացուցիչներ հաճախակի էին անդրադառնում, այսպես կոչված, «ղարաբաղյան կլան» հասկացողությանը: Սակայն, անգամ նրանք որոշակի զգուշավորություն էին ցուցաբերում` շեշտելով, որ իրարից տարանջատում են «ղարաբաղյան կլանը» եւ առհասարակ ղարաբաղցիներին: Այսօր այդ նույն ընդդիմությունը ջանք ու եռանդ չի խնայում իշխանության գալու իր քարոզարշավը` «Հայաստանը ղարաբաղցիներից ազատագրելու շարժում» ներկայացնելու համար: Պատահական չէ, որ հասարակության մեջ ընդդիմության մի թեւի կողմից անընդհատ «ներարկվում են» «Հայաստանը երկու ղարաբաղցիների կողմից օկուպացված» լինելու մասին գաղափարը, «Երեւանի կենտրոնը ղարաբաղցիներով վերաբնակեցնելու» մասին պնդումները: Իսկ օրերս անձամբ Լ.Տեր-Պետրոսյանը հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ «Սերժ Սարգսյանի նախագահ դառնալու դեպքում Ղարաբաղյան կլանն ավելի է աճելու, ու եթե անցած տասը տարվա ընթացքում նրանք 15 հազար մարդ են տեղափոխել Ղարաբաղից, եւս 15 հազար էլ տեղափոխելու են հաջորդ տասը տարվա ընթացքում»: Բայց եթե Լ. Տեր-Պետրոսյանն իրոք ղարաբաղցիների մեջ այդ աստիճանի վտանգ է տեսնում, ապա առնվազն անտրամաբանական է, որ այսօր իր ամենանվիրյալ թիմակիցներից մեկն, օրինակ, ծնունդով ղարաբաղցի Մանուշակ Պետրոսյանն է, իսկ մյուսն` արմատներով ղարաբաղցի՝ նրա շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանը, եւ էլի շատ ուրիշներ: Հետեւաբար՝ սա ընդամենը նախընտրական քայլ է` ժողովրդին ավելորդ գրգռելու միջոց, որը կարող է շատ վատ հետեւանքներ ունենալ պետության եւ քաղաքացիների կյանքում: Եթե արդեն իսկ վատ հետեւանքներ չի ունեցել: Միեւնույն ժամանակ, եթե ըստ Տեր-Պետրոսյանի՝ ղարաբաղցիները պարզապես դատապարտված են իշխանության կողքին լինել, ապա ինչո՞ւ այսօր Սերժ Սարգսյանի թիմում չեն Լարիսա Ալավերդյանն ու Սամվել Բաբայանը: Այս շարքը, բնականաբար, կարելի է երկար շարունակել…

Ինչեւեէ, հակաղարաբաղյան արշավի «արդյունքում» բանը հասավ նրան, որ իշխանության թեկնածուն այժմ իր գրեթե բոլոր ելույթներում ստիպված է լինում բացատրել, որ «համատարած ղարաբաղիզացիայի» մասին համառորեն կրկնվող հայտարարությունները լիովին անհիմն են, եւ, որ այսօրվա կառավարության կազմում ծնունդով ղարաբաղցի միայն ինքն է` գործող վարչապետը: Այժմ մտածում եմ, որ թերեւս միշտ էլ այսպես է եղել, այդ պատճառով էլ հայերը ոչ թե պետություն են ունեցել, այլ լավագույն դեպքում` ծննդավայր: Էլ չեմ խոսում, որ մենք միշտ հայրենիքից դուրս ենք հիշում, որ հայ ենք, իսկ ներսում մենք ներկայանում ենք՝ որպես այս կամ այն մայլի տղա, այս կամ այն «պադյեզդի» բնակիչ:

Երեւանում ծնված, արմատներով` նոյեմբերյանցի, ՀՀ քաղաքացի

ԿԱՐԵՆ ՔՈՉԱՐՅԱՆ

Հ.Գ.
Ի դեպ, մի հիշեցում թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական թեւի քաղաքական-հասարակական էլիտայի բոլոր ներկայացուցիչներին. թող նրանցից ոչ ոք չմոռանա, որ քաղաքական իրենց կարիերան սկսվել է այդ նույն ղարաբաղյան շարժումից, այդ պատերազմից ու զոհված բազում հայ երիտասարդների արյան գնով ձեռք բերված հաղթանակից: