Հանո՞ւն, թե՞ ընդդեմ երեխաների

08/02/2008 Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ

Ճոխ եւ ուրախ հարսանիքներին, ցավոք, երբեմն հաջորդում են դրամատիկ ամուսնալուծությունները: Ովքե՞ր են ավելի շատ տուժում ընտանիքի քայքայումից. նախկին ամուսիննե՞րը, թե՞ երեխաները: Որոշ դեպքերում երեխաները նույնիսկ շահում են, որովհետեւ անհաշտ ընտանիքում մեծանալն իսկական դժբախտություն է: Պատահում է, որ անվերջ վեճերի մթնոլորտում իր մանկությունից բան չհասկացած երեխան, չափահաս դառնալով, մեղադրում է ծնողներին, որ ժամանակին չեն հեռացել միմյանցից ու, իբր, հանուն երեխայի ընտանիքը պահպանելով, փաստորեն թունավորել են նույն այդ երեխայի կյանքն ու հոգին:

Եթե, այնուամենայնիվ, բանը հասնում է ամուսնալուծությանը, յուրաքանչյուր ամուսնական զույգ դա անում է իր մտավոր ու հոգեւոր մակարդակին համապատասխան: Երբեմն, եւ սա ամենացանկալի տարբերակն է, նախկին ամուսինները բոլոր հարցերում, այդ թվում՝ ունեցվածքի բաժանման եւ երեխաների նյութական ապահովման վերաբերյալ, խաղաղ համաձայնության են գալիս, մնում եթե ոչ՝ որպես բարեկամ, այլ գոնե՝ որպես հին ծանոթներ, եւ չի խոչընդոտվում երեխաների շփումն ընտանիքից հեռացած ծնողի հետ:

Բայց պատահում է, որ բուն ամուսնալուծությունը եւ նախկին ամուսինների հետագա պարտքուպահանջային շփումները կատարվում են բուռն թշնամանքի պայմաններում: Նման դեպքերում երեխաները կարող են դառնալ շանտաժի, միմյանց ցավ պատճառելու, միմյանցից վրեժ լուծելու միջոց, առարկա: Սեփական ամբիցիաներին, կեղծ սկզբունքներին գերի դառնալով՝ կողմերը, իրենք էլ երբեմն չգիտակցելով, երեխաներին դարձնում են թիրախ: Իբր թե միմյանց խփելով՝ խփում են իրենց զավակներին, նրանց մանկական հոգում սերմանում իրե՛նց ատելությունը, չարդարացված թշնամանքը: Ի՞նչ փույթ, թե երեխային ատելության ոգով դաստիարակելով, խեղում են նրա հոգին, վտանգում առողջ ընտանիք կազմելու նրա հնարավորությունը: Եսասիրական մղումները հաղթում են ողջամտությանը: Կողմերից մեկը սեփական թշնամանքը նախկին ամուսնու նկատմամբ թափում է երեխայի հոգու մեջ, նրան արգելում հանդիպել, շփվել ընտանիքում չապրող ծնողի հետ՝ միաժամանակ նրա մտապատկերում ստեղծելով հրեշավոր մարդու մի սուբյեկտիվ կերպար, որը, երեխային անսահման ցավ պատճառելով հանդերձ, նրան տրամադրում է հարազատ ծնողի դեմ, աննկատ, բայց խորապես ազդում երեխայի մտածելակերպի, խառնվածքի, հոգեբանության վրա:

Այսպիսով, մարդկային կյանք է խեղվում ամենահարազատի՝ ծնողի ձեռքով: Ու ցավն այն է, որ վերջինս հաճախ բոլորովին չի գիտակցում դա, հակառակը, հոգեկան բավարարություն է ստանում երեխայի մեջ ատելության կուտակումը տեսնելով: Մինչդեռ ապացուցված է, որ մինչեւ անգամ շատ ծանր հիվանդություններ մեր մարմնում բուն են դնում հենց չարության, ատելության կուտակումների հետեւանքով: Իսկ ո՞ր եսասեր ծնողն է հետագայում իր պատասխանատվությունն ու մեղքը տեսնում երեխայի չստացված կյանքի, ձեռքբերովի հիվանդությունների, լիարժեք ընտանիք կազմելու անկարողության համար: Եվ արդյո՞ք նրա ուշացած զղջումը, եթե այդպիսի բան ի վերջո լինի, կթեթեւացնի խորտակված կյանքի փաստի առաջ հայտնված զավակի վիճակը:

Նյութական պահանջներ

Ընտանիքից հեռացած ծնողը, ուր էլ լինի, չպետք է մոռանա երեխաներին մեծացնելու հարցում պատասխանատվության իր բաժնի մասին: Լավագույն դեպքում, առանց դատական մարմինների միջամտության, նա իր հնարավորության սահմաններում միշտ էլ նյութական միջոցներ կհատկացնի երեխաներին, կիմանա նրանց հոգսերն ու կարիքները: Սակայն խաղաղ համաձայնության սկզբունքն այս ոլորտում եւս միշտ չէ, որ տեղ է ունենում: Նախկին ամուսնու առաջ նյութական պահանջներ դրվում են հաճախ ակնհայտ չարախնդությամբ, նրան վնասելու, գոնե՝ անընդհատ նեղություն տալու գերիշխող ցանկությամբ: Ալիմենտի ստացումը երբեմն վերածում են ինքնատիպ վրեժխնդրության, երեխայի նյութական ապահովության հարցը վերածում վրեժ լուծելու ռազմավարության: Կան դեպքեր, երբ երեխաներին մեծացնող կողմը, արգելելով հանդերձ մյուս կողմի բոլոր շփումներն ու հանդիպումները երեխաների հետ, վերջիններիս ատելություն եւ թշնամանք ներարկելով, միաժամանակ դատական ատյաններն ընկած պահանջում է առավելագույն չափի ալիմենտ՝ մյուս ծնողին վերածելով փողի այս կամ այն տարողության քսակի միայն: Մինչդեռ երեխաների շահերից ոչ միայն նյութական բավարարությունն է բխում, այլեւ ծնողների նկատմամբ հարգանքն ու սերը պահելու, մարդկային դեմքը չկորցնելու բնական անհրաժեշտությունը:

Դատարաններում բազում ու բազմատեսակ գործեր են քննվում՝ ալիմենտի պահանջի վերաբերյալ: Միշտ չէ, որ միատեսակ լուծում է տրվում դրանց, չնայած հիմնականում օրենքի ճիշտ կիրառություն է պահանջվում միայն, իսկ դատարանները, սխալվելով հանդերձ, ավելի են երկարաձգում գործի քննությունը, հետեւաբար՝ ավելի խորացնում նախկին ամուսինների փոխադարձ թշնամանքն ու ատելությունը: Եվ, ուշադրություն դարձնենք, այս ամենը եւս արվում է, իբր թե՝ երեխաների շահերից ելնելով միմիայն:

Տասնչորս տարի անց

Քնարիկն ու Արտեմն ամուսնացան 1992-ին: Նույն տարեվերջին ծնվեց նրանց առաջին դուստրը,1994-ին՝ երկրորդը, իսկ 1996-ին՝ երրորդ երեխան՝ որդին: Կարծես՝ հրաշալի իրավիճակ էր, եւ՛ տղա ունեին, եւ՛ ընդհանուր առմամբ՝ երեք անուշիկ բալիկ: Սակայն միշտ չէ, որ նման իրավիճակը ընտանեկան երջանկության գրավական է դառնում: Առաջանում են բազում այլ խնդիրներ, փոխադարձ անհաշտության այլազան պատճառներ:

Ամուսնությունից՝ տասնչորս տարի, սպասված որդու ծնունդից՝ տասը տարի անց ամուսինների անհամատեղելիությունը հասավ գերագույն աստիճանին: 2006 թվականի հոկտեմբերին նրանք ամուսնալուծվեցին: Միգուցե պատճառներից մեկն այն էր, որ Արտեմն աշխատում էր Ռուսաստանում: Բայց հազարավոր արտեմներ ներկայումս արտերկրում են, ու դա ինքնին նրանց ընտանիքների քայքայման պատճառ չի դառնում: Իսկ կոնկրետ այս ընտանիքը չդիմացավ ժամանակի, ինչպես նաեւ՝ տարածության փորձությանը, եւ արդյունքը եղավ ամուսնալուծությունը:

Ամուսնալուծության հետեւանքն էլ եղավ այն, որ Քնարիկը դիմեց դատարան՝ նախկին ամուսնուց ալիմենտ գանձելու հայցապահանջով: Ընդ որում, նա ալիմենտ էր պահանջում նաեւ մինչամուսնալուծական մի շրջանի համար, երբ, երեւի, ամուսինը բացակայել էր հանրապետությունից: Այսպիսով, 2006-ի հոկտեմբերին պաշտոնապես ամուսնալուծված Քնարիկը պահանջում էր, որ Արտեմն ալիմենտ վճարի 2003 թվականի դեկտեմբերի 25-ից սկսած ու ընդհուպ՝ մինչեւ երեխաների չափահաս դառնալը: Ալիմենտի չափն էլ էր Քնարիկը որոշել. յուրաքանչյուր երեխայի համար նա պահանջում էր 20 հազար դրամ:

Անօրինական վճիռներ

Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի՝ 2007 թվականի հունվարի 11-ին կայացրած վճռով Քնարիկի հայցն ամբողջությամբ բավարարվեց: Գործը ավարտին հասավ միայն երկու ամիս առաջ` 2007թ. դեկտեմբերի վերջին:

Վճիռը բողոքարկվեց Արտեմի կողմից: Հունվարի 17-ին արդեն տեղեկանք ստացվեց այն ռուսաստանյան ձեռնարկությունից, որտեղ աշխատում էր Արտեմը: Համաձայն այդ տեղեկանքի՝ նա ամսական ստանում է 3500 ռուբլի, որը 2007 թվականի ապրիլի դրությամբ կազմում էր 49 հազար 560 դրամ: Այս տեղեկանքի առկայության պայմաններում արդեն ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանը 2007-ի հունիսի 21-ին վճիռ կայացրեց, համաձայն որի՝ սահմանվում էր կայուն դրամական գումարով ալիմենտ, յուրաքանչյուր երեխայի համար նույն՝ 20 հազար դրամի չափով: Այսինքն, ամբողջ ալիմենտը կազմելու էր 60 հազար դրամ: Ի տարբերություն առաջին ատյանի դատարանի՝ վերաքննիչ ատյանը վճռեց, որ ալիմենտը պետք է բռնագանձվի ոչ թե 2003 թվականից, երբ Արտեմն ու Քնարիկը դեռ օրինական ամուսիններ էին, այլ նրանց պաշտոնական ամուսնալուծությունից հետո, ավելին, այն օրից, երբ ալիմենտի պահանջի հարցով Քնարիկը դիմել էր դատարան:

Արտեմը վճռաբեկության կարգով բողոքարկեց նաեւ այս վճիռը: Նրա փոխարեն չպատասխանենք այն հարցին, թե ո՞րն էր բողոքի շարժառիթը. իրո՞ք, դատարանի սխալ որոշումն ու իր ոտնահարված իրավունքը, թե՞ ամեն դեպքում Քնարիկի պահանջը չկատարելու «սկզբունքային» դիրքորոշումը: Այնուամենայնիվ, վճռաբեկ բողոքը հիմնավոր էր եւ ընդունվեց վճռաբեկ դատարանի վարույթ: ՀՀ Ընտանեկան օրենսգրքի 69 հոդվածի 1-ին մասի «գ» կետի համաձայն՝ դատական կարգով ալիմենտի բռնագանձումը՝ ամենամսյա վճարումներ կատարելու միջոցով, երեք եւ ավելի երեխաների համար կազմում է ծնողների վաստակի եւ այլ եկամտի կեսը: Հետեւաբար, օրենքի պարզ պահանջն այն է, որ դատարանը, ալիմենտի վերաբերյալ գործ քննելիս ու բռնագանձման ենթակա ալիմենտի չափը որոշելիս, ոչ թե կամայական գումար սահմանի, այլ՝ գնահատման առարկա դարձնի ու պարզի ծնողների վաստակի եւ այլ եկամտի առկայությունն ու չափը:

Տվյալ քաղաքացիական գործում առկա է տեղեկանք պատասխանողի աշխատավայրից, ըստ որի՝ նա ամսական ստանում է մոտ 50 հազար դրամին համարժեք ռուբլի: Մինչդեռ քաղաքացիական վերաքննիչ դատարանը, երեք երեխայի համար ալիմենտի չափ որոշելով 60 հազար դրամ, չի նշել, թե դատարանի համար ո՞րն է եղել ալիմենտի հիշյալ չափի հաստատման հաշվարկային հիմքը:

ՀՀ Ընտանեկան օրենսգրքի 69 հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ալիմենտի՝ վերը հիշատակված չափը, այն է՝ երեք երեխայի համար ծնողների վաստակի եւ այլ եկամտի կեսը, կարող է դատարանով նվազեցվել կամ ավելացվել՝ հաշվի առնելով կողմերի գույքային ու ընտանեկան դրությունը եւ ուշադրության արժանի շահերը: Այսպիսով, օրենքով ապահովվում է ծնողների կողմից երեխաներին պահելու պարտականության բաշխման հավասարակշռվածությունը՝ սահմանելով երեխաների խնամքի համար նյութական միջոցների տրամադրման համամասնություն՝ ելնելով ծնողների գույքային ու ընտանեկան դրությունից: Մինչդեռ քաղաքացիական վերաքննիչ դատարանը, անտեսելով օրենքի պահանջը, սահմանել էր պատասխանողի աշխատավարձը գերազանցող ալիմենտի չափ՝ առանց նրա այլ եկամտի առկայության հանգամանքը հաստատելու կամ չափը որոշելու: Այսինքն, վերաքննիչ դատարանի կողմից չէր կատարվել գործում եղած ապացույցների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտություն, ինչի արդյունքում խախտվել էր նաեւ ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53 հոդվածի 1-ին մասը:

ՀՀ Սահմանադրության 34 հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուրն ունի իր եւ իր ընտանիքի համար բավարար կենսամակարդակի իրավունք: Մինչդեռ եթե դատարանը վճռում է որպես ալիմենտ բռնագանձել մարդու աշխատավարձի չափը գերազանցող գումար, խախտում է նաեւ տվյալ մարդու սահմանադրական իրավունքը:

Հենց այս հիմքերով էլ վճռաբեկ դատարանը բեկանեց քաղաքացիական վերաքննիչ դատարանի վերոհիշյալ վճիռը՝ այս քաղաքացիական գործով:

Օրենքով նախատեսվածն ու խղճի թելադրածը

Ճիշտ է, պատասխանողի վաստակի կեսը՝ մոտ 25 հազար դրամը, որն օրենքով պետք է բռնագանձվի նրանից՝ որպես երեք երեխայի խնամքն ապահովող ալիմենտ, բոլորովին բավարար չէ անգամ մեկ երեխայի լիակատար խնամքի համար, բայց, մի կողմից, տվյալ վաստակի պարագայում դա է օրենքով նախատեսված չափը, մյուս կողմից՝ դա մե՛կ ծնողի կողմից ներդնելիք գումարն է: Ուրիշ հարց է, որ խաղաղ համաձայնության, առանց թշնամանքի ու ատելության բաժանվելու դեպքում, շատ հնարավոր էր, որ նախկին ամուսինը ոչ թե դատարանից դատարան պայքարեր իր երեխաներին հատկացնելիք գումարի չափը պակասեցնելու համար, այլ գործեր խղճի մտոք եւ, իրոք, երեխաներին մեծացնելու համար բավարար գումարներ հատկացներ թեկուզեւ արդեն նախկին ընտանիքին: Պատերազմում անգամ, ոչ թե խելքով, ողջամտությամբ, իմաստնությամբ, այլ՝ լոկ կույր թշնամանքով ղեկավարվելու դեպքում, ավելի հավանական է պարտությունը: Իսկ ներընտանեկան կյանքում՝ առավել եւս. առանց շրջահայացության, առանց դիմացինին հարգելու դժվարին, բայց անհրաժեշտ պայմանի, առանց խելացի զիջողականության, քիչ հավանական է ցանկալի արդյունքին հասնելը:

Հարազատ ծնողն ամեն դեպքում մնում է երեխային ամենահարազատը եւ չի կարող լիովին անտեսել սեփական երեխաների շահերը: Միայն թե՝ նրան չսեղմեն պատին ու չդնեն արժանապատվությունը վիրավորող իրավիճակում, չպարտադրեն ու չնվաստացնեն, այլ լեզու գտնելու եւ միաժամանակ օրենքներն էլ չանտեսելու ուժ ունենան՝ հենց ի սեր ու հանուն երեխաների: