Այսօր Հայաստանում տեղի են ունենում կրթական մի շարք բարեփոխումներ, որոնք նպատակ ունեն ստեղծել բարձրագույն կրթական համակարգ: Այդ բարեփոխումներից մեկը Բոլոնիայի գործընթացն է, որն ընդունվել է 1999թ., եւ որին մասնակցում են 46 երկրներ, այդ թվում` մեր երկիրը: Հայաստանն այս գործընթացին մասնակցում է 2005 թվականից, սակայն կրթության ոլորտում կրեդիտային համակարգը ներդրվում է 2007-2008 ուստարվանից:
Օրենսդրության համաձայն՝ հայաստանյան բոլոր բուհերը պարտավոր են փոփոխություններ կատարել ներկայիս կրթական համակարգում, ուսումնական պլաններում, ուսուցման եւ գնահատման մեթոդներում եւ վարչական կառավարման համակարգում, որպեսզի այն համապատասխանի Բոլոնիայի հռչակագրին եւ ԵՄ ապագայում ընդունվելիք հայտարարություններին:
Բոլոնիայի գործընթացն ուսանողների համար ստեղծում է ավելի մատչելի պայմաններ, քննությունների թափանցիկություն, բարձր որակի կրթական ծրագրերի մշակում եւ իրականացում: Այս գործընթացն ուսանողներին հնարավորություն է տալիս ուսումը շարունակել իր երկրի ցանկացած բուհում կամ այլ երկրներում: Բոլոնիայի գործընթացի մեջ կան 10-12 շատ կարեւոր կետեր: Դրանցից առանցքային հարցը կրեդիտային համակարգին անցնելն է: ՀՀ կառավարությունը 2005թ. դեկտեմբերի 22-ին որոշում է ընդունել ՀՀ բարձրագույն կրթության համակարգում կրեդիտային համակարգի ներդրման մասին, որն իր մեջ ներառում է 4 կետ: Այդ որոշման համաձայն` կրեդիտը ներառում է մասնակցությունը դասախոսություններին, գործնական եւ լաբորատոր պարապմունքներին, պրակտիկաներին: Այստեղ նշվում է նաեւ, որ ուսանողի տարեկան լրիվ ուսումնական բեռնվածությունը հավասար է 60 ակադեմիական կրեդիտի եւ այլն: Այսօր կրեդիտային համակարգը գործում է Երեւանի պետական համալսարանում, Պետական ճարտարագիտական համալսարանում, Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում, Պետական ագրարային համալսարանում, Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում եւ Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտում: Այն գտնվում է իրականացման տարբեր փուլերում եւ ընթանում է տարբեր ռիթմերով:
Հայաստանի պետական ագրարային համալսարանն առաջինն էր, որ ընդունեց այդ համակարգը եւ մեծ եռանդով ու հետեւողականությամբ է աշխատում այս գործընթացի իրականացման ուղղությամբ: Դեռեւս 1998-99թթ.-ից այս բուհն անցել է բակալավրային կրթական համակարգի եւ ունի որոշ մասնագիտություններ, օրինակ`ագրոբիզնեսի դեպարտամենտ, ագրոբիզնես եւ շուկայաբանություն, որոնք այդ թվականից են անցել կրեդիտային համակարգի: «Կրթական եվրոպական համակարգը ստեղծում է մեկ դաշտ, որին մենք պետք է կարողանանք ինտեգրվել: Կրեդիտային համակարգի անցումը իրենից ներկայացնում է ոչ թե թվաբանություն, այլ ամբողջ կրթական համակարգի փոփոխություն»,- ասում է Պետական ագրարային համալսարանի (ՀՊԱՀ) ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Յուրի Մարմարյանը: Այս համակարգին անցնելու համար անհրաժեշտ է ինչպես ուսանողների, այնպես էլ դասախոսական կազմի մտածելակերպի փոփոխություն: Այն մեզ` հայերիս ձեռնտու է, որովհետեւ ընդհանրապես հայ երիտասարդությունը մեծ ձգտում ունի դեպի եվրոպականը` ոչ միայն այնտեղի կրթական համակարգերին ծանոթանալու համար, այլ՝ որպեսզի կարողանան հետագայում այնտեղ աշխատանք գտնել: Ընդունելով այս համակարգը` մեր դիպլոմները, բնականաբար, եվրոպական բոլոր երկրների կողմից կճանաչվեն: Այս տեսանկյունից կրեդիտային համակարգը ներկայացվում է բավականին բարդ եւ հետաքրքիր: Ըստ պրոռեկտորի` այս համակարգին անցնելու համար անհրաժեշտ են ինչպես կառուցվածքային բարեփոխումներ, այնպես էլ օրենսդրական դաշտի փոփոխություններ, որովհետեւ ուղղակի միավորները գնահատելը ճիշտ չէ: «Առաջինը` մեր մտածելակերպի փոփոխությունն է, որպեսզի կարողանանք ճիշտ հասկանալ կրեդիտային համակարգի էությունը եւ նույնը մատուցենք նաեւ ուսանողությանը»,- ասում է պարոն Մարմարյանը: Մինչեւ 2012թ. Հայաստանի բոլոր բուհերում պետք է ներդրված լինի կրեդիտային համակարգը: ՀՊԱՀ-ը ԱՄՆ-ի հետ, Գյուղդեպարտամենտի աջակցությամբ, մի շատ կարեւոր ծրագիր է մշակել, որի արդյունքում բազմաթիվ սեմինարներ են անցկացվել 240 դասախոսների հետ, որպեսզի նրանք ընկալեն կրեդիտային համակարգին անցնելու եւ դրա հետ փոխկապակցված այլ բազմաթիվ հարցերի ուսումնասիրությունը: Այս համալսարանը կազմել է կրեդիտային համակարգին համապատասխանող անցումային ուսումնական պլաններ, վերանայվել են առարկայական բոլոր ծրագրերը եւ ներկայումս կազմման փուլում են պետական նոր ստանդարտներն` ըստ առանձին մասնագիտությունների: Սեմինարներն այժմ անցկացվում են ըստ ամբիոնների: Ըստ Յու. Մարմարյանի` կարեւոր է, որպեսզի ուսանողությունն ինքը ծանոթ լինի կրեդիտային համակարգին, նրա բուն էությանը: Այս տարվանից 1-3-րդ կուրսերում գնահատման չափանիշներն էլ են փոխվել, անցել են 20 բալային համակարգի, որն օգնում է վճարովի համակարգում սովորող ուսանողներին՝ բարձր առաջադիմության դեպքում անցնել անվճար համակարգի: Այն հնարավորություն է տալիս ճիշտ գնահատել ուսանողներին եւ համակարգում ընդգրկել այն ուսանողներին, ովքեր արժանի են: Բուհի պրոռեկտորը մի հետաքրքիր դիտարկում արեց` նշելով, որ եթե 2005-2006թթ. 1-ին կուրսում ուսանողների 50 տոկոսն էր պահպանել իր անվճար տեղերը, իսկ 50 տոկոսը վճարովիից տեղափոխվել էր անվճար համակարգ, ապա արդեն 2-3-րդ կուրսերում ընդամենը 20 տոկոսն է տեղափոխվել անվճար տեղեր, այսինքն` ուսանողների միջեւ լուրջ մրցակցություն է ստեղծվել: «Այս համակարգը լավ է սովորողների համար, քանի որ ուսումնառության ընթացում կարող ես վճարովի համակարգից տեղափոխվել անվճարի, այլ ոչ թե, եթե ընդունվում են անվճար եւ սովորում են երեքներով, միշտ էլ մնում են անվճար համակարգում»,- ասում է Ագրարային համալսարանի 1-ին կուրսի ուսանողուհի Մարգարիտա Վարդանյանը: Կրեդիտային համակարգի ընդունումն ազդել է նաեւ քննությունների անցկացման կարգի վրա: Ընթացիկ քննություններն անցկացվում են միայն գրավոր, ռեկտորատի հսկողության տակ, որպեսզի գիտելիքների գնահատման հարցում բացառվի սուբյեկտիվությունը: Ուսանողների 30 եւ ավելի բացակայությունը նույնպես ազդում է իրենց կրեդիտի վրա: «Եվ կարգապահական, եւ առարկայական ծրագրերի, եւ ուսումնական պլանների բոլոր փոփոխությունները պայմանավորված են կրեդիտային համակարգին անցնելու ամբողջական համալիրով, որպեսզի կարողանանք շատ մեղմ կերպով անցնել կրեդիտային համակարգին»,- ասում է պրոռեկտոր Մարմարյանը: Համալսարանը կրեդիտային համակարգին անցնելու վերաբերյալ հարցումներ է անցկացրել եւ դասախոսների, եւ ուսանողների շրջանում, որից պարզ է դարձել, որ բուհը եւ՛ հոգեբանական, եւ՛ աշխատանքային տեսանկյունից պատրաստ է անցնելու եւ անցնում է այդ փուլը: Ինչպես նշեց պարոն Մարմարյանը, դա 1-2 տարվա գործ չէ, միեւնույն ժամանակ՝ փորձում են այնպես անել, որ չկորցնեն լավ կրթական ավանդույթները` դա համադրելով եվրոպական կրթական պահանջների հետ: Համալսարանը կարեւորում է նաեւ այն, որ չի կարելի ամբողջովին ոչնչացնել նախկին համակարգը եւ միանգամից անցում կատարել նոր համակարգի: Այդ իսկ պատճառով գիտական խորհրդում, ռեկտորատում, ֆակուլտետների դեկանատներում քննարկվում է այդ հարցը, որպեսզի անցումը կատարվի մեղմ, սահուն ձեւով: Ագրարային համալսարանն այս հարցը քննարկում է նաեւ գործատուների հետ, քանի որ կարեւորում է անցման շրջանում թողարկվող շրջանավարտների որակի մեջ կորուստ չունենալը: Եվրոպական կրթական համակարգը պահանջում է, որ մասնագետները ոչ միայն տեսական գիտելիքներով զինված լինեն, այլեւ ունենան գործնական փորձ, հմտություններ: Կրեդիտային համակարգին անցնելու կարեւոր բաղադրիչներից մեկն ուսումնական եւ արտադրական պրակտիկան է, որն անցկացվում է տարբեր երկրներում: Այս տարի համալսարանը շահել է «Հերասմուս-մունդուս» շրջանակներում դրամաշնորհը, եւ արդեն երկու ուսանող 10 ամսով մեկնել են Հունաստան: Մեկն էլ փետրվարի 7-ին կմեկնի Հոլանդիա: Դասախոսներն էլ մեկնում են Հունաստան, Պորտուգալիա եւ Հոլանդիա: Այս տարի այս համակարգի շրջանակներում առաջին անգամ իրենց ուսումը շարունակելու համար Հոլանդիայից փետրվարի 2-ին Ագրարային համալսարան կգան մեկ մագիստրանտ եւ մեկ բակալավր ուսանողներ, ովքեր այստեղ կմնան մինչեւ օգոստոսի վերջ: Հայաստանից մեկնող ուսանողները պարտադիր պետք է ունենան օտար լեզվի բավարար կամ լավ իմացություն, գերազանց կամ միջին առաջադիմություն: Երկու կողմերի ուսանողների ապրելու եւ սովորելու խնդիրները լուծվում են նախօրոք` ուղարկող համալսարանների կողմից:
Ի տարբերություն Ագրարային համալսարանի, որտեղ կրեդիտային համակարգն արդեն հունի մեջ է մտել, Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանն աշխատում է ծայրահեղ լարված իրավիճակում: Այս համալսարանում համակարգը ուժի մեջ է մտել 2007թ. սեպտեմբերից եւ դեռ ընթացքի մեջ է: «Այս համակարգը դեռ ԽՍՀՄ-ում էլ կար, բայց այսօր այս նոր կրթական համակարգին անցնելու պատճառով այդ բոլոր բաղադրիչները ձեւակերպվում են նոր անուններով, նոր հնչեղություն են ստանում, մեզ թվում է, թե դա նոր բան է, մենք չէինք անում այդպիսի բաներ, ընդհակառակը, լինելով այն ժամանակվա դասախոսներ, սովորած լինելով այդ ժամանակաշրջանում, տեսնում ենք, որ այդ խնդիրներն այն ժամանակ էլ էին առաջնային, հիմա էլ: Պարզապես մենք պետք է պատրաստենք միջազգային ստանդարտներին համապատասխան կադրեր»,- ասում է Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի կրթական բարեփոխումների վարչության պետ-պրոռեկտոր Արեստակ Սարուխանյանը: Այստեղ դասախոսները դժգոհ են, որովհետեւ հսկայական նյութեր ենք պահանջում նրանցից, դասախոսն ինքն էլ պետք է դրան պատրաստ լինի, պետք է ապահովի տվյալ առարկայի տվյալ մոդուլը: Կրեդիտային համակարգն իր հետ բերում է հսկայական փաստաթղթերի, նորմատիվների մշակում, աշխատանքներ է պահանջում դասախոսներից առարկաների ծրագրերի, դասախոսությունների կազմման ուղղությամբ: «Ամեն ինֆորմացիա պետք է ունենանք ինտերնետում դրված, որ ուսանողը տվյալ դասընթացի վերաբերյալ ամբողջական նյութ ունենա, եթե անգամ դասի չգա: Այսօր մենք ավելի շատ զբաղված ենք ուսանողներին դասերի բերելով, քան նրանց գիտելիքները վերահսկելով: Ամեն ինչ պետք է ինտերնետում դրված լինի, որ ուսանողը տանը նստած` ամբողջ նյութերն ունենա եւ գա վերջում հանձնի: Դա է ամբողջ գաղափարը»,- ասում է պրն Սարուխանյանը:
Մեր զրուցակից երկու պրոռեկտորներն էլ այն մտքին են, որ ՀՀ-ում բարձրագույն կրթությունը կբարելավվի միմիայն միջնակարգ կրթության բարելավումից հետո: «Վերաբերմունքի փոփոխությունը կրթության նկատմամբ մեր ցավոտ խնդիրներից մեկն է. դա միջնակարգ կրթությանն է վերաբերում: Եթե մենք ուզում ենք մեր բարձրագույն կրթության մակարդակը բարձրացնել, ապա դա անհնար է իրականացնել առանց միջնակարգ կրթության բարելավման: Այդ իսկ պատճառով, եթե ասում ենք՝ հումքը գալիս է վատը, այդ վատի վրա շատ լավը կառուցել դժվար է, այդ իսկ պատճառով միջնակարգ կրթությունը պետք է արմատապես փոխվի: Դրա համար պետք է, որ հասարակության մոտեցումը փոխվի կրթության նկատամբ»,- ասում է Յուրի Մարմարյանը:
«Մեզ մոտ դպրոցից եկող աշակերտն ունի բոլորովին ուրիշ պատրաստվածություն, եւ, որպեսզի մեր համալսարանները կարողանան նրանց մակարդակի համապատասխան մասնագետներ տալ, բնականաբար, պետք է փոխենք ծրագրերը, պլանները, առարկայական չափորոշիչները, որպեսզի ավարտելուց հետո ուսանողների մակարդակը համարժեք դառնա արտասահմանյան ուսանողների մակարդակին»,- ասում է Արեստակ Սարուխանյանը: Նրա համոզմամբ` մեր ազգային բնավորության կողմերից մեկն էլ այն է, որ ծնողը համարում է, որ իր երեխան անպայման պետք է բարձրագույն կրթություն ստանա, ու այդպիսով մտածում է, որ իր ծնողական պարտքը ավարտված է: Նա չի հասկանում, որ եթե իր երեխան գնաց Պոլիտեխնիկական ինստիտուտ, Շինարարության պետական համալսարան կամ Պետական համալսարան, ավարտեց բակալավրիատուրան, ապա նա դեռեւս այդ մակարդակի ինժեներ չէ, ինչ որ նախկինում նրանք պատկերացնում են: Որքան էլ բացատրես, նա չի հասկանա. «Կասի՝ ո՞նց, էրեխես համալսարանն ավարտել է, էդ ո՞նց չի բարձրագույն»: «Մեզ ուղեցույցներ են բաժանել, որով մենք առաջնորդվում ենք: Մի քիչ բարդ է սովորելը, բայց սովորողի համար դժվարությունները հեշտ են անցնում: Լավ է նաեւ այն, որ մենք հնարավորություն ունենք ընտրելու մեր դասախոսներին: Օրինակ, նախորդ կիսամյակ ես փոխեցի ֆրանսերենի իմ դասախոսին: Դրա համար ես դիմում գրեցի դեկանատում եւ առանց որեւէ բարդության տեղափոխվեցի իմ ուզած խումբ»,- ասում է Ճարտարագիտական համալսարանի քիմիական տեխնոլոգիա եւ բնական ճարտարագիտություն ֆակուլտետի
1-ին կուրսի ուսանողուհի Վիկտորյա Հակոբյանը: «1-2 տարվա մեջ դա մարդու մեջ չի մտնում, տարիներ են պետք, ժամանակ է պետք, սերունդներ են պետք, որ էդ ոգով կարողանանք մենք դաստիարակվել»,- բացատրում է Ա. Սարուխանյանը: Կատարվում են միասնական կրթական ծրագրերի իրագործումներ մասնավորապես Ֆրանսիայի բարձրագույն ճարտարապետական դպրոցի հետ կնքված պայմանագրի համաձայն՝ այս համալսարանում փորձի փոխանակում է տեղի ունենում: Այս դպրոցի պլանները «Տեմպուս» ծրագրով հարմարեցվում են իրենց ծրագրերի հետ, որոնք այս բուհի ծրագրերի վերահսկողներն են: «Այս եւ նախորդ համակարգի միջեւ ոչ մի տարբերություն չկա, պարզապես կրեդիտային համակարգում սովորողներն ունեն որոշակի առավելություններ, շատ առաջադեմ համակարգ է, բայց ուսանողը դեռ չի հասկանում: Առավելությունն այն է,- ասում է պարոն Սարուխանյանը,- որ կտարբերվի լավ դասախոսը եւ վատ դասավանդող դասախոսը: Ուսանողն իրավունք ունի ազատ ընտրություն կատարելու, թե որ դասախոսի մոտ է ուզում շարունակել իր կրթական մոդուլը»: Ճարտարագիտական համալսարանը ստեղծել է տեղեկագիր, որ այս համակարգում ընդունվող ուսանողն իր համար պատկերացում ունենա իր մասնագիտության վերաբերյալ,1-4-րդ կուրսերում ինչ առարկաներ պետք է անցնի, ինչ մասնագետ պետք է դառնա: Այն ամբողջական ինֆորմացիա է տալիս իր ապագա մասնագիտության մասին: