10.000 այցելու՝ մի քանի օրում

08/02/2008

«Ըստ էության, ես հիմա պետք է նախագահական ընտրություններից խոսեմ: Բայց Հայաստանում այլ իրադարձություններ էլ են տեղի ունենում, եւ մարդկանց զրկել ուրիշ լուրերից՝ ճիշտ չէ»,- երեկ հրավիրված ասուլիսում ասաց Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը: Կիեւում՝ Ուկրաինայի Գեղարվեստի ազգային թանգարանում հունվարի 30-ին բացվել է Ս. Փարաջանովի աշխատանքների իր մեծությամբ թվով երկրորդ ցուցահանդեսը: Այս ցուցահանդեսը կարեւորվում է նրանով, որ Փարաջանովը Կիեւում է անցկացրել իր կյանքի մեծ մասը, եւ հիմա էլ ընտանիքն է այնտեղ բնակվում: Ըստ Զ. Սարգսյանի՝ Փարաջանովը Կիեւում է ռեժիսոր դարձել, այնտեղ են եղել նաեւ նրա կյանքի ամենածանր օրերն ու պատմությունները: Կիեւում շատ-շատերն իրենց տանն ունեն Փարաջանովի նկարներից, կոլաժներից կամ նամակներից, որոնք, ի վերջո, ի մի են բերվել: Տնօրենի խոսքով, այդ բոլոր գործերը միանգամից գնել հնարավոր չէ, քանի որ ֆինանսական աջակցություն է պետք, իսկ շատերն էլ չեն վաճառվում: Սա թանգարանի 55-րդ ցուցահանդեսն էր, որը կազմակերպվեց շնորհիվ Ուկրաինայում գործող «Գաբրի» պրոդյուսերական կենտրոնի տնօրեն Արմինե Գաբրիելյանի: Բացմանը ներկա են եղել «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմի դերասանուհի Լարիսա Կադեշնիկովան, Ռոման Բալայանը եւ այլք, ովքեր հետաքրքիր մանրամասներ են պատմել մեծ ռեժիսորի կյանքից: Ցուցահանդեսին ներկայացված էին Փարաջանովի մասին գրված գրեթե բոլոր գրքերը, նրա նամակները՝ Յու.Նիկուլինին, Տարկովսկուն, Գայանե Խաչատրյանին: Շուտով լույս կտեսնի «Փարաջանովի ալբոմ» գիրքը: Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի աջակցությամբ լույս տեսնող այս գիրքը Փարաջանովի գործերի առաջին մեծ ալբոմն է, որտեղ ներկայացված կլինեն ավելի քան 150 աշխատանքներ: ՀՀ մշակույթի օրերը Իտալիայում միջոցառման շրջանակներում Սերգեյ Փարաջանովի աշխատանքները ներկայացվել են նաեւ Վենետիկում եւ Հռոմում: Իտալիայում ցուցահանդեսը մի քանի օրում ունեցել է ավելի քան 10.000 այցելու, այն դեպքում, երբ Հայաստանում թանգարանն այդքան այցելու ունենում է մեկ տարվա ընթացքում: Փարաջանովի աշխատանքներից կան նաեւ Իտալիայում՝ Տոնինո Գուերայի տանը: Ինչպես հավաստեց Զ.Սարգսյանը, Տ. Գուերայի նախաձեռնությամբ մարտին Իտալիայում կբացվի «Փարաջանովի աշխարհը» անվանումով լուսանկարների մեծ ցուցահանդես: Ի դեպ, Ս. Փարաջանովի ամենասիրելի ռեժիսորը եղել է Արտավազդ Փելեշյանը: